Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել՝ ընտրողների հետ հանդիպում են սրճարաններում, կարող է հաշիվ փակեն, շատ է հիշեցնում նախկիններին՝ բոլոր ուղիները տանում են Մելիք Ադամյանով. Հայկ Մարտիրոսյան

Հուլիս 28,2021 16:00

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը» թեմայով քննարկման ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ այդ հարցը այսօրվա իրողության մեջ պետք է տեղավորել, ուզենք, թե չուզենք՝ որքանո՞վ է իշխանությունը հանրային առաջնահերթությունը ու հանրային շահը գիտակցում:

Հիշեցնենք, որ ԱԺ օրենսդրությամբ պատգամավորների ձեռքի ծախսը բյուջեի հաշվին 5 անգամ ավելացրեցին՝ հիմնավորելով, թե ծանրաբեռնված են աշխատելու, քանի որ պատգամավորների թիվը կրճատվել է:

Հայկ Մարտիրոսյանն ասաց. «Եթե պատգամավորները հիմնավորում են, որ իրենց 50 հազար դրամը պետք էր, ես, անկեղծ ասած, տեղյակ էլ չեմ եղել, որ իրենք ամսական 50 հազար ստանում են, բայց նույն տարբերակով ցանկացած պետական չինովնիկ կարող է պատճառաբանել, որ ինքն ունի նման ծախսի անհրաժեշտություն: Ընդհանրապես կառավարման մենեջմենթի խնդիր կա ՀՀ-ում, չեն կարողանում որոշել՝ որ պաշտոնյայի պարգեւավճարի, հավելավճարի չափերը ինչ սկզբունքով ու մեխանիզմով են ձեւավորվում: Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը բերել են հաշվարկներ, որ ծախսերը չեն հերիքում, կամ չեն ունեցել հիմնավորում, վերացական թիվ են գրել, ասել են՝ դե կանցնի՝ կանցնի, լավություն անենք: Այստեղ հանրային շահի գիտակցման տեսանկյունից խնդիր է առաջանում: Նախ, պետք է հիմնավորեն՝ քանի՞ մարզային այց է եղել, այդ 250 հազարի գաղափարը ինչի՞ց ձեւավորվեց: Քննիչը կարող է ասի՝ գնացել դեպքի վայրի զննություն եմ կատարել, ամսական այսքան հատկացրեք, ծախսեր եմ կատարում: Սա հասել է արդեն անհեթեթության: Բարոյական եւ իրավական նորմերի հարաբերակցության խնդիր է առաջանում այս առումով ու բերում է հասարակության գիտակցման հոգեբանության խեղման»:

Բանախոսն ընդգծեց, որ նման սոցիալապես լարված պայմաններում, երբ զոհված զինծառայողների այդքան ընտանիքներ ունենք, բերել նման նախագիծ, անցկացնել, ընդ որում, առանց որեւէ առարկության ու պատճառաբանությունում ասել՝ ընտրողների հետ հանդիպում են սրճարաններում, կարող է հաշիվ փակեն, սա շատ է հիշեցնում նախկին իշխանությունների ասածը՝ բոլոր քաղաքական ուղիները տանում են Մելիք Ադամյանով. «Սա հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհանք է: Տարեկան 700-800 հազար դոլարի չափով գումար է կազմում, կարո՞ղ է սա ծառայել զոհված զինծառայողների խնդիրների լուծմանը: Այո, պետական պաշտոնյան պետք է ստանա բավարար աշխատավարձ, բայց չի կարող ստանալ կենսաթոշակառուից 20 անգամ ավել գումար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031