Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում Բերդ համայնքի Չինչին գյուղի բնակիչ զոհված զինծառայող Դավիթ Քոչարյանը տան միակ տղան էր եւ գյուղի դպրոցի 2019 թվականի միակ շրջանավարտը: Դավիթ Քոչարյանը 12 տարի իր դասարանի միակ աշակերտն է եղել, եւ պատմել էր, որ զինվորական ծառայությանն անհամբերությամբ է սպասում։ «Սպուտնիկ Արմենիայի» թղթակցին ասել էր՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծառայեր, որ ընտանիքին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառեր, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։ «Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմ սկսվի»,- հարցին էլ պատասխանել. «Եթե հանկարծ նման բան լինի, կամավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»։
«Առավոտի» հետ զրույցում Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը նշեց, որ Դավիթը Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից էր և ծառայում էր Շորժայում․
«Դավիթը 2001 թվականին էր ծնվել։ Նա ընտանիքի միակ տղան էր, ունի իրենց 2 տարով մեծ քույր, սակայն ծնողները մարտին քրոջ հետ տեղափոխվել էին Ռուսաստան և սպասում էին, որ Դավիթն էլ ավարտեր ծառայությունը և միանար իրենց»։
Համայնքապետի խոսքով՝ Դավիթի ծնողները սոցիալական վիճակից ելնելով՝ մեկնել էին ընտանիքով արտագնա աշխատանքի, իսկ գյուղում միայն Դավիթի տատիկն ու պապիկն են մնացել։
Կարդացեք նաև
Նշենք, որ երեկ հուլիսի 27-ի գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։
Մարտական գործողությունները ծավալվել են հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ