Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինժեներից մինչեւ ձեռարվեստի վարպետ մեկ քայլ է

Հուլիս 28,2021 12:30

Ժողովրդական վարպետ Եսթեր Սիմոնյանը ներկայացրեց իր ինքնատիպ աշխատանքները

Օրերս Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ճեմասրահում դեկորատիվ կիրառական արվեստի ժողովրդական վարպետ Եսթեր Սիմոնյանի աշխատանքների ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Ներկայացված էին կարուձեւի, ասեղնագործության, հուլունքագործության ոլորտում նրա աշխատանքներից։

Նշված ոլորտներն ունեն դարերի պատմություն եւ հաճախ Հովհաննես Շարամբեանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, որ հիմնադրվել է 1978թ., ներկայացվում են ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության եւ ժանեկագործության, մետաղի, փայտի ու քարի գեղարվեստական մշակման եւ  ձեռքի աշխատանքի այլ ոլորտների նմուշներ։ Սովորաբար  ժողովրդական վարպետները արհեստով զբաղվել են որպես հոբի՝ իրենց հիմնական մասնագիտական գործունեությունից հետո։

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում մեծանուն Գոհար Գասպարյանը, որը հայտնի էր իր բեմական զգեստների ստեղծմամբ, ասել էր, որ ինքը ոչ միայն հյուսում է սվիտերներ, գլխարկներ եւ այլն, այլեւ ինքն անձամբ է թելերը մանում։  Համեստորեն էլ հայտնել էր, որ դա իր հոբին է, որով տարված է շատ վաղուց։ Երգչուհու խոսքերով՝ այդ աշխատանքն օգնում է մարզել ուղեղը, բարելավել ուշադրությունն ու կենտրոնանալու կարողությունը։ Մի գաղտնիք էլ էր բացահայտել երգչուհին, որն առաջին անգամ ենք հրապարակում։

1960-ականների վերջին եւ 70-ականների սկզբին շատ մոդայիկ էր գոֆրեն եւ պլիսեն։ Գոհար Միխայլովնայի բառերով՝ այդ տարիներին այդ ոլորտի եթե ոչ առաջին, ապա առաջին վարպետներից էր ժողովրդական եւ աշուղական երգերի անկրկնելի կատարող Արաքսի Գյուլզադյանը։

Ի դեպ, Գոհար Գասպարյանը, Արաքսի Գյուլզադյանը եւ հավատացած ենք՝ ժողովրդական վարպետներից շատերը եւս, այդ թվում նաեւ մեր զրուցակից Եսթեր Սիմոնյանը, սիրով են նվիրում իրենց աշխատանքները։ Զրույցի սկզբում տիկին Սիմոնյանը հավաստիացրեց, որ իր աշխատանքները հենց նվիրատվության շնորհիվ են տեղ գտել Ռուսաստանի, եվրոպական երկրների, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

Եսթեր Սիմոնյան ժողովրդական վարպետի գործունեությունը հաշվվում է 30 տարի։ Նա մասնագիտությամբ ինժեներ է, աշխատել է Մոսկվայի «Քիմավտոմատիկա» փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի Երեւանի մասնաճյուղում որպես առաջատար ինժեներ մինչեւ 1990թ.,  տարիների դադարից հետո՝ Հայկական ատոմակայանում՝ որպես առաջին կարգի ինժեներ։  Զրույցի ընթացքում քանիցս կրկնեց, որ կարուձեւը, հուլունքագործությունն ու ասեղնագործությունը իր հոբին են եւ դրան տրվել է հարկադիր պարապուրդի տարիներին ու կենսաթոշակի անցնելուց հետո։ «Ստեղծագործական բնույթի զբաղմունքները, գեղեցիկը արարելուց զատ,  դրական ազդեցություն են թողնում եւ ֆիզիկական, եւ հոգեբանական, եւ մտավոր առողջության վրա»,- ասաց տիկին Սիմոնյանը։

Դիտարկմանը՝ մեր իրականությունում հիմնականում կենսաթոշակի անցնելուց հետո են զբաղվում նման գործունեությամբ, ժողովրդական վարպետը հաստատեց, հավելելով, թե դրա հետեւանքով մարդիկ ավելի երկար են ապրում եւ պահպանում իրենց ակտիվությունը, նոր իմաստ են հաղորդում կյանքին, նպաստում են ինքնաբացահայտմանը եւ այլն, շատերին անգամ հաջողվում է նոր զբաղմունքներ գտնել ու նոր նպատակներ կյանքի կոչել։

Հարցին, թե իր հոբին հենց 90-ականների՞ն գլուխ բարձրացրեց, թե՞ դրանից առաջ էլ «իրեն հանգիստ չէր տալիս», տիկին Սիմոնյանը պատասխանեց. «Ձեր հարցն ինձ տարավ 1960-ականներ, երբ դպրոցում աղջիկներին ուսուցանվում էր «Տնարարություն» առարկան։ Եթե չեմ սխալվում, դասագրքի հեղինակը Օ. Խ. Աղայանն էր։ Այդ ազգանունը մինչեւ այսօր տպված է ուղեղումս։ Մենք այդ առարկան անցնում էինք 5-8-րդ դասարաններում, սովորում էինք տնարարություն, որն իր մեջ ներառում էր կարուձեւ, խոհարարություն, հագուստի եւ բնակարանի խնամք եւ այլն։ Հենց տնարարության պարապմունքների ընթացքում ստանում էինք անհրաժեշտ գիտելիքներ տնտեսական եւ կենցաղային աշխատանքներ կատարելու համար, ձեռք էինք բերում ունակություններ ընտանիքում կարգուկանոն եւ անհրաժեշտ մաքրություն ստեղծելու համար, հմտանում էինք այսպես կոչված՝ ինքնասպասարկման մեջ թե տանը, թե դպրոցում։ Տղաներն էլ սովորում էին փայտամշակում, մետաղամշակում։ Վաղուց այդ առարկաներին փոխարինել է տեխնոլոգիան։ Իհարկե, հասկանալի է, որ այսօր ապրում ենք զարգացած տեխնոլոգիաների դարում, բայց ես կարծում եմ, ավելին՝ վստահ եմ, որ տեխնոլոգիա առարկայում կարելի է զուգակցել հինն ու նորը»։

Անդրադառնալով Եսթեր Սիմոնյանի ներկայացրած ձեռարվեստի աշխատանքներին, նշենք, որ այցելուները հիանում էին դրանցով, իսկ նրա կարած զգեստները, որ մեր Եռագույնի գույներով էին, ցուցադրում էին 5 աղջնակ-«մոդելները»։

Դիտարկմանը՝  ճանաչված կուտյուրեները, ինչպես նաեւ հայ դիզայներները, իրենց աշխատանքներում օգտագործում են դարերից եկած ազգային զարդանախշեր, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ դրանք գերակշռում են  մեծերի համար նախատեսված իր զգեստներում եւ եթե ուշադիր նայենք, դրանք կտեսնենք նաեւ իր ստեղծած զարդերում։

Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031