Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչները համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի հրաժարականի պահանջով այսօր բողոքի ցույց էին անում։
Դեռ 2019 թվականին Արարատի մարզպետարանը Ավշար գյուղում մի շարք խախտումներ էր հայտնաբերել։ Դրանցից առավել ուշագրավը համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի «հնարամտությունն էր», նա դպրոցի հին եւ մեծ շենքը համայնքային դարձնելուց հետո աճուրդով վաճառել է իր վարորդին, վարորդն էլ՝ համայնքապետի աղջկան, հետո համայնքապետը գույքի վարձակալության պայմանագիր է կապել իր աղջկա հետ։ Այս շենքի վաճառքի մասին հայտարարությունը տեղադրվել էր list.am-ում, որտեղ դպրոցի հին շենքը վաճառքի է հանվել 240 հազար դոլարով: Այս մասին հայտարարել էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Այս հայտարարությունները Սուրիկ Գրիգորյանը զրպարտություն է համարել եւ դատական հայց ներկայացրել Գարիկ Սարգսյանի դեմ։
Հիշեցնենք, որ Ավշարի համայնքապետարանը համայնքի ղեկավարի գլխավորությամբ անցած տարի դեկտեմբերին միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Ցույցի կազմակերպիչներն այսօր հայտարարեցին՝ 2017-2021 թվականների համար Ավշարի համայնքապետարանը զարգացման ծրագիր ունի, բայց որեւէ ծրագիր չի իրականացրել։ Օրինակ՝ մանկապարտեզի երկու մասնաշենքի կապիտալ վերակառուցում էր նախատեսված, սակայն այդպես էլ իրականություն չի դարձել։
Կարդացեք նաև
«Համայնքի բնակիչներն իրենց երեխաներին տանում են այլ համայնքների մանկապարտեզներ, գրանցումից հանում են, տանում են Արարատ քաղաքում են գրանցում, որպեսզի երեխան ընդունվի մանկապարտեզ։ Չունենք նախակրթարան, համայնքապետն ասում է՝ բյուջե չունենք նախակրթարան բացելու համար։ Ո՞ւր է գնում մեր համայնքի բյուջեն։ Գրանցված 32 աշխատող ունեն, մենակ տեսնեք ինչ հաստիքներ կան՝ հասարակական կարգի պահապան, որը ժամանակին 9-ը հոգի էին, հիմա երեքն են դարձել՝ 130 հազար դրամ աշխատավարձով։ Ո՞ր մեկդ եք տեսել հասարակական կարգի պահապանին։ Այս գյուղում նման աշխատողի տեսե՞լ եք։ Համայնքի ղեկավարի տեղակալ՝ 248 հազար 500 դրամ աշխատավարձ է ստանում։ Տեղում չի, թող գա համայնքապետի հետ միասին պատասխանի ժողովրդի հարցերին։ Ոչ մեկին այս գյուղի խնդիրները չեն հուզում։ Մեկ ամսից ավելի է՝ համայնքապետը գործի չի գալիս ու աշխատավարձ է ստանում»,-իր ելույթում ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը։
Նա հերթով թվարկեց համայնքապետարանի հաստիքային ցուցակը՝ համայնքի ղեկավարի օգնական՝ 200 հազար դրամ աշխատավարձով, խորհրդական, աշխատակազմի քարտուղար, գլխավոր մասնագետ, վարորդ, համայնքի տնտեսական հարցերի պատասխանատու, մաքրուհիներ․ «Չորս-հինգ մաքրուհի է գրանցված, բայց թե որտեղ են աշխատում, պարզ չի։ Էլեկտրիկ է աշխատում, մի հատ լամպ փոխելու համար եսիմ ինչքան աշխատավարձ է ստանում, բայց աշխատում է ուրիշ տեղերում։ Գոբելենի եւ մակրամեի ուսուցիչ, 95 հազար դրամ, շախմատի ուսուցիչ, նկարչության ուսուցիչ, տեխնիկ-փականագործ՝ 186 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ըմբշամարտի մարզիչ, գերեզմանոցի պահակ, այգեպան, 100 հազար դրամ»։
Ցույցի մասնակիցներն ասացին, որ ոմանք գիշերը տուն առ տուն մտել են, մարդկանց վախեցրել, որպեսզի այսօրվա ցույցին չմասնակցեն։
Ցույցի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ՋՕԸ-ի շենքը նախընտրական շտաբ էր, իսկ համայնքապետ Սուրիկ Գրիգորյանն առավոտից երեկո այդ շտաբում էր, ինչ-որ միջոցառումների էր մասնակցում․ «Նա երբեք այդպես չի աշխատել համայնքի համար, ինչպես աշխատում էր այդ օրը։ Բայց ընտրությունները ցույց տվեցին, որ իր թիմակիցներին ժողովուրդը չի ընդունում»։
«Այս տարածքում ինչ տեսնում եք՝ սեփականաշնորհել են իրենց մերձավորների անունով՝ կենցաղի տան շենքը, ՋՕ-ի շենքը, հին ամբուլատորիայի շենքը, պահեստի շենքը, ճաշարանը, կրթօջախ են սեփականացրել։ Մի գիշերվա մեջ 170 հատ հողատարածք են սեփականաշնորհել, 99 տարով վարձակալության են տվել, հետո փոխել են մեկ ուրիշի անունով։ Մարդիկ խաբար չեն եղել, թե ինչպես են էդ հողերն իրենց ձեռքից վերցրել։ Սուրիկ Գրիգորյանին համայնքի խնդիրները չեն հետաքրքրում, վեց երեխա ունեցող ընտանիք կա, որին ոչ մի օգնություն չեն տվել համայնքի բյուջեից, հաշմանդամություն ունեցող անձանց ուշադրություն չեն դարձրել։ Ավագանին ոչ մի հարց քննարկման չի դնում, իրենց ինչ ասում են, ոնց ասում են՝ էդպես էլ անում են։ Բնակիչները համայնքի նիստերին երբեք չեն մասնակցել»,-հայտարարեցին ավշարցիները։
Ավշարցի մի երիտասարդ կին էլ կոչ արեց համագյուղացիներին դուրս գալ վախի մթնոլորտից, դուրս գալ պայքարի․ «Պայքարեք այնպես, որպեսզի հպարտանաք ձեր մատաղ սերնդով, ոչ թե փողոցներում մեծացած անգրագետ սերունդ ունենաք։ Բավական է տարիներ շարունակ ճորտատիրական համակարգում ապրեք, ժողովուրդ, ուշքի եկեք, ժամն է հասել հեղափոխության, փողեք ձեր բնակավայրի ուժը, եռանդ դրեք գյուղի զարգացման համար։ Մենք ոչ մեկի ճորտը չենք, մենք ՀՀ ազատ քաղաքացիներն ենք, ոչ մեկ չի կարող որեւէ մեկի կամքին բռնանալ։ Կոտրեք վախի մթնոլորտը, շարժվեք առաջ, պայքարեք ձեր իրավունքների համար, պայքարենք մինչեւ վերջ, ազատվենք ստրկությունից»։
Aravot.am-ը փորձեց ցույցի ժամանակ հնչած մեղադրանքների եւ հրաժարականի պահանջի մասին պարզաբանում ստանալ Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ