Yerkir.am. Վարչական վերաքննիչ դատարանն այսօր հրապարակած որոշմամբ մերժեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատական ակտը։ Առաջին ատյանի դատարանը, դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, պարտավորեցրել էր վարչապետ Փաշինյանին՝ վերականգնել Իգոր Սարգսյանին նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Այդպիսով՝ դատարանն անվավեր էր ճանաչել Նիկոլ Փաշինյանի՝ Իգոր Սարգսյանին պաշտոնից ազատելու որոշումը։
Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Թովմասյանի, դատավորներ Կարեն Ավետիսյանի և Քրիստինե Մկոյանի մասնակցությամբ, հաստատել է, որ առաջին ատյանի դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները և կիրառելով դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, եկել է գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման, և վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող հիմք դառնալ նշված դատական ակտը բողոքարկելու համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: