Տարբեր առիթներով «Իմքայլական» պաշտոնյաները հայտարարել են, որ պետական մարմիններում, հանրային ծառայությունների ոլորտում պետք է աշխատեն միայն գործող իշխանության դիրքորոշումներն ընդունող, նրան հավատարիմ անձինք: Պետական հաստատության դռները, ըստ նրանց, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց առջեւ պետք է փակ լինեն: «Իշխող քաղաքական ուժին չսատարող գյուղապետերը՝ նրանք, ովքեր մեզ հետ չեն, պետք է հեռանան»,- «Ազատության» եթերից հայտարարել է Լոռու մարզպետ, ՔՊ անդամ Արամ Խաչատրյանը՝ ցուցադրելով ժողովրդավարական արժեհամակարգի մասին իր աղճատված պատկերացումը, ինչը, ի դեպ, բնորոշ է մեր շատ իշխանավորների՝ սկսած իշխանական բուրգի ամենավերին սանդղակից:
Եթե իշխանությունը դիմում է քաղաքական հայացքներով պայմանավորված ճնշումների ու հալածանքների՝ նշանակում է նրա վիճակն աննախանձելի է: ՀՀ մի քանի մարզերում՝ մասնավորապես Սյունիքում, համայնքապետերի նկատմամբ կատարվող իրավական ամենաթողությունը իշխանական համակարգում անբարվոք վիճակի առկայության վկայությունն է: Ընտրությունից հետո խոստացված «վենդետա»-ների մեկնարկը տրված է, ինչի առթիվ արժե շնորհավորել «Պողպատե մանդատի» մեծ ու փոքր հեքիաթասացներին, որոնք սիրում են «պողպատն» օգտագործել միայն քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ առաջնորդվելով երկակի չափորոշիչներով:
Բերենք ուշագրավ մի համեմատություն. Սյունիքի ՏԻՄ գրեթե բոլոր կալանավորված ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար: Եվ բոլոր դրվագներում ընտրակաշառքը բաժանվել է, իբր, սոցիալական օգնության ցուցանակի տակ՝ հօգուտ «Հայաստան» դաշինքի: Նույն կարգի ոչ մի մեղադրանք իշխող ՔՊ կուսակցության համակիրների նկատմամբ չի առաջադրվել:
Մինչդեռ Կառավարության կողմից նախընտրական քարոզչության ընթացքում, անգամ դրանից առաջ, պետբյուջեից եւ տարբեր հիմնադրամներից շռայլորեն նյութական օգնություններ են ցույց տրվել պետական հիմնարկների հազարավոր աշխատողների ու քաղծառայողների, ինչը հիմք է տալիս դատելու, որ պաշտոնական մակարդակով տեղի են ունեցել բազմապատիկ անգամ ավելի մեծ չափերով դրամաբաշխումներ, որոնք «վրիպել են» իրավապահ մարմինների ուշադրությունից, իսկ մի քանի հոգու օգնության դեպքում կիրառվել է օրենքի ողջ ուժը: Օրինակ՝ նախընտրական շրջանում 500 մլն դրամ էր փոխանցվել Սյունիքում գրանցված, սակայն կոորդինատներ չունեցող, կասկածելի մի հիմնադրամի հասցեով, որի գումարները, անտարակույս, բաժանվել են իշխանության օգտին ձայն տվածների միջեւ: Բաժանվել են նաեւ պարգեւավճարներ, այլ օգնություններ, սակայն ոչ մի քրեական գործ չի հարուցվել: Սա երկակի չափորոշիչների կիրառման եւ, միաժամանակ, պաշտոնեական դիրքի չարաշահման ու վարչական ռեսուրսի օգտագործման բազում օրինակներից մեկն է:
Կարդացեք նաև
Գեւորգ Բրուտենց
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երեւանից» պարբերականում