Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի եզրակացությունը նախօրոք հայտնի է

Հուլիս 28,2021 10:00

Եկող շաբաթ իր աշխատանքն է սկսելու 8-րդ գումարման Ազգային ժողովը, եւ այդ իրադարձությանն ընդառաջ դարձյալ շրջանառվում է 44-օրյա պատերազմի տխուր արդյունքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը:

Ճիշտն ասած՝ այդ գաղափարն իմ մեջ խանդավառություն չի առաջացնում: Տարբերակների այլընտրանքներն, ըստ էության, շատ չեն:

1/ Հանձնաժողովը կազմված կլինի ՔՊ-ականներից, իշխանությանը մոտ կանգնած արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից եւ «նախկինների» հանդեպ մուռ ունեցող գեներալներից (օրինակ, Սամվել Բաբայանից): Այդ դեպքում հանձնաժողովը «կապացուցի», որ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չէ, իսկ պարտության պատճառն այն է, որ «նախկինները» թալանում էին բանակը, ծախում էին Արցախը, իսկ Դավիթ Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանը վատ էին ղեկավարում մեր զինված ուժերը:

2/ Եթե զուտ տեսականորեն ընդունենք, որ հանձնաժողովը կազմված կլինի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչներից ու նրանց համակիրներից, ապա այդ կառույցը կգա եզրակացությանը, որ պարտության մեջ մեղավոր է բացառապես Նիկոլ Փաշինյանը:

3/ Ամենահավանական տարբերակն այն է, որ հանձնաժողովում սկզբնական շրջանում ընդգրկված կլինեն խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչները, բայց ընթացքում ընդդիմությունը կտեսնի, որ աշխատանքը գնում է վերը բերածս առաջին վարկածը հաստատելու ուղղությամբ, եւ նրանք հանձնաժողովի աշխատանքը կբոյկոտեն: Կամ, որպես «ենթատարբերակ», կբոյկոտեն հենց սկզբից:

Իմ պատկերացրած իդեալական, բայց ամենաանհավանական տարբերակն այն է, որ գտնվեն հեղինակավոր, որեւէ քաղաքական եւ անձնական շահեր չհետապնդող իրավաբաններ, քաղաքագետներ եւ ռազմական գործի մասնագետներ ու տան իրենց զուտ փորձագիտական եզրակացությունը, որը բոլոր կողմերի համար կլինի ընդունելի. այդ եզրակացությունը քաղաքական ուժերը լրջորեն հաշվի կառնեն իրենց հետագա գործունեությունը կազմակերպելու համար: Որեւէ մեկին մեղադրելու, պատժելու, անարգանքի սյանը գամելու ձգտումը (եթե այն չի իրականացվում իրավապահների կողմից) միայն սրում է հակասությունները եւ չի նպաստում ճշմարտության վերհանմանը: Այդ իմ տարբերակն անիրատեսական է, որովհետեւ նման հեղինակավոր, բոլոր կողմերի համար ընդունելի մարդիկ Հայաստանում պարզապես չկան: Ցանկացած միտք, որը թելադրված չէ որեւէ քաղաքական շահով, վարկաբեկվում է եւ որակվում է որպես այս կամ այն կողմին աջակցող գաղափար:

Մի խոսքով, հանձնաժողովի հետ ես հույսեր չեմ կապում՝ դա քաղաքական ուժերի՝ իրար վրա «բոչկա գլորելու» գործիք է: Իսկ հանձնաժողովից դուրս ես կառաջարկեի պետական մտահոգություններ ունեցող բոլոր մարդկանց մտածել, թե որոնք էին մեր 30 տարվա ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության, բանակաշինության արատները, որոնք բերեցին այս խայտառակ պարտությանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    Համոզվելու համար, որ Հայաստանում քիչ կան անկաշառ, առանց անձնական նկրտումների պետականամետ ու հայրենասեր գործիչներ, հերիք է մի որոշակի ժամանահատված ուշադիր հետևել լրատվական դաշտում իրադարձությունների մեկնաբանություններին ու քննարկումներին:

  2. Լավատես says:

    Մի քիչ փիլիսոփայեմ, կա երկու սուբյեկտ՝ դա մարդն է (ընտանիքը, համայնքը, պետությունը, արքայությունը, մարդկությունը եւ մետագալակտիկան) եւ Արարիչը, ինչ որ տեղի է ունենում՝ տեղի է ունենում մարդու (ընտանիքի, …) կամոք, իսկ եթե դա մարդու կամոք չի, ուրեմն՝ դա Արարչի կամոք է: Էլ երրորդ սուբյեկտ չենք փնտրում, եթե մեր կամքն ու Արարչի կամքն, այսինքն՝ իրականությունը իրար չի բռնում, ուղեղներիս ենք զոռ տալիս ու փորձում հասկանալ՝ ի՞նչ էր հասկացնում մեզ Արարիչը, որը մենք չենք կարողանում հասկանալ, ո՞ր հարցում ենք մենք ժամանակին անտեսել Արարչի կամքը, որ կորցրել ենք մեր կամքի ներդաշնակությունը Արարչի կամքի հետ: Մեր հոգեւորականները էն զուբրիտ անող աշակերտի նման տեքստեր են արտաբերում, բայց միայն հինգ ստանալու համար: Մեղքը նրանումն է, երբ թշնամուն դու կարգում ես որպես սուբյեկտ, այսինքն՝ բացի քո կամքից կա նաեւ քո թշնամու կամքը, իսկ Արարչի կամքը վաաբշե լրիվ անտեսում ես, այսպիսի նյութապաշտական մատերիալիստական երեխայական մտածողություն՝ հետամնացների նման ռադիոալիքները չեմ տեսնում, ուրեմն այն գոյություն չունի, բա հեռուստացույցը, բջջային հեռախոսը, ռադիոն, սրանք ինչպե՞ս են աշխատում:
    Մենք ազգային կրոն չունենք, հենց ունենանք ազգային կրոն, մեր ազգային կամքը կներդաշնակվի Արարչի կամքի հետ: Մենք մեր պատվից ու խելքից ցածր պետք է համարենք որեւէ մեկին, լինի բարեկամ թե չարեկամ, կարգել Արարչի դերում որպես սուբյեկտ՝ կամարտահայտող: Մենք ենք ու մեր սարերը, մենք ենք ու մեր Արարիչը: Ոչ զուբրիտ անող մտածող հայ ազգային հոգեւորականներին ու հայ ազգային մտավորականությանը արժեր ստեղծել մեր հայ կանոնագիրքը, որը պարտադիր կլիներ բոլոր հայերի համար՝ սա չի հակասում ոչ մի այլ կրոնի ու այլ արժեքներին, որոնց մեր հայերը դավանում են, նույնն է՝ մեր հայ ազգային կրոնը, միայն ուրիշների արժեքներով ու չափանիշներով ընտրյալ առաջինը չես դառնա՝ միշտ ինչ որ մեկի քմկին ես ստիպված նայել: Փորձենք մեր կամքը դարձնել իրականություն, սա էլ կնշանակի, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել դեպի Արարիչ:

  3. Garo says:

    Կան կոնկրետ հարցեր որոնց պատասխանը պետքա տան.
    1, Ինչի 2020թվի ռազմական բյուջեն 2019-ի համեմատ գրեթ չի աճել.
    2: 2,5տարում ինչա արվել ՀՕՊ-ը ուժեղացնելու համար՞ Ինչի են ՏՈՌ-երի փոխարեն գնել առանց հրթիռ ՍՈՒ-30 ու 70կանների ՕՍԱ ՕԿԱ
    3:Ինչի ձախողել մոբիլիզացիան
    4:

  4. Anonymous says:

    4: Ինչի մեր բանակը ոչ մի լուրջ հարձակողական օպերացիա չի արել 44օրվա ընթացքում՞ Օրինակ Քելբաջարից ու Վարդենիսից հարված դեպի Խանլար Դաշքեսան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031