Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու նախագիծ՝ տարածաշրջանի համար

Հուլիս 28,2021 14:00

Հարցերը լուծվելու են ռուս-թուրքակա՞ն, թե՞ եվրոպական ծրագրով

Անցած շաբաթ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» շուրջ՝ ինքնահռչակ պետություն, որը ստեղծվել է 1974 թվականին՝ թուրքական ներխուժման արդյունքում եւ առայժմ ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է կղզու թուրքական մասը եւ հայտարարել, որ բոլոր տեսակի բանակցությունները Կիպրոսի վերամիավորման թեմայով այլեւս արդիական չեն, եւ հիմա պետք է պայքարել Հյուսիսային Կիպրոսի անկախության համար: Էրդողանի այդ հայտարարությունը հակասում է մոտ  20 տարվա ընթացքում ՄԱԿ-ի ձեռնարկած քայլերին, որոնք ուղղված էին կղզու վերամիավորմանը: Այդ ջանքերն, ըստ էության, խափանվեցին 2015 թվականին, երբ Հյուսիսային Կիպրոսում իշխանության եկան միասնական Կիպրոսի հակառակորդները:

Հիշեցնեմ, որ ժամանակին Թուրքիայի դաշնակիցներ Պակիստանը եւ Բանգլադեշը փորձեցին ճանաչել Հյուսիսային Կիպրոսը: Բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 541 բանաձեւից հետո, որի 7-րդ կետն ուղղակիորեն արգելում է այդ ճանաչումը, այդ երկու երկրները «հետ վերցրեցին» իրենց ճանաչումը: Խնդիրն այն է, սակայն, որ այդ բանաձեւն ընդունվել է 1983 թվականին (երբ ինքնահռչակվել էր Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը), իսկ դրանից հետո շատ ջրեր են հոսել: Մասնավորապես, մենք չենք կարող համեմատել այսօրվա եւ 40 տարի առաջվա Թուրքիան, որն այս տասնամյակների ընթացքում դարձել է լրջագույն քաղաքական գործոն, եւ որի հետ առնվազն երկու գերտերություններ՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն իրականացնում են բազմապիսի ռազմաքաղաքական եւ տնտեսական ծրագրեր: Երրորդ գերտերության՝ Չինաստանի խնդիրը փոքր-ինչ այլ է, եւ դրա մասին՝ քիչ ավելի ուշ:

Հիմա թե՛ Թուրքիայի վերոհիշյալ դաշնակիցները, եւ թե՛ թիվ 1 դաշնակիցը՝ Ադրբեջանը, պատրաստ են ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, եւ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Արցախի խնդիրը համարում են փակված, Արցախի անկախությունը ճանաչելու համար, նրանց կարծիքով, ոչ մի հիմք չկա, ու հիմա կարելի է զբաղվել Կիպրոսի հարցի «ապասառեցմամբ»՝ մտավախություն չունենալով, որ կարող են ինչ-որ զուգահեռներ առաջանալ ճանաչելու առումով: Ի դեպ, տեղեկություններ կան, որ նույն տրամաբանությամբ հիմա ավելի ակտիվ ընթացք է ունենալու նաեւ Կոսովոյի ճանաչումը:

Ո՞ւմ շահերին են ամենաշատը հակասում Թուրքիայի «կիպրոսյան» հավակնությունները: Բնականաբար, այն երկրների, որոնք լուրջ հետաքրքրություններ ունեն Միջերկրական ծովում: Իսկ Եվրոպայում այդ երկրներից ամենահզորը Ֆրանսիան է: Դրանով է մասամբ պայմանավորված այդ երկրի ակտիվացումը տարածաշրջանում, նաեւ՝ միանշանակ պահանջը, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները շարունակվեն Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանին. «Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան եւ Հայաստանը միեւնույն ռազմական ալյանսների անդամներ չեն», – ասել է դեսպանը:

Բայց դա խճապատկերի մի մասն է միայն: Մյուս մասը պայմանավորված է այս տարածաշրջանում Ֆրանսիայի եւ տվյալ դեպքում՝ ամբողջ Եվրամիության հավակնություններով: Նույն հարցազրույցում Լաքոթը եւս մի ուշագրավ նկատառում է հայտնել: Նա խորհուրդ է տվել խուսափել «միջանցք» բառից՝ նշելով, որ այդ հասկացության հետ տհաճ հիշողություններ են կապված, օրինակ բերելով Դանցիգի միջանցքը: Դա ճանապարհ էր, որ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի միջեւ ընկած ժամանակահատվածում կապում էր Արեւելյան Պրուսիայի էքսկլավը մնացած Գերմանիայի հետ, եւ որը Հիտլերի միլիտարիստական հավակնությունների մի մասն էր: Զուգահեռն, ինչ խոսք, «Զանգեզուրի միջանցքը» պահանջող Ալիեւի օգտին չի խոսում:

Ի՞նչ է դրա տակ թաքնված: Իհարկե, այստեղ իրենց խոսքը պետք է ասեն քաղաքագետները, բայց առաջին տպավորությունն այն է, որ այս հարցում բախվում են երկու տարածաշրջանային նախագծեր: Մեկը «հյուսիս-հարավ» է, քարտեզին նայելով, այսպես ասած, «ուղղահայաց»՝ Եվրոպա -Սեւ ծով -Վրաստան-Հայաստան-Իրան-Պարսից ծոց, եւ այս տեսանկյունից կարելի է բացատրել, թե ինչու է ԵՄ-ն շոշափելի գումարներ հատկացնում «Սյունիքի կայուն զարգացմանը», այսինքն՝ Սյունիքով հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը: Ի դեպ, եթե կա նման ծրագիր, ապա մեր երկիրն, ինձ թվում է, պետք է լուրջ ուշադրություն դարձնի Վրաստանի հետ հարաբերությունների սերտացմանը: Երկրորդ ծրագիրը, որին լոբինգ են անում Ռուսաստանն ու Թուրքիան, պայմանականորեն ասած, հորիզոնական է, եւ դրա մասն է «Զանգեզուրի միջանցքը»: Այս ծրագրում, ըստ երեւույթին, կա նաեւ Չինաստանի շահագրգռվածությունը, քանի որ դա կարող է լինել «մեկ ճանապարհ-մեկ գոտի» նախագծի մի մասը:

Իհարկե, զուտ լրագրողական վերլուծության շրջանակներում հնարավոր չէ ասել, թե որ նախագիծն է «ավելի լավը» (նման պատասխանատվություն չեմ կարող ինձ վրա վերցնել), եւ արդյո՞ք հնարավոր է այդ երկու նախագծերը համատեղել: Համենայնդեպս, այդ խնդիրների շուրջ արժե մտածել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031