Գլխավոր դատախազությունը շարունակում է «նախկիններին պատժելու» գործընթացը։ Վարչությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման գործերով նախկին իշխանության ներկայացուցիչներին հերթով հրավիրում է բացատրություն տալու։ Մենք արդեն գրել ենք, որ թիրախում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը եւ ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Այժմ հերթը հասել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին եւ նրա կնոջը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լեւոն Սարգսյանի դստերը՝ Անիին։
Նրանց հրավիրել են դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար։ Սահակյանի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում չցանկացավ հայտնել, թե խոսքն ինչ գույքի մասին է․ «Նյութերը նոր ենք ստացել, բավականին ծավալուն նյութեր են, հիմա ուսումնասիրության փուլում ենք գտնվում։ Երբ վերջնական կուսումնասիրենք ամբողջ ծավալով, դրանից հետո հայտարարությամբ հանդես կգանք»։
Հարցին, թե ինչպես է դատախազությունը «դուրս եկել» նշված գույքերի վրա, պատասխանեց․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ ում վրա 308 հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) գործ է քննվում, մի հատ այդ մասով հետազոտություն են անում։ Իրենք ուսումնասիրում են մարդկանց ֆինանսական շարժը որոշակի ժամանակահատվածում, հարցումներ են անում, համադրում են իրենց ունեցած տվյալների՝ օրինական եկամուտների հետ, տարբերության դեպքում խնդրում են հիմնավորել»։
Այսինքն՝ Ա․ Սահակյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում ուսումնասիրություն են արել եւ բացահայտել այդ գույքը։ Խաչատրյանն ասաց, որ այդպես չի կարելի մեկնաբանել․ «Իրենք ունեն այդ լիազորությունները, որ ցանկացած պետական պաշտոն զբաղեցրած անձի վերաբերյալ անեն այդ ուսումնասիրությունը, սակայն, իմ ունեցած տեղեկատվությամբ, ում վրա քննվել է պաշտոնեական չարաշահման հոդվածներով գործ, համապատասխան վարչությունը կատարում է ուսումնասիրություն, բայց ոչ այդ քրեական գործի շրջանակում»։ Նաեւ ավելացրեց, որ նշված գույքն իր վստահորդի եկամուտների սահմաններում է․ «Մենք միանշանակ պնդում ենք, որ գույքերն օրինական են, բայց մեզնից տեղեկատվություն պահանջվում է 20 եւ ավելի տարվա, կարող է որոշակի փաստաթղթեր լինեն, որոնք պահպանված չլինեն, բայց, ընդհանուր առմամբ, համոզված ենք, որ հիմնավորելու ենք այդ ողջ գույքի օրինական ծագումը»։
Կարդացեք նաև
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: