Մոտ մեկ ամիս է, որ օգտագործված գործիքներ, հագուստ եւ այլ իրեր վաճառողներին այլեւս չի թույլատրվում առեւտուր կազմակերպել «Դինամո» մարզադաշտի հարակից տարածքում։ Այսօր վաճառողները կառավարության դիմաց էին՝ բողոքելու իրենց պայմաններից։
Տղամարդկանցից մեկը, որը ներկայացավ որպես վաճառողների համար պատասխանատու, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ինձ կանչել են ու ասել, որ ժողովրդին հեռացնեմ այդ տեղամասից։ Ուզում են ժողովրդին հեռացնել, որպեսզի վերջինս դուրս գա կառավարության դեմ։ Բայց ժողովուրդը խոհեմ է, ես երբեք չեմ թույլատրի, որ ժողովուրդը կառավարության դեմ դուրս գա։ Մենք 100%-ով, 1000%-ով վստահում ենք կառավարությանը։ Մենք չենք վստահում գռփող փայատերերին։ «Դինամո» մարզադաշտի ղեկավարությունը, կայանատեղի դարձնելով վտարված ժողովրդի աշխատատեղը, չի ցանկանում ժողովրդին վերադարձնի իրենց աշխատանքին։ Որոշ ուժեր Քոչարյանի ջրաղացին ջուր են լցնում, որպեսզի ժողովուրդը դուրս գա կառավարության դեմ։ Ժողովուրդը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի գռփել, չի լափել, չի թալանել, չի սպանել։ Ինձ ասել են՝ եթե ուզում ես աշխատես, նպաստի, որ Փաշինյանի օգտին չքվեարկեն»։
Տղամարդու խոսքով՝ վաճառականներին մարզադաշտի հարակից՝ Վրացյան փողոցից հանել-ուղարկել են «Հրազդան» մարզադաշտ, որպեսզի օգուտ ունենան, տեղի վարձակալության գումար ստանան, որը վճարել իրենք ի վիճակի չեն․ «Ուզում ենք հանդիպել հարգելի Փաշինյանի՝ մեր առաջնորդի հետ։ Եթե չի ուզում, ուրեմն թող հեռանա, թող միանա ընդդիմադիր թալանչիներին»։
Վաճառականները նշեցին, որ ծանր պայմաններում են աշխատում՝ արեւի տակ, առանց ջրի ու պետքարանի, հազիվ 2000-5000 դրամ են վաստակում, բայց հիմա դրանից էլ են զրկվել։
Կարդացեք նաև
Մեկ այլ վաճառական էլ հայտարարեց՝ դեռեւս շաբաթ օրը հանդիպել են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, նա էլ տեղեկացրել է, որ իրենց առաջարկվում է «Հրազդան» մարզադաշտ տեղափոխվել։ Սա, սակայն, վաճառականներին չի բավարարում․ վարձակալության գումար չեն կարող վճարել ու պահանջում են անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ