Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում հայտնի կդառնա Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի անունը․ Շիրակի մարզպետը փակագծեր է բացում

Հուլիս 27,2021 17:34

Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Գյումրիում ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու առաջադրելուն, ասաց․ «Այդ մասին դեռ վաղ է իմ կողմից բարձրաձայնելը, քանի որ քաղաքական որոշում պետք է լինի։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուի անունը, որը որ պիտի գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրիում, թե՛ մնացած տեղերում։ Այնպես որ, կարծում եմ, մենք ունենք ժամանակ, բայց շատ քիչ, և ինձ թվում է՝ շուտով բոլորն այդ մասին տեղյակ կլինեն»։

Այն հարցին էլ, թե մարզպետի կարծիքը կլսե՞ն թեկնածուներ առաջադրելիս՝ նա պատասխանեց, որ ներքին աշխատանքային հարաբերություններ են, որոնց մասին չի կարող բարձրաձայնել։

Մարզպետը խոսեց նաև ներդրումներից, աշխատուժի պակասից։

Նա ասաց, որ մարզում անհրաժեշտ են այնպիսի ներդրումներ, որոնք աշխատատեղեր ստեղծեն՝ մարզի բնակիչներին աշխատանքով ապահովելու համար, այլ ոչ թե այնպիսի կազմակերպություններ ստեղծեն, որ մարզից ոչ մեկը չկարողանա աշխատել։

Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ, այս պահին Շիրակի մարզում կա բանվորների ու վերապետների մեծ կարիք, շինարարական կազմակերպություններն այդ մասին են ահազանգում։

Հովհաննես Հարությունյանի մեկնաբանմամբ, շինարարական աշխատանքները մի քիչ ուշ սկսվեցին, մարդիկ ստիպված գնացին արտագնա աշխատանքի։

«Հիմա մենք մեր խողովակներով փորձում ենք տեղյակ պահել այդ մարդկանց, որ այստեղ նույնպես կա աշխատանք, միգուցե նրանք ավելի շուտ վերադառնան և համալրեն այդ շինարարական կազմակերպությունները և կարողանան մասնակցել այդ աշխատանքներին, տեղում ունենան աշխատանք», -ասում է մարզպետը։

Նա նաև նշում է, որ իր առաջին գործերից մեկը կլինի աշխատուժի հստակ քարտեզագրումը, դա արդեն իր գլխում պատրաստ է։

«Կարելի է արդեն թղթին հանձնել, ու մենք կտեսնենք՝ ինչ աշխատուժի հնարավորություն ունենք մարզում, ինչքան աշխատողներ ունենք, որոնք կարող են բանվորական աշխատանքներ կատարել, որոնք վարպետներ են, նեղ մասնագիտություններ ունեն, որոնք կարող են իրենց աշխատանքը իրականացնեն տարբեր ոլորտներում։ Իրականում պատկերը մի քիչ տխուր է, որովհետև սոցիալական ծանր բեռն ունենալով՝ շատ մարդիկ չեն զբաղվել ինքնակրթությամբ, չեն կրթվել և այդ մասնագիտությունների առկայության վակուում է առաջացել , մեզ ժամանակ է պետք, որպեսզի այդ վակուումը լցնեք»։

Նա նշեց, որ աշխատատեղերը պետք է ստեղծվեն՝ այդ տրամաբանությունից ելնելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031