Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հանրային կյանքի բոլոր ոլորտներում ստեղծում է էական ռիսկեր: Այսօր «Հայելի» ակումբում այս մասին ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: Նրա խոսքով, մարդկանց կյանքի որակի անկում է գրանցվում, արտագաղթի ձգտում. «Եվ, ընդհանրապես, մեր երկրում մեր գոյատեւման խնդիրն է դրված: Մենք այսօր կախված ենք այդ խնդրից եւ պարբերաբար այն գործադրվում է: Գործադրվում է, երբ մենք մեր տարածքից կորցնում ենք, գործադրվում է, երբ մեր զինվորները մեր տարածքում գերեվարվում են, զոհվում են, վիրավորվում են:
Ցավոք, ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում, եւ այս ստի ու կեղծիքի տարբեր իրականությունների համատեղ գոյության հետեւանք է, որ ունենք այն, ինչ ունենք: Ամեն օր մենք կորցնում ենք մեր անվտանգությունը, կորցնում ենք մեր դիմակայելու իմունիտետը եւ, հետեւաբար, այս բոլոր խնդիրները եթե մեկտեղվեն, ապա կարելի է անվանել գոյատեւման սպառնալիք: Ընդհանուր առմամբ, խոսքը ոչ թե լավ ու վատ ապրելու, սոցիալական, տնտեսական աճի մասին է, այլ այսպիսի իրավիճակում շատ կոնկրետ սեղանին դրված է գոյատեւման սպառնալիքների դեմն առնելը»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը:
Նրա խոսքով, հյուծելով մեր իմունիտետը, անընդհատ հարմարվում ենք ստեղծված իրավիճակին. «Մի քանի օրից սա էլ իրողություն կդառնա, եւ ամենակարեւորը, նորից զոհեր ու վիրավորներ ու նորից անտեր վիճակ: Փաստացի այս իրավիճակում չունենք արտաքին գործերի նախարարության արդյունավետ կառուցվածք, նույն վիճակն է ԶՈւ ոլորտում, տնտեսական ոլորտում»:
Պատասխանելով տնտեսական խնդիրների վերաբերյալ հարցին՝ որ Արցախի վարելահողերի մեծ մասն այլեւս չկան, պարոն Ավետիսյանն ասաց, որ ապազգային կեցվածքով երկիրը կառավարելու հետեւանքը դառնալու է այն, որ մի օր մեր հովիվները անասուններին արածեցնելու պիտի տանեն մարտական տեխնիկայով։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ