Ճանաչենք մեր հերոսների պատմությունը
2021թ. հուլիսի 27-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչման արարողություն՝ ի հիշատակ դպրոցի նախկին շրջանավարտ, հայրենիքի պաշտպան Մելիք Երեմի Հարությունյանի և նրա սխրագործությունների:
Դասասենյակի անվանակոչումը նախաձեռնվել է «Թութոք Արմենիան» ընկերության կողմից՝ Վայոց ձորի մարզպետարանի և Վայքի հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ:
Մելիք Հարությունյանը ծնվել է 1998 թ. Վայք քաղաքում: 2017-2019թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում, որի ընթացքում անձնվիրաբար և մեծ պատասխանատվությամբ կատարել իր զինվորական պարտականությունները:
Բազմաթիվ նպատակներ ուներ իր հետագա կյանքը և գործունեությունը շարունակելու, սակայն հայրենիքը դասելով այդ ամենից առավել, 2020թ. պատերազմի սկսվելուց հետո կամավորագրվել է և զինակից ընկերների հետ մեկնել ռազմաճակատ՝ հայրենիքին արժանի դառնալու անսպառ ձգտումով:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը իր խոնարհումը հայտնեց Հարությունյան ընտանիքին, նշելով, որ դասասենյակի անվանակոչումը միտված է ոչ միայն հարգանք դրսևորելու մեր հերոսների նկատմամբ, այլև ունի առավել կարևոր առաքելություն՝ հետագա սերունդներին փոխանցել նրանց պատմությունը, ովքեր իրենց հերոս եղբայրների և հայրերի օրինակով դաստիարակվելու են հայրենասիրության, անձնուրացության և խիզախության բարձրագույն արժեքներով:
Հավերժ փառք մեր հերոսներին և նրանց սխրանքին
Բարի ծառայություն հայ զինվորին, խաղաղություն Հայոց աշխարհին:
Վայոց Ձորի մարզպետարան