Յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ աշխարհում հեպատիտից մահանում է 1 մարդ: ՀՀ-ում այս վիրուսից մահացության ցուցանիշը նույնպես բարձր է: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով, վիճակը լուրջ է այն առումով, որ հեպատիտներն ընթանում են հիմնականում անախտանշան եւ մարդիկ չիմանալով այդ մասին՝ չեն դիմում բժշկական կենտրոններ, իսկ հիվանդության մասին իմանում են 15-20 տարի հետո՝ բարդության փուլում, ինչի հետեւանքով էլ, ըստ տիկին Աբովյանի, ունենում են «լյարդի ցիռոզ կամ առաջնային քաղցկեղ»:
Վաղը՝ հուլիսի 28-ին հեպատիտի դեմ պայքարի օրն է: Այդ օրվա կարգախոսն է՝ «հեպատիտը չի կարող սպասել»:
Ռոմելլա Աբովյանի խոսքով, ամբողջ աշխարհում հեպատիտով ապրում է 325 միլիոն մարդ, 170 հազար մարդ էլ մահանում է հիվանդությունից. «Սակայն վերջին շրջանում ունենք հեպատիտ C-ի եւ B-ի նվազում: 2020 թվականին արձանագրվել է հեպատիտների 1244 դեպք, ընդ որում դրանց 85 տոկոսը եղել է անախտանիշ»:
Ըստ ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Նարինա Սարգսյանցի, պետք է աստիճանաբար ավելացնեն բուժվողների թիվը. առաջին տարվա համար նախատեսվում է 1000 հիվանդի բուժում. «Այս տեմպերով 2026 թվականին կհասնենք գագաթնակետին, որից հետո բուժվողների թիվը պետք է պահպանվի մինչեւ 2030 թվականը: Ծրագիրն արդեն մեկնարկել է, որը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերից, դեղերն անվճար տրամադրվում են, առաջնայնությունը տրվում է այն հիվանդներին, որոնց խնդիրն արդեն բարդ վիճակում է: Այս ամենի համար պետք է ունենանք հստակ ախտորոշում: Իրականում այս տարի ավելի մեծ թվով հիվանդների կարող ենք բուժել, ուղղակի նախնական այս թիվն է, որը հաստատ կարող ենք իրագործել»:
Կարդացեք նաև
Ըստ մասնագետների, վերջին տարիներին 68000 անձ ունեցել է հեպատիտ C, որի բուժման համար առաջարկվել է բուժման 2 տարբերակ, ինչի շնորհիվ 2030 թվականին հիվանդությունը գրեթե լրիվ վերացած կլինի: Ըստ նրանց, Հայաստանը նախնական շրջանում չի ունեցել հակավիրուսային դեղեր, հետագայում է ձեռքբերել՝ ՀՀ առողջապահության նախարարության միջոցներով:
Մասնագետների խոսքով՝ չնայած այն բանին, որ հեպատիտ B-ն կառավարելի է եւ բուժվող, սակայն C-ի համար դեռեւս չկա պատվաստանյութ:
Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հեպատոլոգիական կլինիկայի ղեկավար Հասմիկ Ղազինյանի խոսքով՝ 2017 թվականից սկսած, ՀՀ-ում իրականացվում են էլիմինացիայի փոքրիկ ծրագրեր, որոնք սկսվել են Վրաստանի տրամադրած դեղամիջոցով: Առ այսօր այդ ծրագրերը շարունակվում են. «Ունեցել ենք նմանատիպ տարբեր ծրագրեր, որում ընդգրկվել են 50-100 հոգի, բոլորի մոտ հակավիրուսային էֆեկտիվությունը եղել է լավ ու առողջացել են վիրուսային հեպատիտ C-ից: Շուտով կունենանք այլ ծրագրեր, որոնք կընդգրկվեն ազգային ծրագրի մեջ: Կարծում եմ՝ մենք կարող ենք ու ի վիճակի ենք շարժվել այն ռիթմով, որը առաջարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Իզուր չէ, որ կարգախոսը հեպատիտի այսպիսին է՝ հեպատիտը չի կարող սպասել»:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ