Լրահոս
Օրվա լրահոսը

Փարամազյանի պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին հորդորել են իր մեջ ուժ գտնել ու ինքնաբացարկ հայտնել, քանի որ «կաշկանդված դատավորներից» է

Հուլիս 26,2021 19:20

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։ Նրա կալանավորման դեմ Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացվել ու գործը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին: 

Հիշեցնենք, որ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել ու գլխավոր հարցը եղել է այն, թե ինչպես է այս գործը մակագրվել հենց Արմեն Դանիելյանին.

«Մենք բարձրացրեցինք այդ հարցը եւ ակնկալում էինք պատասխան, բայց, բնականաբար, նա ընդամենն ասաց, որ նախագահն է մակագրել ու որեւէ պատճառաբանություն չբերեց, թե ինչ իրավունքով է նախագահը մակագրել իրեն: Մենք հասկացանք, որ մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից համակարգիչները, որի միջոցով պետք է իրականացվեր մակագրումը, առգրավվել են եւ նախագահը ինքն է փաստորեն մակագրություն իրականացրել, ճիշտ է: Սա օրենքով նախատեսված չէ: Օրենքը նախատեսում է միայն մեկ դեպք՝ դա անհաղթահարելի ուժն է, որի պայմաններում նախագահը իրավունք ունի իրականացնել մակագրություն: Սա չի կարող համարվել անհաղթահարելի ուժ, որովհետեւ համակարգը շատ արագ հնարավոր էր վերականգնել եւ մակագրությունն իրականացնել օրենքով սահմանված կարգով: Մենք հարց ենք բարձրացրել, որ սա լրջագույն խնդիր է, գործադիր մարմինը ուղիղ ազդեցություն է գործադրում դատական իշխանության նկատմամբ: Փաստորեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտն է իրականացրել, ա՛յն դեպարտամենտը, որի միջնորդությամբ Մանվել Փարամազյանը կալանավորված է ու որը քննում է նրա վերաբերյալ գործը»:

Լուսինե Սահակյանն ասաց, որ դատավորը ինքը պետք է պարզեր, թե ինչպես է մակագրություն իրականացվել, որից հետո նոր կարող էր այս դատական նիստը հրավիրել, բայց դա չի արել. «Մենք գիտենք, թե Արմեն Դանիելյանն ով է: Այն դատավորն է, որը տարիներ շարունակ վատագույն դատավորն է ճանաչվում եւ երեւի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանության համար ցանկացած պատվեր իրականացնողն է: Ուստի մենք խնդրել ենք նրան, որ եթե իր մեջ ընդհանրապես ուժ ունի, ինքնաբացարկ հայտնի եւ այդպիսի որոշում կայացնի»:

Պաշտպանական կողմը մարտավարություն է մշակել, որ եթե Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնի, իրենք չեն մասնակցելու դատական նիստին «Մենք իհարկե, բազմաթիվ հարցեր ունեինք դատարանի առջեւ բարձրացնելու, բայց մենք չենք կարող ձեւականությունների հետեւից ընկնել, ուստի մենք խնդրել ենք դասարանին, հիմնավորել ենք նախկինում կայացրած որոշումներով, որ ինքը անկաշկանդ գործել չի կարող ու խնդրել ենք մեզ տալ հնարավորություն դատարանում գոնե թե օրենքով սահմանված կարգով քննել այս հարցը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031