Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան․ «44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում պետք է ներգարվվեն արտախորհրդարանական ուժերը»

Հուլիս 26,2021 20:00

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ։ Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը, որը ԱԺ նախագահի թեկնածուն է, լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց, թե ինչ են քննարկել վարչապետի պաշտոնակատարի հետ։ Ըստ Ալեն Սիմոնյանի,  նախ քննարկել են  գալիք աշխատանքը, ԱԺ -կառավարություն համագործակցությունը։ Սահմանային իրավիճակ քննարկում չի եղել։ Սա հայտարարեց Սիմոնյանը։

Նա ասաց, որ իշխող ուժն  արդեն որոշել է՝ ստեղծվելու է ԱԺ  քննիչ հանձնաժողով, որը պետք է քննի 44 օրյա պատերազմին առնչվող հարցերը։ ՔՊ-ն մտադիր է այդ հանձնաժողովում ներգրավել արտախորհրդարանական ընդդիմությանը։

«Փորձենք հասկանալ՝ օրենսդրական ի՞նչ լուծումներ ենք տալիս, որպեսզի արտախորհրդարանական ուժերը ներառված լինեն քննիչ հանձնաժողովում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Թե որոնք են այդ ուժերը, Սիմոնյանն ասաց, որ  դրա   հավակնորդներ  կարելի է համարել այն ուժերին կամ  այն ֆորմատը, որը Նիկոլ Փաշինյանը  նախաձեռնել է, եւ արդեն մեկ-երկու անգամ հանդիպել է այդ ուժերի հետ։

Հարցին՝ կան կարծիքներ, որ այդ հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ լինեն, քանի որ այն ղեկավարվելու է իշխող ուժի կողմից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ՀՀ ժողովուրդն այդ բոլոր հարցերի պատասխանն հունիսի 20-ին՝ արտահերթ ընտրությունների օրը տվել է․« ՀՀ ժողովրդի որոշումը քննարկել, կարծում եմ, որեւիցե մեկն այլեւս չի համարձակվի»։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ 7-րդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հետագա պաշտոնավարմանը․«Այս պահին որեւիցե բան չեմ կարող ասել, երկուսն էլ  ՔՊ հիմնադիր անդամներ են, վարչության անդամներ են եւ շարունակելու են իրենց գործունեությունը կուսակցությունում»։

ԱԺ-ում ստեղծվող հանձնաժողովները ղեկավարելու մասին էլ Սիմոնյանն ասաց․«Մենք ունենք նախընտրած հանձնաժողովներ, բայց սպասում ենք մեր գործընկերների հետ  հանդիպմանը, որպեսզի քննարկենք։ Ըստ օրենքի, հերթականությամբ ենք ընտրելու, այսինքն՝ երկու հատ ընտրում ենք մենք, երրորդը՝ երկրորդ  տեղը զբաղեցրած դաշինքը, հետո նորից երկուսը մենք ենք ընտրում։ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ունենալու հանձնաժողովի ղեկավար, կունենա հանձնաժողովի նախագահի տեղակալ»։

Ժամանակին իշխող ուժը խոսում էր ԱԺ մեկ փոխնախագահի պաշտոնն էլ «Պատիվ ունեմ»-ին տալ, այս մասին Ալեն Սիմոնյանի կարծիքը չի փոխվել․«Որպես ընդդիմադիր, «Պատիվ ունեմ»-ն ունենալու է մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալ, եւ փաստացի, ԱԺ խորհրդում ներկայացված է լինելու ընդամենը մեկ ներկայացուցչով՝ խմբակցության ղեկավարով, եւ ես կարծում եմ ՝ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար մենք կարող ենք քննարկենք այդ հարցը՝  այս անգամ այդ հնարավորությունը տալ երրորդ խմբակցությանը»։

Եթե «Պատիվ ունեմ»-ը թեկնածու չառաջադրի, եւ այդ դեպքում «Հայաստան» դաշինքը առաջադրի, արդյոք ԱԺ մեծամասնությունը կհամաձայնվի, այս հարցին ի պատասխան էլ Ալեն Սիմոնյանն ասաց՝  կապված է իրավիճակից եւ թեկնածուից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031