Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կառուցվում են 2 միլիոն դոլարանոց «ուրախ», գունավոր և անուններ ունեցող շենքեր

Հուլիս 28,2021 15:29

Գյումրու Մուշ թաղամասում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում են երկու բնակելի շենքեր՝ 36 սոցիալական բնակարանով և 50 տեղանոց մանկապարտեզ։ Շենքերը հինգհարկանի են։

Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շինհրապարակ էր այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։ Վերջինս հայտնեց, որ շինարարությունը կավարտվի կամ այս տարվա վերջին, կամ մյուս տարվա սկզբին։

Այս երկու շենքերը կառուցվում են համայն հայության հավաքագրած գումարներով, դրամահավաքին մասնակցել են բազմաթիվ երկրներ՝ ԱՄՆ, Լիբանան, Ֆրանսիա, Իրան, որոշակի մասնակցություն ունեցել են նաև եգիպտահայերը, մանկապարտեզի շենքը ֆրանսահայերի ֆինանսավորմամբ է կառուցվում։ Հայաստանից ևս խոշոր գործարարներ են նվիրատվությանը մասնակցել, գումարները մեծ մասամբ հավաքագրվել են 2019-2020 թվականներին։

Հայկակ Արշամյանի տեղեկացմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը 2 միլիոն դոլար է, այս նույն տարածքում կկառուցվեն ևս երկու շենքեր, որոնից մեկը կֆինանսավորվի ԱՄՆ-ի, մյուսը՝ Նիդերլանդերի տեղական մարմինների կողմից։

Այս պահին կառուցվող շենքերը, ըստ Հայկակ Արշամյանի, 2-3-4 սենյականոց բնակարաններ կունենան, կտեղադրվեն արևային վահանակներ, որոնք կապահովեն հոսանքամատակարարումն ու սոցիալապես անապահով բնակիչների բեռը կթեթևացնեն։

Ըստ Հայկակ Արշամյանի, սրանք սոցիալական բնակարաններ են, սեփականություն չեն հանդիսանալու առաջիկա 5, գուցե և 10 տարում։ Այն բնակիչները, որոնք բնակարանները լավ չեն պահի, կզրկվեն բնակարաններից։

«Առաջին հարկում ունենք տարածք, որը կփորձենք վարձակալությամբ տալ և գումարը ուղղել շենքերի պահպանությանը։ Միևնույն ժամանակ շենքերի վերևի՝ հավելյալ հարկերում, ուզում ենք արվեստագետներին արվեստանոցներ տրամադրել, ստուդիոներ, ոչ մշտական բնակության համար, այլ ցանկացած արվեստագետ՝ նկարիչ կամ քանդակագործ, որը կուզենա գալ, ապրել այստեղ վեց ամիս, որպեսզի շենքի երեխաները մանկուց մոտիկ լինեն արվեստներին և ավելի հեշտ ինտեգրվեն», -ասաց Հայկակ Արշամյանը։

Նա նաև նշեց, որ շենքերն ունեն ներքևի հարկեր, որտեղ հնարավորության դեպքում փոքր արտադրամասեր կտեղադրեն՝ վարսավիրանոց, կարի արտադրամաս, և բնակիչները կաշխատեն այնտեղ՝ օրվա հացը վաստակելով։

Որպես շահառուներ կընտրվեն անօթևանների ցուցակում հերթագրվածները, առաջնահերթ սոցիալապես անապահովները, որոնք տնակներում են բնակվում, ժամանակին տուն չեն ստացել և վաճառել։

«Այս ծրագրի հիմնական նպատակը Գյումրին դոմիկներից ազատելն է», -ասաց Հայկակ Արշամյանը։

Նա նշեց, որ շենքերը կունենան անուններ, քանի որ դրանք կառուցվել են տարբեր երկրների ֆինանսավորվմամբ, կանվանեն այդ երկրների անուններով, ասենք՝ մանկապարտեզի անունը Ֆրանսիա կդնեն, կառուցվելիք շենքերից մեկի անունը Կալիֆոռնիա, մյուսինը՝ Նիդերլանդներ։

Իսկ այս պահին կառուցվող երկու շենքերի անունները կլինեն Հայաստան և «Հայաստան» համահայկական հիմնադրամ։

Շենքերը, ըստ պաշտոնյայի, կլինեն գունեղ։ «Գունավոր են լինելու, ուրախ շենքեր են լինելու, ու այն մարդիկ, որոնք այստեղ կբնակվեն, իրենց վատ, դառը կյանքից կփոխվեն ավելի լավ, դրական միջավայր», -ասաց Հայկակ Արշամյանը։

Հայկակ Արշամյանը մեկ կարևոր նորույթ ևս հայտնեց։

«Մի լավ լուր ունեմ, ծրագիր ունենք ևս երկու շենք հենց այստեղ կառուցելու, շենքերի բնակարանների մի մասը կտրվի վերջին պատերազմում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին, որոնք ունեն կարգավիճակ, այսինքն՝ անօթևան են, սոցիալապես անապահով են, բազմանդամ ընտանիք ունեն։ Եվ եթե կարողանանք մի քիչ բարձր հարկայնություն ապահովել, հնարավոր է 60 բնակարան ստանանք այդտեղ, որից 25-ը կհանձնենք վերջին պատերազմի մասնակիցներին, որն այսօր, այսպես ասած, մեր պարտքերից մեկն է, որը պիտի կատարենք»։

Նա ասաց, որ բնակարանները կհատկացվեն վիճակահանությամբ, որպեսզի դժգոհությունների առիթ չլինեն։

Պաշտոնյաները շրջեցին նորակառույցներում, մանրազնին ուսումնասիրեցին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, գովաբանելով Հայկակ Արշամյանին՝ փորձում էր համոզել, որ մի քանի շենքեր էլ կառուցեն։

«Հրաշալի գործ եք անում, 4-5 շենք էլ սարքեք»,-հորդորեց Սամվել Բալասանյանը։ Ի պատասխան՝ Հայկակ Արշամյանն ասաց. «Երկու հատը հաստատ է»։

«Բայց մենք 114 բնակարանի համար էինք, չէ՞, սկիզբը պայմանավորվել»,- կատակով շարունակեց Սամվել Բալասանյանը,, որին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահը պատասխանեց․ «Պարոն Բալասանյան, փող լինի, 114 չէ, ավելի շատ կառուցենք, 60 բնակարան էլ կկառուցենք»։

«Այստեղ 32 բնակարան է, 60 հատ էլ նորը կկառուցեք, տակը մնա 54, ինչ վատ բան եմ ասում», -դարձյալ ծիծաղելով բանակցեց Սամվել Բալասանյանը։

Նշենք, ըստ պաշտոնական հաղորդագրության, ծրագրի մեկնարկը հնարավոր է դարձել 2019թ. Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության և ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ջանքերով կազմակերպված հեռուստամարաթոնի, ինչպես նաև հիմնադրամի մշտական գործընկեր «ԱՔԲԱ» բանկի ներդրման շնորհիվ: Հեռուստամարաթոնին միացել են բազմաթիվ նվիրատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքի տարբեր համայնքներից:

Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք, շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս:

Մեզ տրամադրված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է նաև խոշոր նվիրատուների ցանկը։

«Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամ՝ 550000 եվրո, ԱՄՆ Հայաստան հիմնադրամ՝ 393000 ԱՄՆ դոլար, Հայաստան համահայկական հիմնադրամ – Լիբանան՝ 50000 ԱՄՆ դոլար, Գերմանիայի Հայաստան հայկական հիմնադրամ- Գերմանիա՝ 70000 եվրո, Եգիպտոսի հայ համայնք՝ 10000 ԱՄՆ դոլար, Իրանի հայ համայնք՝ 20000 ԱՄՆ դոլար, ՀՀ նախագահի աշխատակազմ՝ 23000 ԱՄՆ դոլար, ԱՔԲԱ բանկի բարերար քարտ՝ 100.000.000 դրամ, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միություն՝ 33000 ԱՄՆ դոլար, Վարդանյան ընտանիք՝ 27.433.000 դրամ, Սամվել Ալեքսանյան՝ 124000 ԱՄՆ դոլար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031