Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը. ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար». Արտակ Բեգլարյան

Հուլիս 27,2021 12:11

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 26-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի, ԱՀ նախագահի խորհրդական Լիլիթ Հակոբջանյանի, պետական նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, այնուհետև հանդիպել բուժանձնակազմի հետ:

Շրջայցի ընթացքում պետական նախարարը ծանոթացել է ստացիոնար պայմաններում հսկողության տակ գտնվող ծննդկանների առողջական վիճակով, շնորհավորել փոքրիկների ծննդի առթիվ, հետաքրքրվել նրանց բուժսպասարկման ընթացքով և մաղթել առողջություն:
Կենտրոնի գլխավոր տնօրեն Վարդգես Օսիպովը ներկայացրել է տեղեկություններ հաստատության կողմից իրականացվող ծառայությունների, ինչպես նաև միջանկյալ լուծումներ պահանջվող խնդիրների մասին:

Բուժանձնակազմի հետ հանդիպմանը Ա.Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. «Առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը: Թեպետ 44-օրյա պատերազմի ընթացքում ծննդատան նոր մասնաշենքին լուրջ վնասներ են հասցվել, սակայն դա չի փոխել կառավարության մոտեցումները: Մենք պատրաստվում ենք պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով և ենթակառուցվածքներով արդիական ծննդատուն ունենալ:

Իմ պատկերացմամբ, քաղաքացիներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար կարևորագույն պայմաններից մեկը բուժանձնակազմի կարողությունների շարունակական բարձրացումն է: Ոչ պակաս կարևոր հարցերի շարքում է բոլոր օղակներում հաղորդակցության մեխանիզմների արդյունավետության բարելավումը:

Մեզ համար սկզբունքային հարց է նաև բուժաշխատողների վարձատրության համակարգը խթանող ու մրցակցային դարձնելը, որի շուրջ նախնական մշակումներ արդեն իսկ ունեցել ենք: Կարևոր եմ համարում նաև կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ աշխատանքները և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար գրավիչ միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում: Վստահ եղեք, որ ցանկացած հիմնարար որոշում կայացվելու է ներառական ու պրոֆեսիոնալ գործընթացների արդյունքում»,- նշել է պետական նախարարը:

Իր հերթին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային բժշկության համակարգի ներդրումը, նշելով, որ առաջիկայում նախատեսվում են ծրագրային լուրջ բարեփոխումներ:

Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում մի շարք օրախնդիր հարցերի շուրջ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031