Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան չհերքեց Ալիեւի զանգեզուրյան բացահայտումները

Հուլիս 28,2021 12:00

Պուտինն ու Ալիեւը ակնկալում են Հայաստանից խաղաղության համաձայնագրի ստորագրում՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման պայմաններում

Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի եւ Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, Ադրբեջանն ու Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում, անցյալ շաբաթ այս մասին շեշտեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 20-ին կայացած բանակցությունների մասին:

Փաստացի Ալիեւը բացահայտեց Պուտինի հետ հանդիպման մանրամասները, եւ ամենակարեւորը՝ Մոսկվան չհերքեց Ալիեւի բացահայտումները, իսկ դա նշանակում է, որ այն, ինչ ասում է Ալիեւը, դրանք իսկապես ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններ են, միասնական դիրքորոշում է: Ավելին, վստահաբար Ալիեւը բարձրաձայնեց այդ մանրամասները՝ ունենալով Կրեմլի համաձայնությունը:

Այսպես, ինչ է պարզվում: «Մենք քննարկեցինք տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, այդ թվում` Զանգեզուրի միջանցքը եւ հետպատերազմական շրջանը: Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք»,- ասաց Ալիեւը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասնական կարծիք ունեն, որ «պատերազմը վերջացել է, հակամարտությունն ավարտվել է»: Հետեւաբար, նա նշել է, որ անթույլատրելի է Հայաստանի «ռեւանշիզմը»: «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ես տեղեկացրել եմ պարոն Պուտինին, որ Հայաստանն այդ հարցում կրկին անկեղծ չէ: Ես պարոն Շարլ Միշելի հետ մամուլի ասուլիսում ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է բացեն միաժամանակ, եւ չպետք է կիրառվի ընտրողական մոտեցում: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ հերթական անգամ ցանկանում է ինչ-որ խաղ տանել»,- ասել է Ալիեւը: Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես որ նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով, եւ ըստ Ալիեւի՝ Հայաստանը հունիսից փաստացի դադարեցրել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները:

Բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, եւ ոչ ընտրողաբար, ասում է Ալիեւը՝ մասնավորեցնելով, թե հայկական կողմը դժկամությամբ, բայց, ի վերջո, համաձայնել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող երկաթգծի գործարկմանը, սակայն հիմա էլ դեմ է ավտոճանապարհի բացմանը. «Դա հակասում է նոյեմբերի 10-ի հայտարարությանը, որտեղ նշված է` բացվում են ճանապարհները` երկաթուղին ու ավտոմոբիլայինը: Ինչպես կարող է Հայաստանը երկաթուղային կապ ստանալ Իրանի ու Ռուսաստանի հետ, իսկ մենք չկարողանանք Նախիջեւան գնալ ավտոմեքենայով: Նման բան չի կարող լինել», – նկատել է նա:

Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի եւ գոյություն ունի ռուս-ադրբեջանական մոտեցումների միասնական դիրքորոշում՝ սա Ալիեւի գլխավոր ուղերձն է, որից կարելի է նաեւ եզրակացնել, որ Պուտինն ու Ալիեւը ակնկալում են Հայաստանից խաղաղության համաձայնագրի ստորագրում՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման պայմաններում: Ընդ որում, Ալիեւը շեշտել է, որ Պուտինի հետ ունեն ջերմ, վստահելի հարաբերություններ, նա Ռուսաստանի հետ հարաբերություններն անվանել է՝ «ռազմավարական գործընկերության» մակարդակի. «Մենք ունենք ամուր բարեկամական կապեր եւ անձամբ ես պարոն Պուտինի հետ ունեմ շատ մոտ հարաբերություններ, մենք քաղաքական գործիչներ ենք: Մենք վստահում ենք միմյանց, ինչը շատ կարեւոր է»:

Հաջորդ ուշագրավ արձանագրումը: Ալիեւը նշում է՝ «մեր քայլերից որեւէ մեկը պատահական չի եղել», ապա հավելում է. «Մենք Հայաստանին օրակարգ ենք ուղարկել` խաղաղության պայմանագիր: Թող ասեն, որ չեն ուզում, թող հրաժարվեն: Ես իմ կողմից բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Ադրբեջանը պատրաստ է այս հարցի շուրջ բանակցությունների: Պատերազմն ավարտվել է, ուզո՞ւմ եք խաղաղություն, կարծես թե` այո, ուրեմն` ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թող ստորագրվի խաղաղության պայմանագիր եւ լուծվի սահմանների դելիմիտացիայի հարցը»:

Ինչ է ստացվում, հայկական կողմը պարբերաբար հայտարարում էր, թե խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման շուրջ բանակցությունները կարող են սկսվել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ետ կքաշի Հայաստանի տարածք մտած հարյուրավոր զինվորներին: Ալիեւը, սակայն, ցինիկաբար հակադարձում է` «ադրբեջանական զորքը գտնվում է ադրբեջանական հողում» ու հավելում՝ «Մենք նոր իրականություն ենք ստեղծել, եւ ոչ միայն ղարաբաղյան գոտում»:

Հիշեցնենք նաեւ, որ պաշտոնական Երեւանը վերջերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով բոլորովին այլ բան էր ասում: Նա «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր. «Միջանցքային տրամաբանության հարց ես երբեւէ չեմ քննարկել, չեմ քննարկում եւ չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, եւ էդ կոնտեքստում որեւէ բան մեկնաբանելու կարիք եւ անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է։ Եվ, անկախ նրանից, թե ով է ուրախանում, ով է տխրում, միեւնույն է՝ չի լինելու»։

Հետեւաբար ի՞նչ ասելիք ունի պաշտոնական Երեւանը Ալիեւի ռուս-ադրբեջանական վերջին բանակցությունների հիմքով հրապարակված բացահայտումների առթիվ: Ալիեւն ուղղակի ասում է՝ «ադրբեջանական զորքը Հայաստանի հետ սահմանին զբաղեցրած դիրքերից չի հեռանալու, դրանք մեր տարածքներն են»: Այս պայմաններում Մոսկվան ու Բաքուն Հայաստանին պարտադրում են խաղաղության համաձայնագրի ստորագրում: Հետեւաբար, ո՞րն է պաշտոնական Երեւանի դիրքորոշումն ու անելիքը…

Հիմա, Ալիեւը իր դիրքորոշումը հրապարակային ներկայացնում է, ավելին՝ Բաքվի այդ դիրքորոշումը հրամցնում է նաեւ միջազգային կառույցներին: Օրինակ, Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը Երեւանում` Փաշինյանի հետ ասուլիսում, այդ տարածքները վիճելի էր որակել, Ալիեւն ասում է` «Ձեւակերպումն ընդունելի չէ… Ես փորձեցի բացատրել, որ մենք դուրս ենք եկել մե՛ր սահմաններ։ Ինչու ենք դա արել միայն մայիսի՞ն՝ որովհետեւ երկու-երեք մետր նստած ձյունը թույլ չէր տալիս ավելի վաղ մոտենալ: Ձնհալից հետո, սակայն, մենք անմիջապես դուրս եկանք, զբաղեցրինք անհրաժեշտ բարձունքները, տեղակայվեցինք եւ կշարունակենք ամրապնդվել այնտեղ»: Ապա, հղում անելով ադրբեջանական հասարակությանը՝ նա շեշտում է, թե արդարացիորեն դժգոհում են, երբ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում նշում են, թե հակամարտությունը պետք է կարգավորվի. «Ես նրանց ասում եմ` ես` Ադրբեջանի նախագահս, արդեն լուծել եմ այդ հարցը, վերջ: Լեռնային Ղարաբաղ չկա, կարգավիճակ չկա… Կրկնում եմ` եթե ինչ-որ մեկը ուզում է կարգավիճակ տրամադրել, ապա Ամերիկայում մոտ մեկ միլիոն հայ է ապրում, Ֆրանսիայում` ավելի քան կես միլիոն, ինչո՞ւ այնտեղ հայերին կարգավիճակ չի տրվում»:

Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, այդպես է գոնե վստահեցնում Ալիեւը, հետեւաբար, 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հովանու ներքո ստորագրված 2 փաստաթղթերով ստեղծվել է ռազմաքաղաքական նոր իրավիճակ: Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ չեն կարող ձգել: Իրադրությունը հստակություն է պահանջում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031