Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմն ավարտվել է նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրով, սակայն հակամարտությունը ոչ այն ինտենսիվությամբ՝ շարունակվում է:
«Ինչ է սա նշանակում: Ալիեւը ցանկանում է վերցնել ինչ հնարավոր է, հայերից քամել առավելագույնը: Մի ասացվածք կա. պետք չէ խոսել այն մասին, թե ամերիկացիներն ինչ են անում, պետք է անել այն, ինչ անում են ամերիկացիները: Ալիեւն ինչ ասում է, դա նրա արածի մի մասն է: Պարզ ասած, դա ճնշումն է Հայաստանի վրա մի քանի միջոցներով:
Առաջինը դիսկուրսն է, թե ղարաբաղյան թեմա այլեւս չկա, այն ավարտված է եւ պետք է անցնել հետկոնֆլիկտային կարգավորումներին: Հայերը պետք է բացեն ճանապարհները, իսկ ճանապարհներ ասվածի տակ նկատի է առնվում միջանցքը՝ Հայաստանի հարավով երկաթուղային, հնարավոր է նաեւ ավտոճանապարհները Ադրբեջանից՝ Թուրքիա:
Երկրորդը գերիներն են որպես առեւտրի եւ Հայաստանի վրա ճնշման մաս: Ալիեւը Հայաստանի ներքաղաքական եւ դիսկուրսի դաշտում բավականին լուրջ խաղացող է: Նա փաստացի արդեն փոխել է դիսկուրսը Հայաստանի ներսում՝ լրագրողների, սոցիալական մեդիայի, պաշտոնական հայտարարությունների եւ այլ ոլորտներում: Տեսեք, մենք Ղարաբաղի մասին արդեն գրեթե չենք խոսում, մենք արդեն ոչ թե Ղարաբաղը, այլ Սյունիքն ենք պաշտպանում: Այստեղ է, որ կարեւորն այն չէ, թե նա ինչ է ասում: Կարեւորն է, թե նա ինչ է անում: Այն, որ մենք արդեն մտածում ենք Սեւ լճի, Գեղարքունիքի, Սոթքի, Շուռնուխի, Կապանի, հիմա էլ՝ Երասխի մասին, այդ ամենը բերում է նրան, որ հիմնական դիսկուրսը, որը վերաբերվում է Ադրբեջանից եկող սպառնալիքին, Հայաստանի նկատմամբ է, ոչ թե Արցախի: Այստեղ է, որ նա եւ խոսում է եւ գործում:
Կարդացեք նաև
Կան նաեւ ճնշման դիվանագիտական ձեւեր: Ալիեւը անմիջականորեն Հայաստանի վրա ճնշում գործադրել չի կարող, բայց դա անում է Ռուսաստանի կամ երրորդ այլ երկրների՝ Թուրքիայի միջոցով: Դա արվում է՝ հասնելու նպատակներին, որ նրանց համար ընդհանուր են: Դրա համար կա երկու բան՝ պայմանագիր, որը Բաքվի մոդելով գրված ստորագրման ենթակա թուղթ է, ինչը Ադրբեջանում կարելի է ներկայացնել որպես Հայաստանի կողմից սահմանների ճանաչում, իսկ երկրորդը, կրկնվեմ, միջանցքն է»,-«Հայելի» ակումբում ասում է քաղաքագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ