Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի աշխատավարձը՝ 1,3 մլն, տեղակալինը՝ 1 մլն, թաղապետինը՝ 850 հազար դրամ

Հուլիս 28,2021 14:30

Ավագանին առաջարկում է բարձրացնել աշխատավարձերը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Գալջյանն ու Լեւոն Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների 2000 աշխատակիցների աշխատավարձերը։

Այս նախագծով ավագանու անդամների 68000 դրամը փոխհատուցման գումարը չի ավելանում։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության էր ենթարկվել դեռեւս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի եւ առհասարական աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը։ Ցածր աշխատավարձերի հետեւանքով Երեւանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում եւ ներկայիս պայմաններում, նկատվում է նաեւ մասնագետների որոշակի արտահոսք»։

Արմեն Գալջյանն ասում է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատավարձերի եւ հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ, եւ այս նախագծով Երեւան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգեւավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ երեկ ֆեյսբուքի իր էջում այս մասին գրառում է կատարել, նա որոշել է հրաժարվել իր աշխատավարձի բարձրացված մասից. «Աշխատավարձերի բարձրացումը համակարգային առումով հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաեւ քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։

Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից եւ կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում՝ 415.000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»:

Սոցիալական ցանցերում այս նախագծի շուրջ քննարկումներում տարբեր կարծիքներ են հնչում, մարդիկ մտահոգված են՝ հետպատերազմյան Հայաստանում, որտեղ սոցիալական ահռելի ծախսեր կան անելու, բնավ աշխատավարձ բարձրացնելու ժամանակը չէ։ Մեկ այլ խումբ մարդկանց նախագիծը դրական է համարում, նշելով՝ լավ մասնագետը պետք է լավ վարձրատրվի։

Այս նախագծով քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, վարչությունների եւ բաժնի պետերի եւ այլ աշխատակիցների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվում են։

Ներկայացված գումարը ներառում է հարկերն ու զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող պարտադիր վճարները։

Ըստ այդմ՝ նախագծով քաղաքապետի աշխատավարձը կդառնա 1,320,000 դրամ, մինչ այդ, նրա աշխատավարձը 575,000 դրամ է։

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 1,020,000 դրամ, այժմ առաջին տեղակալի աշխատավարձը կազմում է 487,000 դրամ։ Քաղաքապետի մյուս 4 տեղակալների աշխատավարձը կդառնա 952,000 դրամ, ներկայումս նրանց հաստիքի ամսական դրուքաչափը կազմում է 443,000 դրամ։

Երեւանի գլխավոր ճարտարապետը, եթե որոշումն ընդունվի, կստանա 952,000 դրամ աշխատավարձ, իսկ ճարտարապետի օգնականը՝ 306,000 դրամ։

Հիշեցնենք, ներկայացվող գումարների մեջ են ներառված նաեւ հարկերը։

Քաղաքապետն ունի 7 խորհրդական, նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը կդառնա 578,000 դրամ։

Քաղաքապետի մամուլի քարտուղարի աշխատավարձը կդառնա 629,000 դրամ, ներկայիս 298,000 դրամի փոխարեն։

Քաղաքապետի 4 օգնականներն ամենքը կստանան 544,000 դրամ, 2 գործավարը՝ 357 հազարական դրամ։

Քաղաքապետի տեղակալն ունի 5 օգնական, որոնցից յուրաքանչյուրի վարձատրությունը կկազմի 323,000 դրամ։

Քաղաքապետի տեղակալների գործավարների աշխատավարձերը կդառնան 261,800 դրամ։

Աշխատակազմի քարտուղարի աշխատավարձն էլ 952,000 դրամ կդառնա, այժմ այս հաստիքի պաշտոնյայի դրուքաչափը 382,000 դրամ է, աշխատակազմի քարտուղարի երկու տեղակալներն էլ կստանան 612,000 դրամ։

Երեւանի քաղաքապետարանի վարչությունների պետերի ամսական աշխատավարձը կկազմի 697,000 դրամ, տեղակալներինը՝ 476,000, վարչության գլխավոր մասնագետինը՝ 323,000, առաջատար մասնագետինը՝ 289,000, առաջին կարգի մասնագետինը՝ 272,000 դրամ։
Քաղաքապետարանի բաժնի պետերի աշխատավարձն էլ կդառնա 408,000 դրամ։

Կան մի քանի բաժիններ, որոնց պետերի աշխատավարձը մի փոքր բարձր է լինելու մյուս բաժնի պետերի վարձատրությունից։ Օրինակ՝ առաջին եւ զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի, ներքին աուդիտի բաժնի եւ էլի մի քանիսի պետերի վարձատրությունը կդառնա 442,000 դրամ։ Քաղաքապետարանի տարբեր բաժինների գլխավոր, առաջատար եւ առաջին կարգի մասնագետների վարձատրությունը սահմանվում է նույնքան, որքան վարչության մասնագետներինը։

Իսկ վարչական շրջանի ղեկավարների կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ թաղապետերի աշխատավարձը կդառանա 850,000 դրամ, ներկայիս 400,000 դրամի փոխարեն։ Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի աշխատավարձը կկազմի 510,000 դրամ, այժմ նրանց աշխատավարձը կազմում է 346,000 դրամ։ Թաղապետարանների աշխատակազմի քարտուղարները կստանան 510,000 դրամ։

Վարչական շրջանների բաժնի պետերի, տեղակալների եւ մասնագետների աշխատավարձերը քաղաքապետարանի համապատասխան հաստիքների դրույքաչափերից տարբերվում են, ավելի ցածր են, համապատասխանաբար՝ 387,600, 326,400, 289,000 դրամ։

Թաղապետարաններում աշխատող բանվորները, պահակը, մաքրուհիները կստանան 176,800 դրամ։

Քաղաքապետարանում, ըստ հաստիքացուցակի, 43 վարորդ կա, նրանց աշխատավարձը կդառնա 255,000- 289,000 դրամ։

Ընդհանուր առմամբ, այս նախագծով սահմանված աշխատավարձերի վերանայմամբ աշխատավարձերի գծով ամսական ծախսը կազմում է 606,235,900 դրամ, եւ փաստորեն, տարեկան ծախսը կկազմի 7,274,830,800 դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031