Պատերազմից հետո Արցախում մեկ օրով կարճաժամկետ գտնվելը չի նշանակում, թե արցախցիների խնդիրները տեսանելի եղան, թե Արցախի անունից կարելի է անխուփ աչքերով հանդես գալ: Հիմա այլ Արցախ է, եւ այլ մտքեր, այլ վիրավոր կյանք, ինչը «Առավոտի» հետ հարցազրույցում չի թաքցնում այնտեղ բնակվող լրագրող, գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանը:
– Ուզում եմ մեր վերջին զրույցը հիշեցնել, երբ գնացիր ավերված Արցախ, ինչպե՞ս տեղավորվեցիր, քո հարազատներին, հարեւաններին, ընկերներին տեսա՞ր, արտագաղթե՞լ են, թե՞ չէ, ովքե՞ր են հիմա Արցախում, արդյոք հավատո՞ւմ ես, քո պատուհանից երեւացող Շուշիիում կյանքն ինչպե՞ս է:
– Հիշում եմ մեր վերջին զրույցը։ Զգալիորեն կոշտ էի արտահայտվում։ Խիստ էի նաեւ Արցախի հետ կապված իմ ապագա քայլերի մասին խոսելիս, որպեսզի հնարավորինս տեսանելի հասկացնեմ, որ ստորաբար ու դիտավորյալ Արցախը ծախել են, որ այլեւս չկա այն Արցախը, որ հիմա Արցախից մնացած մի հողակտոր է մնացել միայն եւ մի բուռ բնակչություն, որը գոյատեւում է ռուս խաղաղապահների շնորհիվ։ Կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից 2-3 օր հետո ես Ստեփանակերտում էի։ Ճանապարհին ցավով նայում էի Քարվաճառի հրաշք բնությանն ու խոր ցավով մտածում, որ վերջին անգամ եմ այն տեսնում։ Իսկ երբ մտանք Մարտակերտի շրջան, ողջ ճանապարհին մառախուղ էր. հազվադեպ էին ավտոմեքենաներ, մարդիկ երեւում։ Մտածում էի, որ Ստեփանակերտում ավելի պարզ կլինի եղանակը։
Բայց այստեղ էլ նույն պատկերն էր։ Նման բան երբեք չեմ տեսել։ Ողջ բնությունն, ասես, լացելիս լիներ… Արդեն մթնում էր, բայց հատուկենտ պատուհաններում միայն լույս տեսանք, իսկ մինչեւ մեր տուն փողոցում որեւէ մեկին չհանդիպեցինք։ Ամայություն ու համատարած դատարկություն էր եւ սարսափելի տխուր։ Մեր բնակարանը սառն էր, սաստիկ ցուրտ։ Չկար գազ եւ էլեկտրականություն։ Երկու հակադիր պատշգամբներից նայեցի քաղաքին։ Սառն ու դատարկ էր։ Մատների վրա կարող էի հաշվել հատուկենտ էլեկտրական եւ մոմի լույսերը։ Զանգեցի բարեկամներիս ու ընկերներիս համարներով։ Հիմնականում կապ չկար։ Միայն մորեղբորս տղայի հետ կարողացա կապվել։ Գիտեի, որ նա նույնպես Ստեփանակերտում է։ Ուտելիք բերեց մեզ համար։ Ողջ գիշեր ցրտից դողում էինք` մայրս, կինս, երեք անչափահաս երեխաներս: Փորձում էի քնել, բայց չէր ստացվում։ Ոնց որ չար երազ լիներ այս ամենը։ Մի քանի անգամ վեր կացա եւ պատշգամբից նայեցի սառն ու տխուր մեր քաղաքին։ Զգացմունքային չեմ, բայց հազիվ էի ինձ զսպում…
Կարդացեք նաև
Նոյեմբերի 13-14-ին իշխանությունների հրահանգով էվակուացված մարդիկ արդեն վերադառնում էին։ Վերադառնում էին հայրենի քաղաք։ Կարծես կյանքը հունի մեջ էր մտնում, բայց բազմաթիվ երիտասարդ տղաներ, իմ ընկերների, ծանոթ-բարեկամների, հայրենակիցների զավակներ այլեւս չկային։ Հիմա Ստեփանակերտը դարձյալ մարդաշատ է, որովհետեւ հայրենի օջախները, տունուտեղ, ամեն ինչ կորցրած հազարավոր մարդիկ այստեղ են, վարձով ու ինչ-որ կերպ ապրում են: Իմ ծանոթներից ոմանք մեկնել են, բայց նախկին ստեփանակերտցիները գերազանցապես այստեղ են։ Նախատեսված էր քաղաքացիներին կարծեմ չորս ամիս 68 հազար դրամ նպաստ, օգնություն տրամադրել, նաեւ կոմունալ ծախսերի մի մասը պետությունն է հոգում, բացի ջրից։ Այո, մեր բնակարանից եւ քաղաքի մեծ մասից պարզ երեւում է այն բարձունքը, որի ետեւում Շուշին է։ Այդտեղ մարդիկ կարգախոս էին դարձրել` Շուշին վերադարձնելու ենք: Դա արդեն հեքիաթ է, սուտ է։ Մեր հին թշնամին որտեղ ոտքը դնում է, ընդմիշտ իրենն է դարձնում։ Դարեր ի վեր այդպես է եղել։ Բացառությունը, մեր պատմության ամենապայծառ եւ լուսավոր էջն Արցախյան առաջին պատերազմն էր, երբ մենք ազատագրեցինք պատմական, մեր հայկական բազմաթիվ տարածքներ, բայց երեք տասնամյակ հետո ազգի տականքի ջանքերով պատռեցինք ու դեն նետեցինք միակ լուսավոր այդ էջը։ «Առաջին արցախյան» ասացի եւ փոշմանեցի, որովհետեւ այս մեկը, որ «երկրորդ արցախյան» ենք անվանում, իրականում պայմանավորված պատերազմ էր՝ Արցախը հանձնելու ակնհայտ նպատակով…
– Ի՞նչ են անում խաղաղապահներն Արցախում, ում նկատմամբ ակնհայտ անազնիվ մտասեւեռումներ կան Հայաստանում:
– Նրանց այստեղից հանելու եւ արեւմտյան խաղաղապահներով փոխարինելու մասին խոսում են նրանք, որոնց նմանների ջանքերով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը՝ Շուշին, Հադրութը, Ավետարանոցը… մոտ 7 հազար երիտասարդ, ազգի սերուցք ենք կորցրել… Դրանք նույն տականքն են, որոնք թքած ունեն Հայաստանի ու ընդհանրապես Արցախի վրա։ Դրանք իրենց արեւմտյան տերերի ծրագիրն են ուզում իրականացնել՝ Ռուսաստանը կործանելու համար։ Ռուսաստանը հսկա երկիր է։ Անգամ եթե իր կեսը կորցնի, Ֆրանսիայից առնվազն քառակի, հնգակի մեծ մի երկիր մնալու է։ Իսկ ահա մենք առաջինն ենք վերանալու որպես երկիր ու ազգ։
– Վարդգես, բայց ինչո՞ւ այսպես եղավ։
– Թե ինչու այսպես եղավ, կարծում եմ, մտածելու, տեսնելու, կշռադատելու ընդունակ շատերը գիտեն։ Բայց նաեւ այլ պատճառներ կան, որ մեր մեջ են, ազգային մեր մենթալիտետի մեջ են։ Վերջերս որպես բառախաղ մի ռեպլիկ էի գրել «Հող եւ փող» վերնագրով։ Հարստության երկու տեսակ՝ հող եւ փող, որոնք հայերենում ընդամենը մեկ տառի տարբերություն ունեն։ Դարեր շարունակ մենք ընտրել ենք երկրորդը` անտեսելով առաջինի անսահման մեծ արժեքը, չգիտակցելով, որ հողը Հայրենիք է, որն անգին է եւ պարունակում է բոլոր հարստությունները, եւ որում նաեւ մեր նախնիների, հարազատների մարմիններն են ամփոփված։ Մինչդեռ փողն ընդամենը թղթի կտոր է, որ իր գոյությամբ պարտական է հողին, նրանից ստացված արտադրանքի արդյունք է։ Իսկ մեր թշնամիներն ահա դարեր շարունակ նախապատվությունը տվել են հողին։ Դարեր ի վեր մենք մաս առ մաս տվել, կորցրել ենք մեր հողերը, նրանք նորանոր հողեր են նվաճել, հզոր երկիր կառուցել ու երիցս ավելի հարստացել։ Հայի բախտն ենք միշտ անիծում, ոչ թե խելքը։ Ուրիշներին` ռուսին, թուրքին, արաբին, մոնղոլին, պարսիկին, անգլիացուն, գերմանացուն, ամերիկացուն ենք դարեր ի վեր մեղադրում մեր դժբախտությունների եւ ողբերգությունների համար, այլ ոչ թե մեծագույն մեղավորին` մեզ… Ի դեպ, հողի եւ փողի այդ համեմատությունն արդեն հաճախ են օգտագործում։ Տասնամյակներ առաջ իմ այս միտքը՝ «Ստրուկների մեջ կարող է Սպարտակ ծնվել, ստրկամիտների մեջ՝ երբեք», նույնպես լայնորեն տարածվել է։ Հիմա առավելապես այդ «ստրկամիտ» բառն են օգտագործում…
– Վարդգես, երեխաները դպրո՞ց են գնում, դպրոցները ի՞նչ վիճակում են:
– Երեխաներս մինչեւ տարրականն ավարտելը N1 դպրոցն էին հաճախում, հետո 8-րդ դպրոցը, որն ավելի մոտ է մեզ։ Չարենցի անվան դպրոցը նորմալ է։ Զգալիորեն վնասվել է 10-րդ դպրոցը, որը քաղաքի ներքեւի մասում է` Հեքիմյանում։ Մնացածը հիմնականում ապակիները, պատուհաններն էին ջարդվել։ Կյանքը շարունակվում է։ Տուժած դպրոցները վերանորոգել են, գործում են: Բայց անգամ երեխաներն են զգում, հասկանում, որ կյանքն այլեւս այն նախկինը չէ։ Մարդկանց մոտ գերազանցապես սպասողական վիճակ է։ Անհնար է հույս կապել ու ապրել մի հողակտորում, որը չորս կողմից շրջապատված է արդեն բազմիցս հզոր թշնամու զինվորներով, եւ այս փոքրիկ երկրամասը գոյատեւում է ռուս խաղաղապահների շնորհիվ միայն։
– Հայաստանյան լուրերին հետեւո՞ւմ եք: Թերթեր հասնո՞ւմ են, թե՞ միայն հեռուստատեսությունն է, վիրտուալ տարածքը:
– Այստեղ կրպակներ գոյություն չունեն վաղուց։ Մեկ-երկու մասնավոր խանութում գրքերի հետ վաճառում են նաեւ մի քանի թերթ։ Պետական հիմնարկները, կառավարությունը, ԱԺ-ն հնարավոր է, որ ստանան։ Հայաստանյան հեռուստաալիքներն են սփռվում:
Կարծում եմ, Հայաստանում շատ ավելի տխուր է, հիմա ավելի խայտառակ վիճակ է, քան Արցախում։ Մենք այստեղ հույս ունեինք, որ Հայաստանը ոտքի կկանգնի, կձերբազատվի իրեն խայտառակ պարտության հասցրած, իրեն հոշոտող իշխանություններից։ Բայց, ցավոք, պարզվում է, որ Հայաստանը, հայ ժողովուրդը… Ներողություն, հիմա ազգ, ժողովուրդ չկա Հայաստանում։ Ցավոք, միայն բնակչություն է, որն ընտրել է ինքնաոչնչացումը։ Ուղղակի ապշում ենք, լսելով, որ իր սահմանները պաշտպանելու անընդունակ երկիրը ցանկանում է գրողի ծոցն ուղարկել իր սահմանների մի զգալի՝ հայ-թուրքական հատվածը պաշտպանող ռուսներին։ Զարմանում ենք, որ երեւանաբնակը, որ անհոգությամբ մտածում էր՝ «Արցախը տանք, որ լավ ապրենք», հիմա նույն անհոգությամբ պատրաստ է զիջել Սյունիքը, Գեղարքունիքը… Սա անմարդկային մի ինչ-որ բան է։ Ո՞նց կարող է մարդ մտածել, որ իր ազգակիցների մի մասի վերանալով ինքն ավելի լավ է ապրելու։ Նույնիսկ եթե անգամ լավ ապրի, ապա բանական մարդու համար ի՞նչ մի հաճույք կամ երջանկություն է թեկուզ ոչ ազգակցի սպանդի շնորհիվ «լավ ապրելը»։ Որեւէ երկրում, որեւէ ազգի մոտ ես նման բան չեմ նկատել։
– Արցախում կա՞ առաջնորդ, ում շուրջն այսօր կհավաքվեն հանրային, քաղաքական դեմքերը:
– Դժվար հարց է։ Հիմա հայության մեջ ամենադեֆիցիտ ապրանքը հավատն է։ Պարզապես այն չկա։ Լավագույն դեպքում կա իրականությունից կտրված հույս, փրկիչի սպասում։ Փրկիչներ… դավաճանին, հանցագործին Աստված կպատժի… Աստծո դատաստանից հաստատ չեն խուսափի, ցավոք, այս տխմար մտածելակերպը քարշ ենք տվել 21-րդ դար՝ աչքի առաջ չունենալով գոնե մի դեպք, մի օրինակ, երբ Աստված պատժել է մի ոճրագործի: Արցախում չկա մի առաջնորդ, ով կարող է հարց լուծել, ժողովրդին հետեւից տանել։ Քաղաքական դաշտը գազոն է, ինչպես Հայաստանում։ Երբ ՀՀ իշխանությունների հասցեին արցախցուց քննադատական խոսք են լսում, անմիջապես անդրադարձնում են՝ «Բա ձեր Արայիկը, ինչո՞ւ եք նրան պահում…» եւ այլն։ Ակնհայտ է, որ հիմա Արցախում հավատ ներշնչող իշխանություն չկա։ Սովորաբար, նման դեպքերում փոփոխություններ են լինում։ Բայց մի այլ կնճռոտ խնդիր էլ կա՝ ներկայիս իրավիճակը։ Հաստատ ու միանշանակ չեն թողնի նոր ընտրություններ անցկացնել Արցախում, երբ Արցախի կարգավիճակի հարցը ֆուտբոլի գնդակի պես շարունակ քացով հեռացնում են։ Նաեւ եթե ինչ-որ փոփոխություն լինի եւ իշխանության գա ոչ նիկոլական-քպական մեկը, Հայաստանի ներկայիս իշխանությունները կաջակցե՞ն Արցախին, թե՞ հանգիստ կդիտեն, թե ինչպես է դատարկվում այս մի բուռ արցախական հողակտորը: Այնպես որ՝ համատարած պրոբլեմներ են, իսկ մենք ազգովի դեռ «կոտրած տաշտակի» առջեւ ենք։
Հարցազրույցը` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
Լուսանկարները` Վարդգես Օվյանի
«Առավոտ» օրաթերթ
27.07.2021