Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիսոցկու երգերը հոգուն են հասնում». Երևանի Ռուսական տունը երեկո էր կազմակերպել արցախյան և աֆղանական պատերազմների վետերանների համար

Հուլիս 27,2021 13:18

Չափազանց դժվար է կատարել պատերազմական երգեր վերջին պատերազմների վետերանների համար, մանավանդ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, քանի որ արվեստի միջոցով վերապրում ես այն, ինչի միջով անցել ես, բայց այսպիսի երեկոները օգնում են չմոռանալ և միասին լինել: Այս մասին հայտնեց կիթառահար, երգիչ Ռուբեն Եղոյանը արցախյան և աֆղանական պատերազմների վետերանների համար գրական-երաժշտական երեկոյից հետո, որը կազմակերպել էր Երևանի Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում):

Երեկոյին ներկա էին հայ վետերաններ՝ աֆղանական և արցախյան պատերազմների մասնակիցներ: Ոմանք եկել էին՝ չնայած ծանր վիրավորումներին: Ռուբեն Եղոյանը նույնպես վետերան է: Որդու՝ ակորդեոնահար Միքայել Եղոյանի հետ միասին նրանք կատարում էին Վլադիմիր Վիսոցկու ռազմական երգերը, իսկ Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի առաջատար արտիստներից մեկը՝ Արեն Խաչատրյանը, պարզապես հաղորդավար չէր, նա արտասանեց Վիսոցկու բանաստեղծությունները:

«Նախկինում ելույթ ունեցել եմ սահմանապահների և զինվորականների առջև, բայց առաջին անգամ եմ երգում վետերանների համար: Շատ ծանր էր, նույնիսկ չգիտեի, թե ինչպիսի արձագանք կարելի է ակնկալել հանդիսատեսից: Դժվար է հաղթահարել այն, ինչի միջով անցել ես, քանի որ երգը կարող է պարունակել այնպիսի պահեր, որոնք կհիշեցնեն մեր զոհված ընկերների և այլ իրադարձությունների մասին », – նշեց Ռուբեն Եղոյանը:

Հանդիսատեսի արձագանքն իսկապես առանձնահատուկ էր: Վետերանները նույնպես երգում էին, իսկ երբ Արեն Խաչատրյանը կարդաց Վիսոցկու «Նա չվերադարձավ մարտից» հայտնի գործը, նրանք զուգահեռ արտասանում էին:

«Վիսոցկին մեզ կտակել է այնպիսի արժեքներ, որոնց մենք պետք է ձգտենք մեր ամբողջ կյանքի ընթացքում: Ինչքան էլ փորձենք, ինչ էլ անենք, դա երբեք չի հերիքի, ինչպես մի կաթիլ օվկիանոսում: Ահավոր դժվար էր այստեղ ելույթ ունենալը: Թվում էր, թե ինչպես փոքր տղա կանգնած եմ մեծերի առջև», – ասաց Արեն Խաչատրյանը:

Համերգի ավարտից հետո վետերանները դեռ երկար նստեցին, նրանց մի մասը հավաքվել էր խմբերով և ինչ-որ բան աշխույժ քննարկում:

«Այս երգերը հոգուն են հասնում, նույնիսկ կարիք չկա բացատրելու, թե ինչու է դա այդպես: Սակայն բացի ծանր հիշողություններից, մտքին գալիս են նաև պայծառ պահեր: Վիսոցկու երգերը հիշեցնում են երջանիկ մանկության, երիտասարդության և Խորհրդային Միության ժամանակները: Շատ շնորհակալ եմ Ռուսական տանը սրա համար: Երազում եմ` Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը և բարեկամությունը շարունակվի և էլ ավելի ամրապնդվի», – ասաց արցախյան պատերազմների մասնակից, ազատամարտիկ Զավեն Մարությանը (Գյուրզա):

Արցախյան պատերազմի մասնակից, Հայոց բանակի սպա, գնդապետ Ստանիսլավ Երեմինը իր հերթին նշեց, որ Վիսոցկու երգերում ամենազարմանալին այն է, թե ինչ ճշգրտությամբ է պոետը, ով երբեք խրամատներում չի եղել, փոխանցել ռազմական գործողությունների մասնակիցների զգացմունքները:

«Վիսոցկու երգերը գրված են այնպես, կարծես նա ինքն է տեսել պատերազմի բոլոր դժվարությունները: Եվ նրանց համար, ովքեր իսկապես ամեն ինչ տեսել են, դա հոգու համար շատ մոտ, հասկանալի ու հարազատ մի բան է թվում: Բացի դրանից կա նաև կարոտ հին ժամանակներին: Ես հիշում եմ սկավառակները Վիսոցկու երգերով », – ասաց գնդապետը:

Երևանում Ռուսական տան մշակութային ծրագրերի բաժնի պետ Անդրանիկ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց վետերաններին և նշեց, որ ամբողջ հասարակության անունից խոնարհման խոսքեր է փոխանցում բոլոր մասնակիցներին, նրանց մարտական ընկերներին, ինչպես նաև նրանց մայրերին, ովքեր նույնպես լուռ սխրանք են գործել:

Երևանում Ռուսական տան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031