Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունում ենք, որ Դավիթ Գրիգորյանը հարցազրույց տվել է, բայց մենք չենք հաստատում, որ վերարտադրությունը բառացի է». Սիրանույշ Սահակյանը՝ ԲԴԽ նիստին

Հուլիս 26,2021 18:44

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հուլիսի 26-ին շարունակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հարցի քննարկումը:

Միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Իբրեւ հիմք՝ նախարարը ներկայացրել էր 2021 թվականի մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ: Այդ հարցազրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը, Դավիթ Գրիգորյանն ասել էր. «Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել՝ որոշակիության հետ կապված»: Իսկ մեղադրանքի վերաորակման հնարավորության մասին էլ ասել էր, որ դա հնարավոր է միայն քրեական դատավարության 309.1 հոդվածի սահմանված հիմքով:

ԲԴԽ նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը փաստեց՝ նախորդ նիստն ընդհատվել էր հարցերի փուլում, և հարցեր տալու հերթն արդարադատության նախարարության ներկայացուցիչներինն է: Գագիկ Ջհանգիրյանը նաև նշեց՝ նախորդ նիստն ընդմիջվել էր լրացուցիչ ապացույցներ պահանջելու հիմքով armdaily.am-ից, սակայն ծանուցման  նամակը վերադարձել է՝ չպահանջված նշումով, ինչը ենթադրում է, որ ծանուցումը տեղ չի հասել:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Դավիթ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ հարցազրույց տալիս հաշվի առե՞լ եք՝ ինչ գործընթացներ են ընթանում: Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն արձագանքեց. «Այդ հանգամանքը ենթակա է պարզման արդարադատության նախարարության կողմից, քանի որ ապացուցելու պարտականությունը ձեզ վրա է, պետք է նախ հասկանալ, թե հարցազրույցն ինչ շրջանակում է իրականացվել, ինչ հարցադրումներ են արվել… մենք ընդունում ենք, որ պարոն Գրիգորյանը հարցազրույց տվել է, բայց մենք չենք հաստատում, որ վերարտադրությունը բառացի է, ավելին, հարցազրույցը սկսվում է պարոն Գրիգորյանի պատասխանով: Մենք հասկանում ենք, որ հեռախոսային պատասխանն իր նախաձեռնությամբ Դավիթ Գրիգորյանը չի սկսում, դասախոսություն չի կարդում. եղել է հարցադրում-նախաբան, որին ի պատասխան արտահայտվել է: Իսկ այդ նախաբանը տեքստից բացակայում է: Սա վկայություն է՝ տեքստն ամբողջությամբ վերարտադրություն չէ, իսկ քանի որ ինքներս չենք ձայնագրել խոսակցությունը, չենք կարող լսելու միջոցով թարմացնել մեր հիշողությունը»:

Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ հարցազրույցում հայտնած դիրքորոշումները Դավիթ Գրիգորյանը շարունակո՞ւմ է պնդել, Դավիթ Գրիգորյանը դրական պատասխանեց: Սուրեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Դավիթ Գրիգորյանը հարցազրույց տալիս հասկացե՞լ է, որ դիրքորոշում է հայտնում դեռևս քննվող գործով, թե՞ մտածում էր, որ լրագրողը քրեական իրավունքի հետ կապված նրան ընդհանուր բնույթի հարցադրումներ էր անում: Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Մենք հասկացել ենք, որ ՀՀ-ում կան շատ կարևոր իրավական հարցադրումներ, որոնց առնչությամբ ՍԴ-ն որոշում է կայացրել, և այդ գործի շրջանակով իրավունքի սկզբունքի առնչությամբ Դավիթ Գրիգորյանից դիրքորոշում է ձեռք բերվել: ՍԴ-ն որոշակի հարցերի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել, դրան հարակից հարցեր են ի հայտ եկել: Կարող էր նույն հաջողությամբ խորհրդարանն ապաքրեականացնել քրեական օրենսգրքի որևէ հոդված, և լրագրողը զանգեր, հարցներ՝ ապաքրեականացված հոդվածի վերաբերյալ կարո՞ղ եք խոսել: Կարող էր Դավիթ Գրիգորյանն ասել՝ ապաքրեականացումը  նույն բանն է, ինչ չկա օրենք, չկա պատասխանատվություն, ի՞նչ է՝ այս պարագայում կարող է ընկալում ձևավորվեր, որ պարոն Գրիգորյանը միջամտում է ՀՀ բոլոր այն դատավորների գործունեությանը, որոնք կարող են ապաքրեականացված քրեական հոդվածների վերաբերյալ ակտ ընդունե՞լ»:

Սուրեն Գրիգորյանի հարցադրումների առիթով Դավիթ Գրիգորյանն ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ-ում ՍԴ-ն ամեն օր կամ ամիսը մեկ քրեական օրենսգրքի դրույթներից հակասահմանադրական է ճանաչում: Անկախ ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ է, որ նման որոշում է կայացրել ՍԴ-ն»:

Հարցերի ավարտից հետո ԲԴԽ-ն դատական նիստն ավարտեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին՝ ժամը 15:00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031