Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո տուն-տունիկ չէ, որ ամիսը մեկ դպրոցի տնօրեն են փոխում»․ Գյումրու թիվ 41 դպրոցում կրքերը թեժանում են

Հուլիս 26,2021 23:30

Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում 2,5 ամսվա տնօրեն Արմինե Գևորգյանին պաշտոնազրկելու պատճառով բողոքի գործողությունները չեն դադարում։ Չնայած ամառային արձակուրդներ են, սակայն մեկ շաբաթ է՝ դպրոցի անձնակազմն ու ծնողներն անընդմեջ դպրոցում են։

Հիշեցնենք, որ Արմինե Գևորգյանը պաշտոնից ազատվել էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հուլիսի 19-ի որոշմամբ։ Մարզպետը հիմք էր ընդունել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մայիսի 14-ի եզրակացությունն առ այն, որ մրցույթի օրը նշանակվել է ընթացակարգային խախտմամբ, ապրիլի 14-ին նշանակելու փոխարեն, կայացել է ապրիլի 13-ին։ Սակայն դպրոցում մարզպետի այս որոշումը համարում են անհիմն։

Դպրոցի ազատված տնօրենը նշում է, որ այն նախապես պլանավորված է եղել, որպեսզի պաշտոնի նշանակեն իրենց ցանկալի մարդուն։ Արմինե Գևորգյանը հարցնում է՝ ինչո՞ւ է նախարարության եզրահանգման մասին իմանում երկու ամիս անց, և եթե նախարարության կողմից կար այդպիսի եզրահանգում, ինչո՞ւ էր մարզպետն այդ փաստաթղթի գոյությունից ուղիղ 3 օր անց իր հետ 5 տարվա պայմանագիր կնքում։ Նա այս հարցերը վիճարկելու է դատարանում, դատարանն արդեն իսկ ընդունել է նրա հայցը։

Տնօրենի ժ/պ նշանակել են Հայաստան Հովհաննիսյանին, որը եղել է Արմինե Գևորգյանի մրցակիցը, ապրիլի 13-ին տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում երեք ձայն է հավաքել, իսկ Արմինե Գևորգյանը՝ 5 ձայն։

Այսօր դպրոցում տեղի ունեցավ փաստաթղթերի ընդունում-հանձնում, ծնողները, հանդիպելով տնօրենի ժ/պ նշանակված Հայաստան Հովհաննիսյանի հետ, նրան ասացին, որ իր դեմ ոչինչ չունեն, սակայն չեն հանդուրժի անարդարությունը․ չի կարելի այս ձևով երկիր կառավարել։

Տնօրենի փոփոխությունն ամենաշատը հունից հանել էր Արցախից ընտանիքով Գյումրի տեղափոխված Համլետ Մայիլյանին, որը երեք պատերազմի մասնակից է ու երեք երեխա ունի այս դպրոցում։ Նա ասում էր, որ չի հասկանում տնօրեն փոխելու իմաստը, երբ Արմինե Գևորգյանը պրոֆեսիոնալ ձևով կառավարում է դպրոցը։

«Մի հարց տամ՝ էս դպրոցում շուտ-շո՞ւտ է դպրոցի դիրեկտորների տեղափոխություն լինում, պետությունից ո՞վ է նշանակում, որ էդպես փոխում է շուտ-շուտ։ Ի՞նչ տարբերություն՝ ինքը լինի, թե՞ դուք լինեք, եթե ինքը կարողանում է ղեկավարել մի դպրոց, էդ պետությունը սովորություն է դարձրե՞լ փոխելու, վաղը մյուս օր ձեզ էլ կարող է փոխել»,-հարցնում էր Համլետ Մայիլյանը։

Մյուս ծնողների համար էլ անընդունելի էր անարդար ձևով Արմինե Գևորգյանին պաշտոնազրկելը։ Նրանցից մեկն էլ նկատեց․ «Հո տուն-տունիկ չէ, որ ամիսը մեկ դպրոցի տնօրեն փոխեն»։

Տնօրենի ժ/պ նշանակված Հայաստան Հովհաննիսյանն էլ նշում էր, որ ծնողների հարցերի հասցեատերը ինքը չէ, հետևաբար և ճիշտ չէ լիազոր մարմնի փոխարեն ինքը պատասխանի։ Ինչևէ, ծնողները հանդիպման կեսից՝ ի նշան բողոքի, լքեցին դահլիճը։

Մենք Հայաստան Հովհաննիսյանին խնդրեցինք մեկնաբանել դպրոցում շրջանառվող լուրերը, որ Արմինե Գևորգյանին պաշտոնազրկել են իրեն պաշտոնի բերելու համար, քանի որ իր ամուսինը մոտ հարաբերություններ ունի տեղի ՔՊ-ականների հետ։

Հայաստան Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ հատուկ իր համար մշակված պլան չի եղել, որովհետև ինքը վերջերս մասնակցել է այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, և եթե նման պլան լիներ, ապա հենց այդ ժամանակ կիրագործվեր։

Իսկ թե ինչպես է հենց ինքը նշանակվել տնօրենի ժ/պ, մեր զրուցակիցն ասաց՝ տեսել է տեղեկատվություն Շիրակի մարզպետարանի կայքում այն մասին, որ տնօրեն Արմինե Գևորգյանի հետ լուծարվել է աշխատանքային պայմանագիրը, դիմում է ներկայացրել լիազոր մարմնին՝ իր պատրաստակամությունը հայտնելով զբաղեցնել տնօրենի ժ/պ-ի պաշտոնը, մինչև որ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա նոր մրցույթը։ Ի դեպ, նա չի բացառում, որ կմասնակցի հոկտեմբերի 7-ի մրցույթին։

«Ինքս որևէ կուսակցության երբևէ չեմ հարել, վստահաբար նաև ամուսինս, մենք անկուսակցական ենք։ Մի շատ կարևոր հանգամանք ևս, շրջանառվող լուրերի մեջ կար, թե ես իբր ունեմ երեք տարվա աշխատանքային ստաժ, որը զավեշտալի է։ Այդ պարագայում ես չէի կարող հավաստագիր ունենալ, այդ պարագայում ես չէի կարողանա մրցույթների մասնակցել, իսկ ես ոչ միայն այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին եմ մասնակցել, նաև այլ դպրոցների։ Ունեմ 10 տարվա աշխատանքային մանկավարժական ստաժ, վարչական աշխատանքի ստաժ, ինքս պրոֆեսիոնալ մանկավարժի ընտանիքից եմ»,-ասում է Հայաստան Հովհաննիսյանը։

Պաշտոնից ազատված Արմինե Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում հարցրեց․«Եթե մրցույթը լիներ ամսի 14-ին, ես հինգ ձայն չպիտի հավաքեի՞։ Այս ամենը անձնավորված է ու հովանավորված։ Կրկին պնդում եմ, այս ամենը կվիճարկեմ դատարանում»։

Նա նշում է, որ անընդմեջ տեղեկատվություն է ստանում, թե ինչպես է կազմակերպվել այս ամենը, ինչպես է նախօրոք պլանավորվել, որպեսզի ցանկալի թեկնածուն դառնա տնօրեն։ Նա ասում է,ա, որ հիմնական մեխը իր հավաստագրի ժամկետն է, շատ լավ հաշվարկել էին, որ մայիսի 25-ին լրանալու է իր՝ տնօրենի հավասատագրի ժամկետը և չի կարողանա մասնակցել մյուս մրցույթին։

Նա հույսեր են կապում դատարանի հետ՝ նշելով․ «Ասում են՝ Հայաստանում դատական համակարգն արդար է և քաղաքականացված չէ, փորձենք դատարանում վիճարկել ու հաղթել»։

Նշենք, որ Արմինե Գևորգյանը դաշնակցական է, թեև հավաստիացնում է, որ վերջին քաղաքական գործընթացին ընդհանրապես չի մասնակցել, քանի որ զբաղված է եղել դպրոցաշինությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031