Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքում լարում չկա․ ենթադրաբար, Սյունիքի առնչությամբ արդեն կոնկրետ պայմանավորվածություն կա»․ փորձագետ

Հուլիս 28,2021 18:02

«Այն, որ այսօր Ադրբեջանը գնում է կոնկրետ փաստաթղթի ստորագրման եւ հատկապես կոնկրետ կետերի վերաբերյալ հայկական կողմի վրա ճնշում գործադրելով ավելի բարենպաստ դիրքեր ստանալուն, դա փաստ է։ Վերին Շորժայի պայմանական փոքր մարտերը, լարված իրավիճակը դրա վկայությունն են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հանդեպ ռազմական ոտնձգությունների փաստին։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարել էր, որ «հակառակորդը Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ» նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

Գառնիկ Դավթյանի խոսքով՝ եթե մինչեւ այս Սյունիքում ունեինք լարված իրավիճակ, ապա հիմա տարօրինակ ձեւով նշյալ հատվածքում հարաբերական անդորր է։

«Հարց է առաջանում՝ Սյունիքում ինչո՞ւ չունենք լարում, փոխարենը՝ ունենք Վերին Շորժայում։ Կարող ե ենթադրել, որ Սյունիքի առնչությամբ արդեն կոնկրետ պայմանավորվածություն կա՝ տարածքների, սահմանազատման վերաբերյալ, նկատի ունեմ՝ ինչ-որ եռակողմ համաձայնություն։ Իսկ Վերին Շորժայի վերաբերյալ երեւի ինչ-որ բան այն չի ընթացել, կամ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը փորձել է ավելի բարենպաստ դիրքեր ստանալ՝ նախքան Մոսկվայում սպասվող բանակցությունների ընթացքը։ Հետեւաբար, այս ամենն իրար հետ այսպես է փոխկապակցվում»,-կարծիք հայտնեց Դավթյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության այսօրվա հայտարարությանն այն մասին, թե «Հայաստանին կոչ ենք անում ընդունել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները, վերջ դնել ռազմական սադրանքներին և բանակցություններ սկսել պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ», մեր զրուցակիցը նշեց․ «Բաքվի ԱԳՆ-ն, ինչպես միշտ, ցինիկ պահվածքով է աչքի ընկնում։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ իրենք Սյունիքում 3,5 կմ ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, երբ վերին Շորժայում եւս ունենք ՀՀ սուվերենության խախտում։ Լարում կա նաեւ Երասխի հատվածում։ Տարածքային ամբողջականությունից խոսելիս Ադրբեջանը երեւի թե շփոթում է իր եւ ՀՀ-ի միջեւ տարածքային քարտեզագրությունը։ Բնականաբար, Ադրբեջանը փորձելու է սադրանքները բարդել ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինիս ներկայացնի որպես ապակառուցողական կողմ եւ բանակցությունները տապալող, որպեսզի կարողանա, օրինակ, Ռուսաստանի միջոցով ճնշման արդյունքում ՀՀ-ից ավելին պահանջել։ Այսինքն՝ ցույց տա, թե ՀՀ-ն չպայմանավորվող կողմ է, եւ որ ՀՀ-ի հետ խոսելու միակ տարբերակը, որի արդյունքում կարելի է ունենալ ինչ-որ հստակ պայմանավորվածություն, դա ճնշումն է՝ ճնշմամբ զիջումներ կորզելը, ավելի բարենպաստ դիրքեր ստանալը»։

Ի դեպ, նկատենք, որ դեռեւս օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան ակնարկում էր ստորագրվելիք ինչ-որ փաստաթղթի մասին։ Մեր զրուցակիցն այդ ժամանակ չէր բացառել, որ սահմանազատման հարցը եւս քննարկման առարկա է դառնալու՝ իրենից բխող վտանգներով։

Հիշեցնենք նաեւ, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանն այս գիշեր մարտական գործողություններ է սկսել Սոթքից Վերին Շորժա ուղղությամբ։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները հետ են շպրտվել ելման դիրքեր։

ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Այս մեկնաբանություններն ու ենթադրությունները ոչ թե փորձագետին, այլ աստղագուշակին են բնորոշ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031