Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնի ոդիսականը շինծու էր, ցանկությունների արդյունք». Գայանե Կարապետյան

Հուլիս 28,2021 14:47

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան, որը բավարարվել է: Թատրոնի 19 աշխատողներ շուրջ 2 տարի աշխատավարձ չեն ստացել, նրանք չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը ոչ իրենց մեղքով: Ավելի վաղ դատարանն անվավեր էր ճանաչել ՀՀ այն ժամանակվա մշակույթի նախարարի հրամանը՝ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Aravot.am-ին հաջողվեց կապվել այժմ ԱՄՆ-ում գտնվող Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի հետ: Նա նշեց, որ վստահ էր, որ իրենց հայցը կբավարարվի, որովհետեւ պահանջն արդար էր. «Թատրոնի ոդիսականը շինծու էր, ցանկությունների արդյունք: Ցավոք, ամեն ինչ բերեցին հանգեցրին նրան, որ վնաս հասցրին պետությանը` 2 տարվա տուգանքներ, թատրոնի կուտակված հարկային պարտավորությունների պարտքեր: Եվ այս ամենը միայն իրենց անձնական ցանկությունները բավարարելու համար»:

Գայանե Կարապետյանը հավելեց, որ առաջին օրվանից բոլոր նախարարներին` Մակունցից սկսած, վերջացրած Արայիկ Հարությունյանով, ասել էր, որ թատրոնի նկատմամբ իրականացված գործողություններն ապօրինի են. «Ասել էի, որ այստեղ պաշտոնավարման խնդիրը չէ, իրենց արածը հրավական դաշտից դուրս է… Երբեւէ աշխատանքի չներկայացած ժամանակավոր պաշտոնակատարը ինձ 6 ամիս թողել էր տնօրեն, եւ ամբողջ կուտակված տույժ-տուգանքները եկել էին իմ անունով… Ես մարդկային լեզվով ու փաստերով փորձել եմ բոլոր նոր նշանակված նախարարներին մատչելի ներկայացնել ամեն բան, սակայն Նազենի Ղարիբյանի ուղղակի ինչքը բավարարելու համար թատրոնի ոդիսականը շարունակվեց: Նա ասել էր, որ պետք է լինի նոր ժամանակավոր պաշտոնակատար, իսկ երբ տեսավ, որ դա հնարավոր չէ, որոշեց, որ թատրոնը պետք է փակվի, հետո թատրոնի դռները կոտրեցին, լույսերը հանգցրին եւ այլն»:

Գայանե Կարապետյանը շնորհակալություն հայտնեց դատարանին` արդար վճռի համար եւ փաստաբաններին (թատրոնի աշխատողների շահերը դատարանում ներկայացրել են Աշխեն Դաշյանը, Կարեն Տոնոյանը, Դավիթ Ասատրյանը): Ասաց, որ ի սկզբանե համոզված էր, որ հաղթելու են դատարանում, քանի որ իրենց պահանջն արդար էր, ինչը բազմիցս բարձրաձայնել է իր բոլոր հարցազրույցներում:

Մեր զրուցակիցը հավելեց, որ անգամ անվճար գնացել են սահմանամերձ համայնքներ, հասել մինչեւ Բերդ, քանի որ ունեցել են պայմանավորվածություններ, իսկ ինքն անվճար է աշխատել հանուն թատրոնի, քանի որ չէին թարմացրել իր պայմանագիրը:

«Քանի որ ինձ ապօրինի էին ազատել, այդ պատճառով հետո ինձ 850 000 դրամ տույժ-տուգանք վճարեցին պահուստային ֆոնդից, սակայն չբավարարվելով դրանով, նորից շարունակեցին իրենց ապօրինի գործողությունները, ու հիմա դատարանի վճռով էլ 19 հոգու պետք է վճարեն երկու տարվա հարկադիր պարապուրդի համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031