Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարզիկին Նոր Նորքի ոստիկանական բաժնում խոշտանգում են, հետո տուժողին կոնֆետ տալիս. սրանից ավելի մեծ քրեական ենթամշակո՞ւյթ». Արա Ղարագյոզյան

Հուլիս 28,2021 16:44

«Որևէ հույս չունեմ՝ որևէ դատավորի մոտ կա այդ կամքը իրականում խոշտանգում գործադրողին ենթարկել քրեական պատասխանատվության»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Նա շարունակեց. «Դատարանները նայում են, թե խոշտանգողներին ինչպես կարելի է արդարացնել և մի բան գտնում են, որ նախաքննության ժամանակ չի իրականացվել, դրա հիման վրա էլ կառուցում գործը: Արմեն Աղաջանյանի գործը հիշում եք՝ Վճռաբեկում է գտնվում, գրավոր ընթացակարգ է կիրառվել»:

Հարցին՝ այդ խնդիրներն առաջանում են այն պատճառով, որ նախաքննությունը չի լինում արդյունավե՞տ, Արա Ղարագյոզյանը պատասխանեց. «Հիմնականում՝ այո, ոչ արդյունավետ քննությունը հանգեցնում է նրան, որ գործը գնում է դատարան, որի արդյունքում կամ ամբաստանյալներն արդարացվում են, կամ դատարանները վերաորակավորում են արարքը՝ լիազորությունների անցում: Բայց մենք փորձում ենք դատախազությանը օգնել, կամ ուղղություն ցույց տալ, որ մեղադրանքը պետք է լիարժեք և ամբողջական լինի»:

Արա Ղարագյոզյանի համար ընկալելի չէ՝ ո՞նց կարող է դատախազը պայքարել, որ, ասենք, Ստամբուլյան արձանագրությունով փորձաքննություն չնշանակվի. «Ի՞նչ է դա տալու դատախազներին կամ քննիչներին: Գալիս, կանգնում, մինչև վերջ պայքարում են, որ այդ փորձաքննությունը չնշանակվի: Ինձ համար արդյունավետ չէ այն քննությունը, երբ մի երկուսի նկատմամբ գործ է հարուցվում, դատարան ուղարկվում, սակայն մյուս դերակատարները մնում են անպատիժ: Ավելին, երբ մարզիկին Նոր Նորքի ոստիկանական բաժնում խոշտանգում են, հետո խոշտանգումից հետո տուժողին կոնֆետ են տալիս, ասում՝ այն տղան, որը մտնում է բաժին, ծեծված դուրս չի գալիս, էդ տղան լավ տղա չի: Սրանից վառ ի՞նչ քրեական ենթամշակույթ պիտի լինի: Տուժողներն այդ մասով իրենց ցուցմունքներով ՀՔԾ-ում ներկայանում են, սակայն հենց էդ անձը, որը նման բառ է օգտագործում, հիմա ազատության մեջ է: Նրա նկատմամբ քրեական գործ չկա, նույնիսկ գալիս է դատարան»:

Արա Ղարագյոզյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ իրենց մտահոգությունները ոչ բոլոր դատախազներին են վերաբերվում, քանի որ կան դատախազներ, որոնք մինչև վերջ պայքարում են, որ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Նա նաև մտահոգություն հայտնեց՝ խոշտանգման գործերն այնպիսի դատավորների են մակագրվում, որ ըստ իրավաբանի՝ նրանց այդ գործերից պիտի շատ հեռու պահել. «Ցավոք, այս ձևով խոշտանգման գործերը քննվում են ոչ արդյունավետ և գնում, հասնում Եվրոպական դատարան, և ՀՀ-ի դեմ որոշում է կայացվում: Սա ազգային անվտանգության դեմ գործողություն է, քանի որ մենք զենք գնելու փոխարեն Եվրոպական դատարանի կայացրած որոշումներով տուժողներին ենք փոխհատուցումներ տալիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031