Երկրում շարունակվում է գնաճը՝ մսամթերք, բանջարեղեն, դեղեր, վառելիք, պարենային և ոչ պարենային ապրանքներ, միևնույն ժամանակ չեն բարձրանում նվազագույն աշխատավարձը, թոշակներն ու նպաստները: Ինչպես հաճախ ասվում է՝ «ապրելը թանկացել է»: Գների հետ կապված վայրիվերումներն ավելի հաճախ կապում էին դրամի արժեզրկման և դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետ: Բայց հիմա ունենք հակառակ պատկերը, այդ դեպքում ինչո՞ւ գնանկում չկա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ մինչ այժմ, երբ առիթ է եղել գնաճի մասին խոսելու, նա այն միայն դոլարի փոխարժեքի հետ չի կապել, այլ հարց է, թե ով ինչպես է մեկնաբանել գնաճը երկրում: «Բոլոր այն մարդիկ, կառույցները, որոնք, այսպես ասած, իրական խնդրից խուսափելու համար փորձ էին անում այդ ամենը կապել դրամի արժեզրկված լինելու հետ, այ, հիմա այդ մարդիկ պետք է սկսեն պատասխան տալ սուտ խոսելու համար: Մարդիկ, որոնք գնաճը պայմանավորում էին միայն դրամի արժեզրկմամբ, հիմա պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:
Ընդգծում է՝ իրականում խնդիրները բազմակոմպոնենտ էին: «Այդ բազմակոմպոնենտությունից մեկն իրականում ոչ ազատ շուկայական հարաբերություններն են, որովհետև մենք միայն խոսում ենք ազատ շուկայական հարաբերությունների մասին, բայց ազատ շուկայական հարաբերություններն իրականում մշտապես գործում են այն խաղի կանոններով, որոնք սահմանվում են պետության կողմից: Իսկ սահմանված խաղի այդ կանոններն ինքնին արդեն բարդացնում են նոր խաղացողների ներգրավումը գործընթացներում, քանի որ հին խաղացողները վաղուց ունեն իրենց խաղի կանոնները: Այդ մշակույթն առանց լրացուցիչ գործիքակազմի չենք կարող կոտրել»,- նշում է զրուցակիցը:
Ասում է՝ հաջորդիվ պետք է լինի պետության խիստ վերաբերմունքը բոլոր տեսակի չարաշահումներին, ինչը կարծես բացակայում է: «Ըստ էության, գնաճը որպես պրոբլեմ դիտարկում է բացառապես Կենտրոնական բանկը: Չենք կարող մեղադրել Կենտրոնական բանկին, որ նա չի ուզում և չի ձեռնարկում որևէ քայլ այս ամենը լուծելու համար: Մասնագետները մասնագիտական հարթության մեջ կարող են կիսել կամ չկիսել այս կամ այն մոտեցումը, այս կամ այն մոտեցման արդյունավետության չափը, բայց առնվազն ազնիվ չի լինի մեղադրել այս կառույցին, որ նա չի ախտորոշել, դիտարկել գնաճը որպես առկա պրոբլեմ և չի ձեռնարկել քայլեր դրա կարգավորման համար»,ասում է փորձագետը:
Կարդացեք նաև
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում