Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աղբանոցի» հարցը հիմա չի որոշվում

Հուլիս 27,2021 10:00

«Այն ուժերը, որոնք կփորձեն խոչընդոտել իշխանությանը, կնետվեն քաղաքական աղբանոց», – վերջերս հայտարարել է ՔՊ-ական պատգամավորներից մեկը: Այդ սպառնալիքը կարելի է մեկնաբանել միայն մեկ ձեւով՝ ներկա իշխանությունը a priori միշտ, բոլոր հարցերում ճիշտ է, եւ այն ընդդիմադիր ուժերը, որոնք գտնում են, որ ՔՊ-ն ինչ-որ բանում սխալ է, արժանի չեն այլ ճակատագրի, քան աղբանոցում հայտնվելն է: Իհարկե, մենք չենք կարող պաշտոնապես հայտարարել, որ անցնում ենք միակուսակցական համակարգի, եւ պետք են ինչ-որ կուսակցություններ, որոնց կարելի է ընդդիմություն նշանակել, բայց պայմանն այն է, որ այդ ուժերը կոչվեն «ընդդիմադիր», սակայն համարեն, որ խորհրդարանական մեծամասնության բոլոր քայլերը հանճարեղ են:

Եկեք ենթադրենք, որ իշխանությունը հերթական անգամ ուզում է դուր գալ իր ընտրազանգվածին եւ որոշում է վերականգնել մահապատիժը: Իշխանության երկրպագուները հրճվանքի մեջ են՝ վերջապես իրենց չսիրած մարդիկ կգնդակահարվեն: Եվ ահա հայտնվում են մարդիկ, որոնք ասում են, թե մահապատիժը սխալ է, որ այն հակասում է իրենց դավանած արժեքներին՝ մի խոսքով իրենց կեցվածքով խոչընդոտում են ՔՊ-ին, որ կուսակցությունն իրականացնի այդ ծրագիրը: Այդ մարդիկ, որոնք գուցեեւ «որոշ ուժեր» ներկայացնեն, Հայաստանի քաղաքացիների փոքրամասնությունն են կազմելու, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանց տեղը աղբանոցն է: Տարակարծություն Հայաստանում միշտ պետք է լինի, իսկ պատմության տեսանկյունից ում որտեղ է պետք նետել… այդ հարցի պատասխանը հնարավոր չէ տալ հենց այս պահին՝ հաճախ նման հարցերի մասին մարդիկ վիճում են տասնամյակներով, երբեմն՝ դարերով:

Նման հայտարարությունների ենթատեքստը, սակայն, պարզ է՝ այն ընդդիմությունը, որը հայտնվել է խորհրդարանում, իրականում ընդդիմություն չէ՝ նրանք նախկիններ եւ հանցագործներ են, պետության թշնամիներ, որոնք խոչընդոտում են մեր՝ ՔՊ-ի, ազգափրկիչ գործունեությանը: Իսկական ընդդիմությունը, ըստ այդ տրամաբանության, Փաշինյանին հավատարիմ կուսակցությունների խումբն է, որ ժամանակ առ ժամանակ հավաքվում է վարչապետի պաշտոնակատարի «բարձր հովանավորության» ներքո: Այ, նրանց պետք չէ նետել քաղաքական աղբանոցը:

Բայց պետք է հիասթափեցնեմ ՔՊ-ին եւ նրա կողմնակիցներին. իշխանությունը չէ, որ իր համար ընդդիմություն է ընտրում: Ընդդիմությունը, ինչպես եւ իշխանությունը, ընտրվում է քաղաքացիների կողմից: Վերջին ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը՝ 53,91 տոկոսն ընտրել է ՔՊ-ն, եւ այդ ընտրությունը պետք է հարգել՝ այդ քաղաքացիները ցանկացել են, որ ՔՊ-ն լինի խորհրդարանական մեծամասնություն: Բայց պետք է հարգել նաեւ քաղաքացիների 21.09 եւ 5.22 տոկոսին, որոնք ընտրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, քանի որ նրանց կամքով հենց այդ երկու դաշինքները պիտի լինեն խորհրդարանական փոքրամասնություն, ոչ թե «քաղաքական աղբանոցի» ապրանք: Ընտրությունների մասնակցած քաղաքացիների մոտ 20 տոկոսը (ես էլ՝ նրանց թվում) ցանկացել են խորհրդարանում տեսնել այլ ուժերի: Նույնպես հարգանքի արժանի ընտրություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Իմ կարծիքով խոսքը այն այսպես կոչված քաղաքական ուժերի մասին է, որոնք բացահայտ այլ պետության շահերն են առաջ մղում, ամեն կերպ փորձում են խոչնդոտել դրական ինչ որ երևույթների(օրինակ՝ ԵՄ-ի 3.0 միլիարդ դոլարի օգնությանը խանգարելու ակնհայտ վարքը), իրենց լրատվամիջոցներով օրուգիշեր ակնհայտ սուտ տեղեկատվություններ են տարածում, որոնց հիմնական նպատակը սեփական ժողովրդին տագնապ և հուսալքության հասցնելն է: Հիմա ինչ՝ սրանց խրախուսել է՞ պետք………..

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031