Այսօր ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված հայ զինվորներից չորսից մեկը ծանր վիճակում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, շուտով կտեղափոխվի Երեւան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բացի այդ մեկ զինծառայողից, չորս-հինգ հոգի վիրավոր են։ Թիվը հստակ չեմ նշում, որովհետեւ վիրավորներ կան, որոնք սալջարդեր են ստացել։ Կարողացել են անցնել հարակից դիրքեր»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։
«Դիրքի ավագից սկսած մինչեւ կորպուսի հրամանատար ամեն ինչ անում են, որպեսզի թշնամին իրեն սանձարձակ չզգա։ ԶՈՒ հրամանատարության բոլոր մակարդակներում արագ, օպերատիվ գործողություններ են ձեռնարկվել, դիրքը հետ է վերականգնվել։ Թշնամին, կրելով մեծ կորուստներ, հետ է շպրտվել»,-նշեց նա։
Հովհաննիսյանն այնուհետեւ դիմեց նաեւ օգտատերերին, խոստացավ, որ մի օր բոլոր հարցերին պատասխանելու է, իսկ հիմա չի ուզում իջնել ոմանց մակարդակին։ Նրա խոսքով՝ պատերազմի եւ մարտական գործողությունների ժամանակ աշխարհի կտրվածքով եթե որեւէ երկրում չկա համերաշխություն, արդյունքը լավը չի լինում․ «Սա սուրբ օրենք է, որը դուք չգիտեք։ Ես գիտեմ»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2020թ․-ի պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանն այլեւս չի հանդիսանում ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանն այս գիշեր մարտական գործողություններ է սկսել Սոթքից Վերին Շորժա ուղղությամբ։
Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները հետ են շպրտվել ելման դիրքեր։ ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ