«Biker Zone» կազմակերպությունը Հայաստանում անցկացնում է «Զարկերակը լեռներում» 3-րդ միջազգային բայքերական փառատոնը:
Կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին այսօր տեղեկացրեց, որ միջոցառումը կայանալու է հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը՝ Շորժայում: «Անցած տարի COVID-ի պատճառով չկարողացանք դրսից մասնակիցների ընդունել եւ փառատոնն անցկացրեցինք հիմնականում տեղացիների մասնակցությամբ: Սակայն Հայաստանում մնացած բավականաչափ մեծ թվով արտերկրացիներ կային, որոնք նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան:
Մենք այս տարի հրավերներն ուղարկել ենք ու դրսից բավականաչափ մասնակիցների ենք սպասում, որոնք մեր տեղեկություններով` արդեն դուրս են եկել իրենց երկրներից ու գալիս են Հայաստան: Թե ընդհանուր առմամբ քանի՞ մարդ կժամանի, այս պահին դժվարանում եմ ասել, քանի որ երկրների սահմաններ հատելը նույնպես այսօր որոշակի խնդիրների հետ է կապված: Միայն կարող եմ ասել, որ մի քանի խմբեր սպասում ենք Վրաստանից, Ռուսաստանից, կարծում եմ, նաեւ եվրոպական որոշ երկրներից:
Մրցումները, որ հագեցած են լինելու համերգային կատարումներով, տարբեր շոու ծրագրերով, պատմամշակութային վայրեր այցելություններով, անցկացնելու են Շորժայի տարածքում: Հուլիսի 30-ին ժամը 16:00-ին Երեւանի Շահումյան հրապարակից մասնակիցները շարասյունով ուղեւորվելու են Շորժա, որտեղ էլ 19:00-ին կլինի պաշտոնական բացումը: Նշեմ, որ պրոֆեսիոնալները պայքարելու են արտաճանապարհային բնական արգելքներով մրցուղիներում,, իսկ սիրողների համար, որոնց մոտոցիկլետները, ինչպես ասում են, «ասֆալտ են սիրում», սահմանված է 80 կմ երթուղու հաղթահարում»,-ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ