Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքերը, ոտքերը կապել, գցել են գետնին, ծեծել. վայրենություն, գազանություն է, նման մարդու նորմալ մարդը չի խփի». Մաճկալաշեն համայնքի ղեկավարը՝ համայնքի բնակչի գերեվարման առիթով

Հուլիս 27,2021 17:49

«Սա ևս մեկ ցուցիչ է, որ որևէ կերպ հնարավոր չէ խոսել խաղաղ գոյակցության մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից 32-ամյա Արտակի գերեվարմանը, նրա նկատմամբ բռնության գործադրմանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ բնակիչը գերեվարվել էր հուլիսի 26-ին: Նա զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այնուհետև նա ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել: Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը:


Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ բռնությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում, որ խաղաղ գոյակցության մասին խոսել ուղղակի անիմաստ է: Արցախի ՄԻՊ-ն ասաց. «Ընդամենը չորս-հինգ ժամ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելով՝ մարդու ոտքն է վնասվել, ծեծի ենթարկվել, անմարդկային վերաբերմունքի արժանացել»:

Մեր այն դիտարկմանը, թե ադրբեջանական սոցիալական ցանցերում խոսում են այն մասին, թե իբր դիտավորություն է եղել, Արցախի ՄԻՊ-ն այսպես արձագանքեց. «Որևէ դիտավորության մասին խոսք լինել չի կարող, որովհետև անձն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն՝ հոգեկան խնդիրներ, և պարզից էլ պարզ է, որ ուղղակի տեղանքում չկողմնորոշվելով և կոնկրետ չիմանալով՝ որտեղ է ավարտվում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքը և որտեղ սկսվում ադրբեջանականը, հայտնվել է նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքում»:

Գեղամ Ստեփանյանը փաստեց՝ սա առաջին դեպքը չէ, քանի որ այս խնդիրն առկա է հիմա Արցախում: Ու պարզաբանեց. «Ոչ բոլոր մասերում են սահմանազատիչ նշաններ առկա, և հաճախ քաղաքացիներն ամբողջությամբ տեղյակ չեն՝ որն է մեր, որը Ադրբեջանի տարածքը»:

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց՝ միջադեպի մասին տեղեկացված են միջազգային համապատասխան մարմինները՝ մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ հատուկ մարմինները, տեղեկացված են նաև Արցախի իրավապահ մարմինները, և առաջիկայում քրեական գործ է հարուցվելու հանգամանքներն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար»:

Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանից հետաքրքրվեցինք՝ բռնության ենթարկված անձի առողջական վիճակն ինչպե՞ս է գնահատվում, նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ դինամիկան դրական է, ոտքը գիպսի մեջ է: Ինքը հոգեկան շեղումներ ունի»:

Համայնքի ղեկավարը որոշ մանրամասներ հայտնեց իրենց համայնքի բնակչի նկատմամբ ադրբեջանական վերաբերմունքից. «Ձեռքերը, ոտքերը կապել, գցել են գետնին, ծեծել: Ամեն մարդ չի անցնի երկու պոստի արանքով: Արտակը հոգեկան շեղումներով երկրորդ կարգի հաշմանդամ է: Դրա համար էլ չի գիտակցել՝ ուր է գնում, ինչի համար, մինչև չեն եկել, բռնել, տարել»:

Համայնքի ղեկավարն ասաց, որ նրա ընտանիքում վախի մթնոլորտ չէ, ամեն ինչ նորմալ է:

Մեր հարցին՝ այս միջադեպն էլ հաշվի առնելով՝ խաղաղ գոյակցության մասին խոսակցություններն իրատեսակա՞ն են, Լեռնիկ Ավանեսյանը պատասխանեց. «Իրենց կողմից, իհարկե, իրատեսական չէ: Վայրենություն, գազանություն է, նման մարդուն չեն խփում, բայց դա նրանց ձեռագիրն է: Ինքն ուղղակի նենց մարդ է, որ նորմալ մարդը ձեռք չի բարձրացնի նման մարդկանց վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031