Այցելեցինք Երասխ։
Նախ մտանք Արմաշի դաշտերը՝ զրուցելու դիրքերից քիչ հեռու, բաց դաշտում աշխատող արմաշցիների հետ։ Լոլիկի դաշտում Սուրիկ անունով մի տղամարդ մեզ ասաց, որ ամենաներքեւում գտնվող «Գազան» անունով դիրքի մոտ են կրակել՝ Երասխի տակ, որտեղ նաեւ Արմաշի լճերն են գտնվում։ Կրակոցներն իրենց մոտ պարզ լսվել են։ «Մոտ մի երկու ժամ կրակեցին, ավարտվեց։ Տարբեր զենքերով էին կրակում՝ ավտոմատ, պուլիմյոտ, մեկ էլ, երեւի, ДШК էր, ինչ էր։ Էս երկու օր է՝ կրակոց չկար, էսօր նորից սկսվեց»,- ասաց արմաշցի Սուրիկը։
Իսկ գյուղի բնակիչների մոտ խուճապ կա՞։ «Խուճապ էն օրն է եղել մենակ, էսօր խուճապ չկար։ Էսօր ես էստեղ էի (դաշտում), որ կրակեցին։ Եթե «Գրադ» չլինի, էդ ավտոմատներն էստեղ չեն հասնում։ Եթե նռնականետ, «Գրադ» եղավ, պիտի թողնենք, էստեղից գնանք, անիմաստ ա էստեղ կանգնելը»։
Ասաց, որ իրենք պայքարելու պատրաստ են, տարածքները հանձնելու՝ ոչ։ Հետո, երբ հարցրինք՝ Արցախում էլ դեմ էին, բայց տվեցին տարածքները, ի՞նչ արեցին այն ժամանակ, ասաց՝ շատ վատ են արել, բայց Արցախում այլ էր։
Կարդացեք նաև
Գյուղացու կարծիքով՝ Արցախում հողերը ոչ թե Փաշինյանը կամ նախկիններն են հանձնել թուրքին, այլ՝ Պուտինը։ «Էստեղ ռուսի մատն ա խառը, Պուտինը ոնց ասում ա, էնձեւ անում են, էլի։ Առայժմ տենց ա»,- ասաց նա։ Փաստորեն, մեր կողմից չի Պուտինը։ «Չէ, մեր կողմից լիներ, չէին տա, էլի։ Էս էլ ա Պուտինի արած գործերը, էլի։ Էս տարածքն ուզում են տան թուրքերին։ Կիսել են, էլի, Ղարաբաղը՝ ռուսին, Նախիջեւանը՝ Թուրքիային»,- գեոպոլիտիկ վերլուծություն արեց հողագործ Սուրիկը, ապա՝ աշխարհաքաղաքական եզրակացություն․ «Ավելի լավ է՝ միանանք Ամերիկային»։
Շարունակեցինք ճանապարհը, հասանք Երասխ։
Փորձեցինք գնալ լճերի ուղղությամբ։ Մի քանի մետր առաջանալով՝ հանդիպեցինք հայ զինվորների։ Նրանք մեզ թույլ չտվեցին մոտենալ լճերին, որոնք հենց դիրքերի տակ էին գտնվում՝ հորդորեցին հետ գնալ, քանզի գտնվում ենք թշնամու դիտարկման տակ։ Ասացին՝ վտանգավոր է, կրակում են։ Հենց այդ պահին կրակոցներ լսեցինք։ Հեռվում՝ դիրքերի մոտ, նաեւ ծուխ էր երեւում․ կրակոցների հետեւանքով դիրքերում ինչ-որ բան էր այրվում։ Տեղի բնակիչներն ասացին՝ արդեն սովորել են, ամեն օր էլ կրակում են, հիշեցին՝ նախորդ օրը մեր ՀՕՊ-ը թշնամու ԱԹՍ-ն է խոցել, որը հետախուզական բնույթի է եղել։ Գյուղացիների տներն այնքան մոտ են դիրքերին, որ մեր զինվորներն ու խաղաղ բնակչությունը կողք-կողքի են բնակվում՝ հարեւանությամբ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: