Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ

Հուլիս 28,2021 17:58

Ս.թ. հուլիսի 28-ին տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հարկ են համարում հայտարարել՝

1․ ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։

2․ Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։

3․Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։

4․ Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործում։

5․ Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զոհված զինվորականների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031