«Մեր քաղաքական իշխանությունները գիտե՞ն՝ ինչ այլանդակ վիճակ է տիրում շրջանների ոստիկանական բաժիններում, գիտե՞ն, որ մինչև հիմա մտնել ոստիկանություն ու չծեծված դուրս գալը «в порядке вещей», մարդիկ վախենում են խոսել դրա մասին ու չեն հայտարարում, որ իրենց բռնության են ենթարկում»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ» թեմայով քննարկման ժամանակ վրդովվեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:
Ըստ նրա՝ միայն սիրուն «բանտիկներ» կապած մեքենաներով կամ մի քանի տասնյակ, հարյուրավոր պարեկային ծառայողներ բերելով չեն փոփոխություններ անում: Նինա Կարապետյանցի՝ խոշտանգման դեպքերի առիթով մանրամասներ հաղորդելու ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ սուտ մատնության հոդվածը շարունակո՞ւմ է գործել, նա ասաց. «Սուտ մատնության հոդվածը շարունակում է գործել, իմ վրա էլ կարող են այդ հոդվածով քրեական գործ հարուցել, ջհանդամ հարուցեն, մեկը պիտի խոսի՞ դրա մասին, թե՞ ոչ: Մարդկանց տանում են ոստիկանություն ու ծեծված, ջարդված շպրտում դուրս: Ու ծեծված մարդը հասկանում է, որ որևէ տեղ չունի դիմելու պաշտպանված լինելու համար: Եթե ոստիկանություն բռնության համար դիմեց, այդ տարածքայինն ասում է՝ ՀՔԾ-ն քենին, բաջանաղն է և այլն. բոլորը համակարգում կապված են իրար հետ և ատամներով իրար պահում են: Իսկ եթե իշխանությունները գիտեն, նշանակում է իրենք պարտակում են այդ հանցագործությունը, եթե չգիտեն՝ ուրեմն, իրավիճակին չեն տիրապետում»:
Նինա Կարապետյանցը փաստեց՝ իրականում ունենք առանձին դատախազներ, որոնք ջանասիրաբար և նվիրված աշխատում են և նրանք օդ ու ջրի պես անհրաժեշտ են համակարգին:
Ըստ Նինա Կարապետյանցի՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելը տաքսիստների դեմ պայքարելը չէ, այլ պիտի համակարգում այդ պայքարը տարվի. «Որ ասում են՝ ես իմ ախպոր վրա չեմ գրի, ուրիշ «պագոնավորի» վրա չեմ գրի, դա է քրեական ենթամշակույթը»:
Կարդացեք նաև
Որպես օրինակ նա հիշեցրեց, որ Արայիկ Խանդոյանին և նրանց ընկերներին խոշտանգողը, որն ուներ «Կուրաժ» մականուն, խոշտանգելուց հետո մի «պագոն» էլ վերև է բարձրացել՝ դարձել գնդապետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի