Հուլիսի 27-ին Վայոց ձորի մարզի Արտաբույնք բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիներ Նարեկ Սարգսյանի և Արամ Սայադյանի հիշատակին, ովքեր շնորհիվ հայրենասիրության բարձր զգացումի և սխրագործությունների իրենց անունը գրեցին հայոց պատմության անմար էջերում:
Ներկա էին Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․ Նահապետյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը, տեղական ինքնակառավարման համակարգի այլ ներկայացուցիչներ:
Միջոցառման միջոցով և՛ կազմակերպիչները, և՛ մասնակիցները ևս մեկ անգամ փաստեցին, որ երախտագիտությամբ և հպարտությամբ մշտապես վառ են պահելու հերոս հայորդիների հիշատակը և քաջագործությունները. նրանք մարտի դաշտում ընկան հանուն հայրենիքի և նրա խաղաղ ապագայի:
Արամ Սայադյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով, որը զինվորի ծնողներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Հարգանքի տուրք մատուցելով հերոսներին և նրանց ծնողներին, մարզպետը նշեց, որ հայ զինվորները մեզ և մեր երկրին նվիրել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, մեզ պատգամելով հզորացնել և միահամուռ ուժերով ստեղծել նրանց երազած հայրենիքը, ինչը և պարտավոր ենք իրականացնել մեր աշխատանքով, ամենօրյա գործունեությամբ և հայրենասիրությամբ:
Կարդացեք նաև
Հավերժ փառք մեր հերոսներին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:
Վայոց ձորի մարզի մարզպետարան