Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ ՌԴ-ն այդ ուժը չուներ, որ մեզ շանտաժի ենթարկեր…պետք էր տնտեսությունը զարգացնել, ոչ թե լցնեիք ձեր գրպանները». Կարեն Օհանջանյանը՝ Տեր-Պետրոսյանի տեսանյութի մասին

Հուլիս 27,2021 18:13

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի իշխանություններին առաջարկում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջեւ:

Այդ տեսագրությունը կատարվել է 1993թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում։ Գաղտնի պայմանագրով Տեր-Պետրոսյանն առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, որ համաձայնեն ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվեն ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ Արցախին վերաբերող բոլոր պահանջները: Մասնավորապես, 2008թ. փետրվարին՝ ՀՀ նախագահական ընտրություններից առաջ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը պատմել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճնշում էր գործադրում Արցախի իշխանությունների վրա՝ պահանջելով նրանցից Ադրբեջանին հանձնել Քարվաճառի շրջանը:

2009թ. փետրվարին «Անալիտիկոն» հանդեսում լրագրող Գեղամ Բաղդասարյանը, որը իբրև Արցախի կառավարության լրատվական բաժնի ղեկավար ներկա է եղել հիշյալ քննարկումներին, գրել է, որ Տեր-Պետրոսյանը պնդել է, որ Հայաստանի վրա մեծ ճնշում կա, Ռուսաստանը մեզ զենք չի տա:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանին (լուսանկարում) հարցրեց՝ արդյոք այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հակաարցախյան քայլ էր փորձում անել: Նա պատասխանեց. «Այն ժամանակ ԼՂ գոյության համար ռազմական գործողությունների զարգացման տեսանկյունից Քելբաջարը շատ մեծ ու որոշիչ նշանակություն ուներ: Դրա համար Արցախի իշխանությունները, ԼՂ Ազգային ժողովը դեմ էր ու ընդդիմանում էր: Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ իշխանությունների կողմից մեծ ջանքեր էին գործադրվում, որ Արցախի իշխանությունները փոխզիջումների գնային եւ ազատեին ազատագրված տարածքները: Իսկ այն, ինչ հիմա է մեկնաբանվում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասել է՝ պետք է տալ հողերը՝ խաղաղության դիմաց եւ այլն, այդ տարածքները գրավվել են հենց այդ նպատակի համար, որ մենք շատ տարածքներ վերցնենք՝ հետագայում փոխանակման համար: Բայց ԼՂՀ-ում գործընթացների զարգացումը բերեց նրան, որ Ղարաբաղն առանձին կարող էր իր անվտանգությունն ապահովել, ինքնավարություն ունենալ՝ իհարկե, բանակի օգնությամբ: Այս բաղադրիչները միջազգային իրավունքի համար կարեւոր էին՝ ինքնավար հանրապետությունները ճանաչելու համար: Մենք սկսեցինք զարգացնել բուֆերային գոտիները, այսպես կոչված գրավյալ տարածքները եւ տնտեսական աճի զարգացման տեմպերն արդեն շոշափում էին հնարավոր կանխատեսումներ, որ որպես հանրապետություն, այն կայանում է:

Իսկ այն, ինչ կատարվեց այսօր, դա պարզապես Ռուսաստանի գործարքն էր՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ Ղարաբաղը վաճառելու եւ փոխարենը ստանալու քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներ: Գիտենք, որ Ռուսաստանը հիմա տնտեսական մեծ սանկցիաների տակ է ու ճնշումներ կան: Այդպիսի փորձ Ռուսաստանն արել է նաեւ նախկինում՝ 2016-ի ապրիլին, բայց այդ ժամանակ Ղարաբաղի ռազմական ղեկավարությունը կայուն էր ու անկազմակերպ չէր, ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո ու նրանք ընդդիմացան եւ ջախջախիչ հարված հասցրեցին Ադրբեջանի հավակնություններին՝ ջախջախելով հարյուրավոր տանկերից բաղկացած խումբը, որը շարժվում էր դեպի Ստեփանակերտ: Եվ դա դարձավ որոշիչ գործոն:

Այս անգամ մենք կորցրեցինք այդ պահը՝ անմիջապես հարված հասցնելու ու արդյունքը տեսնում ենք՝ մեծ հաշվով Արցախի պետականության կորուստն է: Դրա մեղքը միայն Նիկոլ Փաշինյանինն է, որը, գալով իշխանության, բարոյազրկեց ամբողջ զինված ուժերը եւ բոլոր հայտնի ռազմական ղեկավարներին, հրամանատարներին իրենց պաշտոններից հանեց: Իսկ ռազմական գործը արվեստ է ու դրան հասնում են տարիների աշխատանքի շնորհիվ: Նա ոչնչացրեց այդ ռազմական կառույցը ու չստեղծեց ոչինչ ու չկարողացավ մարտունակ բանակ կառավարել, որը ճգնաժամային պահերին կկարողանար ճիշտ որոշումներ կայացնել: Ռազմական ճիշտ որոշումների բացակայությունը բերեց այսօրվա ձախողման ու դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն է՝ Արցախի իշխանությունների, Արցախի պաշտպանության նախարարության հետ միասին: Դա հանցագործություն էր»:

Դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արցախի իշխանություններին համոզելու համար ասել է, որ Ռուսաստանը մեզ զենք չի տա, այսինքն, ռուսներն այդպես այն ժամանակից սկսած փորձել են Ղարաբաղի առեւտո՞ւրն անել՝ Կարեն Օհանջանյանը պատասխանեց. «Հա, բայց միաժամանակ դու այլ հնարավորություններ էլ ունես, դու մենակ Ռուսաստանի հետ չես կապված: Այն ժամանակ շատ դժվար է եղել Ռուսաստանին մեզ խեղճացնել: Ահավոր դժվար է եղել: Ռուսաստանն այդ ուժը չուներ, այդ հնարավորությունները չուներ, որ մեզ շանտաժի ենթարկեր: Բայց մեզ եղել է դիվերսիֆիկացիայի հնարավորություն: Մենակ Ռուսաստա՞նն է զենք վաճառում, վաճառում են տարբեր երկրներ, ե՛ւ բարեկամ, ե՛ւ ոչ բարեկամ: Մենք կկարողանայինք ձեռք բերել, պարզապես պետք էր գրագետ ձեւով տնտեսությունը զարգացնել երկրի, ոչ թե լցնեիք ձեր գրպանները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031