Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցությունն իրենց զե՞նք էր խոստացել… Տեր-Պետրոսյանը շատ հստակ է ասում, պետք է տեղյակ լինես, որ հասկանաս ինչի է ասում». Արայիկ Մանուկյանը՝ հայտնի տեսանյութի մասին

Հուլիս 27,2021 21:21

Հրապարակախոս, խմբագիր, «Լրաբեր» լրատվական ծրագրի նախկին տնօրեն Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր համացանցում հայտնված հայտնի տեսանյութին, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի իշխանություններին առաջարկում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջեւ: Այդ տեսագրությունը կատարվել է 1993թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում։ Գաղտնի պայմանագրով Տեր-Պետրոսյանն առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, որ համաձայնեն ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվեն ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ Արցախին վերաբերող բոլոր պահանջները:

Այս տեսանյութի հետ կապված տարաբնույթ մեկնաբանություններ կան, մասնավորապես, Թաթուլ Հակոբյանը գրել է, որ նկարահանումն  արել է նախագահի «լիչնիկը», այսինքն, անձնական օպերատորը: Մինչդեռ Արայիկ Մանուկյանը լույս է սփռում՝ պարզաբանելով, որ իրականում այդ նկարահանումն արել է «Լրաբերը» ու այն ժամանակ լինելով «Լրաբերի» տնօրենը,  բնականաբար ծանոթ է ոչ միայն հրապարակված հատվածին, այլեւ ամբողջական տեսագրությանը:

Aravot.am-ի հետ զրույցում Արայիկ Մանուկյանը հիշեցրեց, որ նախագահն այն ժամանակ «լիչնիկ» չուներ, հետեւաբար այդ փոքր դետալում անգամ երեւում է, որ թյուր պատկերացումներ կան. «Երբ որ Քոչարյանը եկավ, դարձավ շատ հզոր պետության ղեկավար, «լիչնիկներ» պահեց: Իսկ այն ժամանակ «լիչնիկ» չկար, գիշերով մի կերպ օպերատորին գտանք, քնից հանեցինք…դետալներ կան, որոնք բովանդակության մեջ բան չեն փոխում, բայց պատմության համար կարեւոր են»:

Հարցին՝ տեսագրության ամբողջական տարբերակը կարո՞ղ է փոխել հիմնական թեզերը, որոնք շրջանառվում են այդ դրվագի հետ կապված՝ Արայիկ Մանուկյանը պատասխանեց, որ մանրամասների մասին չի խոսի, որովհետեւ մեկ խոսակցությամբ հնարավոր չէ ներկայացնել իրավիճակը. «Ինչ էլ խոսենք, կիսատ է մնալու: Պետք է սկսել պատմել, թե դրանից մի ամիս առաջ, Քարվաճառը գրավելուց առաջ ինչ եղավ, ոնց գրավվեց, հետո՞ ինչ եղավ, ինչում էր խնդիրը, Ռուսաստանն ինչ էր ուզում, ԱՄՆ-ն ինչ էր ուզում, նախագահն ինչ էր ուզում ու ղարաբաղցիներն ինչին էին դեմ: Ես չհասկացա, թե ով է հրապարակել այդ տեսանյութը, բայց կարող եմ ենթադրել նպատակը: Դա ընդամենը մանիպուլյատիվ ինչ-որ բաներ գեներացնելու  համար էր: Երեկվանից կարդում եմ մեկնաբանություններ, բացի 1-2 սթափ մոտեցումից, օրինակ, Վահրամ Ավանեսյանի, ուրիշ բան չկա: Մնացածը մարդիկ են, որոնք սկի տեղյակ չեն, թե ինչ է եղել, ինչի մասին է խոսքը, այնքան որ առաջին նախագահին կպնեն՝ իրենք սկսում են ինչ-որ բան խոսել, կամ ղարաբաղցիներին կպնեն՝ ինչ-որ բան խոսել: Անիմաստ է դա: Պետք է շատ լուրջ վերլուծություն արվի, դրվի այս հանրության առաջ ու ասվի՝ սա է եղել, եկեք շատ բաց Ղարաբաղի խնդրի մասին խոսենք: Ու այդ խոսակցությունը պետք է ամեն ինչից վեր լինի, ամենայն ճշմարտությունը պետք է ասվի, որ մարդիկ իմանան՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ: Ոչ թե ինչ-որ մեկնաբաններ սկսեն մեկնաբանել, հատկապես՝ չիմացածը»:

Մեր դիտարկմանը, որ այդ դրվագի հետ կապված հուշագրություններ կան, օրինակ, Գեղամ Բաղդասարյանի գրածը՝ Արայիկ Մանուկյանն արձագանքեց, որ նա փորձել է սղագրություն անի, բայց եթե համեմատենք նրա գրածը հրապարակված տեսանյութի հետ, կպարզենք, որ այնքան էլ լավ չի սղագրած. «Շատ կարեւոր է: Երբ որ ստորակետը, իր ասած բառը, ձեւը, ինտոնացիան բաց ես թողնում, բան է փոխվում քաղաքական ընկալման մեջ: Բացի Գեղամ Բաղդասարյանի գրածից, ես ուրիշ լուսաբանում չեմ հանդիպել, մնացածը մատից հոտ քաշելու վերլուծություններ են, որոնք այսօր ամեն հարցի հետ կապված թափառում են»:

Ըստ պարոն Մանուկյանի, եթե վերլուծողները չեն «բացում» այն ժամանակվա աշխարհաքաղաքական իրավիճակը, դետալացված չեն ներկայացնում՝ Ղարաբաղի վիճակը, Հայաստանի վիճակն ինչպիսին էր, այս ամեն ինչը մեծ կապ ունի Դաշնակցության հետ, եթե չեն բացում, անիմաստ է առհասարակ այս խոսակցությունը:

Իսկ թե ինչու բաց չեն խոսում՝ այսպես պատասխանեց. «Հնարավոր չէ բացել ո՛չ ֆեյսբուքի համար, ո՛չ երկու էջով, ո՛չ երկու խոսքով: Լուրջ աշխատանք պետք է արվի ու դրվի իսկապես հանրության սեղանին: Ի վերջո Հայաստանը պետք է մի քիչ ավելի լուրջ վերաբերվի այդ կարգի հարցերին»:

Ինչ վերաբերում է տեսագրությունը հանրայնացնողին, Արայիկ Մանուկյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա Տեր-Պետրոսյանի կողմն է գցել, որովհետեւ ինքը շատ պեդանտ է այդպիսի հարցերում եւ 100% վստահ եմ, որ իրենց կողմը չի գցել: Թե ով է արել, կարելի է ենթադրել: Պիտի որ երկրորդ կողմը  չունենար այդ տեսագրությունը: Ամեն դեպքում դա էլ էական չի ով է գցել համացանց, նպատակն էլ չի հասկացվում: Այսօր, երբ խառն է, լիքը անորոշություններ կան, չի հասկացվում, թե ինչի համար է դա արվում: Բայց բաց խոսակցություն Արցախի հարցի հետ կապված շատ է անհրաժեշտ»:

Դիտարկմանը, որ թերեւս, մամուլի հրապարակումներով, դեպքերի համադրություններով հնարավո՞ր է ամբողջական պատկերը ստանալ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը 2008թ. փետրվարին, երբ նախագահի թեկնածու էր, ասում էր, որ այդկերպ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճնշում էր գործադրում Արցախի իշխանությունների վրա՝ պահանջելով նրանցից Ադրբեջանին հանձնել Քարվաճառի շրջանը՝ Արայիկ Մանուկյանը հակադարձեց, որ հիմա մամուլին դժվար է վստահել, գուցե սխալ են արտաբերել. «Ինչ է ասել Քոչարյանը, չգիտեմ, բայց այո՛ ճնշում էր, ինչի պետք է ճնշում չլինե՞ր: Որոշակի ճնշում էր, բայց այդ ճնշումը  պարտադրում էր աշխարհաքաղաքական իրավիճակը, պարտադրում էր Ղարաբաղի շահը, Հայաստանի շահը եւ տարբեր շահեր: Հիմա կարելի է 28 տարվա հեռվից նստել ու ասել՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածով լիներ, այսօր կարող է այլ կերպ լիներ եւ այլն, բայց դա շատ պրիմիտիվ է, որովհետեւ այն ժամանակ կար ազգային, պետական շահ՝ Ղարաբաղի խնդրի, Հայաստանի հետ կապված շահ կար, դրա համար որոշակի պայման էր առաջադրում Տեր-Պետրոսյանն այդ լուծման համար: Չհամաձայնեցին եւ գործընթացները գնացին այլ կերպ: Հիմա, երբ ես ասում եմ, որ պետք է վերլուծել, չեմ ասում նրա համար, որ ասեն՝ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր կամ ինչ-որ մեկը սխալ էր: Չէ՛: Հնարավոր չի, որ եթե 28 տարի առաջ գործընթացներն այլ ուղղությամբ են գնացել, փոխել: Քաղաքականության մեջ «եթե» չկա, ոչ մեկը գուշակ չի: Ուղղակի բաց վերլուծությունը պետք է, որ այսօր հասկանանք, թե ինչ պետք է անել, ոչ թե նրա համար, որ գնահատական տանք 28 տարի առաջ եղածին: Դա արդեն եղած է, անկախ նրանից, թե ինչ հետեւանքներ է ունեցել»:

Փոխանցեցինք այդ դրվագի հետ կապված Արցախի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի մեկնաբանությունը. «Այն ժամանակ շատ դժվար է եղել Ռուսաստանին մեզ խեղճացնել: Ահավոր դժվար է եղել: Ռուսաստանն այդ ուժը չուներ, այդ հնարավորությունները չուներ, որ մեզ շանտաժի ենթարկեր: Բայց մեզ եղել է դիվերսիֆիկացիայի հնարավորություն: Մենակ Ռուսաստա՞նն է զենք վաճառում»:

Արայիկ Մանուկյանն արձագանքեց. «Եթե Ռուսաստանը չուներ այն ուժը, որ Ղարաբաղին կարողանար շանտաժի ենթարկել, ինչ ասեմ…ուրեմն այդքան էին ղարաբաղցիներով պատկերացնում: Ի՞նչ այլընտրանքներ ունեին, որտեղի՞ց էր իրենց այլընտրանքը, դե թող ասեն իրենց այլընտրանքների մասին: Որո՞նք էին իրենց այլընտրանքները, Դաշնակցությունն իրենց զե՞նք էր խոստացել…Բայց զենքը այդտեղ ամենավերջին փաստարկներից մեկն է, Տեր-Պետրոսյանը այդ նյութի մեջ շատ հստակ է ասում: Պետք է տեղյակ լինես, որ հասկանաս ինչի է ասում: Այդ ժամանակ, երբ ասում է՝ ձեռք չբերենք Ելցինի նման հիշաչար մարդ, թշնամի, ինքը չի չափազանցնում, որովհետեւ իսկապես Բաթումից Ելցինի խոստացած նավը կարգադրել էին եւ հետ էր գնում: Հայաստանում մնացել է մի քանի օրվա փամփուշտ եւ մի քանի օրվա սնունդ: Հիմա երբ ինքն ասում է, թե ուրիշ այլընտրանքներ ունեինք, այդ ո՞ր պետության այլընտրանքն է, թող ասեն՝ իմանանք: Կարող է իսկապես կար՝ Տեր-Պետրոսյանը չգիտեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031