Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումով Սահմանադրական դատարանը կասեցրել էր բուհերի հոգաբարձուների խորհուրդների վերաբերյալ կառավարության նոր որոշումը:
ՍԴ որոշումը, սակայն, դեռ վերջնական չէ եւ գործի ելքը չի որոշում, որովհետեւ կասեցվել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվեր դատարանի հիմնական նիստում, որը նշանակված էր հուլիսի 27-ին:
Aravot.am-ի հետ զրույցում ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը հայտնեց, որ հուլիսի 27-ի հետ կապված բոլոր քննությունները հետաձգվել են. «Միայն մեկ դատաքննությամբ ենք ունեցել որոշում, այն էլ սննդի անվտանգության հետ կապված գործ էր»:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության որոշումն իրոք հակասահմանադրական է, որովհետեւ բուհերն այդ պարագայում զրկվում են ինքնավարությունից. «Իսկ բուհերը չեն կարող զրկվել ինքնավարությունից, որովհետեւ բուհերում պրոֆեսորադասախոսական կազմ կա, ուսանողություն, եւ իրենք եւս ձայն պետք է ունենան: Մի խոսքով, դա կառավարության ոչ իրավաչափ որոշում էր, եւ ես միայն գոհունակություն եմ հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի այդ քայլի համար»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ