Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին ռեժիմից մնացած այդ ոստիկանը ժամանակին էլի մեր դեմ էր պայքարում Մաշտոցի պուրակում»․ Վարդան Գերավետյան

Հուլիս 27,2021 12:53

«Ոստիկաններն ասացին՝ «հաց մի բաժանեք»․․․հաց չէր, ավելի շուտ հրուշակեղեն էր։ Շատ տարօրինակ, անհասկանալի ու զարմանալի թվաց այդ պահանջը։ Սերժի՝ ռեժիմի ժամանակ էլի հաց բաժանել էինք, եւ նման խնդիր չէր առաջացել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամ, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարդան Գերավետյանը։

Նշենք, որ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» հայտարարության համաձայն՝ հուլիսի 26-ին Հյուսիսային պողոտայում «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակի միջոցառման ընթացքում, երբ կանայք անցորդներին խորհրդանշական կերպով հաց էին բաժանում, ոստիկանությունն արհեստական իրարանցում է առաջացրել եւ բերման ենթարկել միջոցառման մասնակիցներից Վարդան Գերավետյանին եւ Արմեն Լուսինյանին:

Վարդան Գերավետյանը մեզ պատմեց, որ ոստիկանները հրահանգել են միջոցառման պարագաները հավաքել․ «Ես ընդամենը ասացի, որ իրավական հիմքեր մեջբերեն, թե ինչու չի կարելի, օրինակ, կոնֆետ նվիրել։ Ուղղակի պատճառն էի ուզում հասկանալ։ Իմիջիայլոց, ոստիկանների ղեկավարը, անունը Լյովա է, իրեն հիշում եմ դեռեւս Մաշտոցի պուրակի դեպքերի ժամանակ, երբ ինքը դեռեւս ենթասպա էր՝ ենթադրում եմ։ Նա շատ ակտիվ պայքարում էր, կաշվից դուրս էր գալիս, որ Մաշտոցի պուրակում «բուտիկներ» տեղադրվեն, որ այդտեղ այգի չլինի։ Իսկ հիմա ինքը, ինչպես եւ մյուս ոստիկանները, այդ այգին վայելում են։ Հիմա հին ռեժիմից մնացած այդ մարդը ջանասիրաբար պայքարում էր մեր դեմ, չգիտեմ՝ ո՞ւմ հրահանգն էր կատարում։ Հարցրեցի՝ ո՞վ է նման հրահանգ տվել, ի՞նչն է ձեզ դրդել, որ այդքան ոստիկաններով եկել եք։ Զարմացա, որ կարմիր բերետավորներ եկան։ Երեւի տվածս հարցերը դուրը չեկան։ Ասացի, որ այն ժամանակվա ապօրինությունները հիմա  էլ է կրկնում։ Եթե իրենց հիմնավորումը հաց բաժանելն էր, ապա դա էլ չկար, որովհետեւ իմ ձեռքին ոչինչ չի եղել։ Էլ չասած, որ կազմակերպիչ չի էլ եղել։ Եթե ասելիք ունեին, թող բարձրախոսով ասեին, հիմնավորեին պահանջը, տային մեզ ողջամիտ ժամկետ, ինչպես օրենքն է պահանջում։ Սակայն այդ ամենը չարվեց, հետեւաբար վստահ եմ, որ վերեւից հրահանգ է եղել»։

Վարդան Գերավետյանի խոսքով՝ երբ իրեն եւ Արմեն Լուսինյանին տարել են ոստիկանություն, այդտեղ եւս ուշագրավ դրվագ է եղել․ «Հարցրին, թե մեզ ինչու են բերման ենթարկել, եւ երբ ոստիկանները պատասխանում էին, որ՝ «հաց բաժանելու համար», հարց տվողը․․․համակարգիչը ո՞նց է «կախվում», այ այդպես «կախվում» էր։ Չէին հասկանում, թե ինչի մասին է խոսքը, թե ինչպես կարելի է հաց բերելու համար բերման ենթարկել։ Որքան անծանոթ ոստիկան եկավ, նույն հարցը տվեց ու զարմացավ, բայց ստիպված մեկը մյուսին «պահում» էին։ Մեկն էլ հիշեց, որ մենք «ֆուրշեթ» ենք արել։ Հուլիսի 17-ը մենք նշել ենք որպես ապստամբության օր, իրենք փորձեցին հաց բաժանելը կապել այդ փաստի հետ՝ ասելով, թե «ֆուրշեթ» ենք արել այն դեպքում, երբ այդ օրը ոստիկաններ են սպանվել։ Ես էլ հակադարձեցի, որ երեք ոստիկաններից երկուսին ռեժիմն է սպանել։ Ես եւ ընկերներս կուզեինք իմանալ, թե ով է դա արել, եւ ոստիկաններն էլ պետք է շահագրգռված լինեն իմանալ, որովհետեւ վաղը կարող են իրենց էլ զոհաբերել՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Մի խոսքով, իրենք տարակուսած էին։ Չգիտեմ, թե որ տականքն էր նրանց նման հրահանգ տվել, բայց ցավոք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ոչ թե օրենք են պաշտպանում, այլ հրահանգ են կատարում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազգային ժողովրդավարական բեւեռի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031