Ադրբեջանը հերթական անգամ սադրանքներ է հրահրում:
Թեեւ գործողություններն իրականացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, սակայն այդ ամենն ուղղորդվում եւ խրախուսվում է Թուրքիայի կողմից։
Թուրքիան եւ Ադրբեջանը շտապում են ուժի եւ սպառնալիքի ցուցադրման միջոցով առավելագույն զիջումներ պարտադրել Հայաստանին։ Պարբերական բնույթ ստացած սահմանային միջադեպերն ու սադրանքները դրա դրսեւորումներից են։ Մինչեւ 2023 թվականը, այն է՝ Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը, Էրդողանը խոստացել է «երկիրը վերածել էլ ավելի ուժեղ, ավելի անկախ եւ զարգացած պետության»։ Այդ մասին նա նշել է Լոզանի խաղաղության պայմանագրի ստորագրման 98-ամյակին նվիրված հուլիսքսանչորսյան իր ուղերձում։ Նշենք, որ ժամանակակից Թուրքիայի սահմանները որոշվել են հենց Լոզանի պայմանագրով։ Ուղերձում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կարեւոր հաջողություններին, որոնք ձեռք են բերվել աշխարհագրական լայն տարածման արդյունքում՝ Սիրիայից մինչեւ Լիբիա եւ Արեւելյան Միջերկրական ծով։ Իսկ արդեն դեպի արեւելք տարածվելու ճանապարհին էլ կանգնած է Հայաստանը։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ երկիրը դեռեւս հետպատերազմյան ծանր իրավիճակում է, փորձում են մեզ պարտադրել «խաղաղության» պայմանագիր։ Նշենք, որ սովորաբար երկրները խաղաղության պայմանագրերի կնքման են գնում տարիներ, անգամ տասնյակ տարիներ շարունակ։ Օրինակ՝ Մոսկվան եւ Տոկիոն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս խորհրդակցություններ են վարում խաղաղության պայմանագիր մշակելու նկատմամբ։ Հիմնական խոչընդոտը մնում են Կուրիլյան արշիպելագի հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնությունները: Վերջերս սրվել էին նաեւ Տաջիկստանի և Ղրղզստանի հարաբերությունները վիճելի տարածքների հետ կապված. երկու երկրների 980 կմ երկարություն ունեցող մի շարք սահմանային հատվածներ առայսօր վիճելի են։ Շարքը կարելի է շարունակել, սակայն խնդիրը նույնն է, սահմանային եւ տարածքային վեճերը լուծելու եւ խաղաղության հասնելու համար պետք է բացառվի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը հետեւողականորեն խախտվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: