Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։
Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Պորտուգալիան էր, առցանց ձևաչափով հուլիսի 18-23-ն անցկացվել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում։ Փորձարարական և տեսական փուլերով կազմակերպված օլիմպիադային մասնակցել են 76 երկրների 304 աշակերտներ։
Հայաստանի թիմը ներկայացրել են 4 աշակերտներ՝ Գևորգ Ավանեսյանը, Արման Հայրապետյանը, Վահե Գաբրիելյանը և Աստղիկ Հարությունյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են․ ԵՊՀ-ից՝ Գայանե Ղուկասյանը, Սեդա Մարությանը և Եվա Սողոյանը, ՀՊՄՀ-ից՝ Սամվել Պիպոյանը, իսկ ԵՊԲՀ-ից՝ Արեն Պետրոսյանը և Մհեր Կուրղինյանը։
Կարդացեք նաև
Օլիմպիադայի փակման առցանց արարողության ժամանակ Պորտուգալիայի թիմի կազմկոմիտեի ղեկավար-կոորդինատոր Խոսե Անտոնիո Մաթոսը վիրտուալ գավաթը փոխանցել է 2022 թ․-ին Հայաստանում անցկացվելիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի կոորդինատոր Գայանե Ղուկասյանին՝ այդպիսով ազդարարելով նախապատրաստական աշխատանքների մեկնարկը։
Հիշեցնենք, որ Կենսաբանության 31-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր մեկ բրոնզե մեդալի (Մհեր Կուրղինյան, «Հերացի» ավագ դպրոց)։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ