Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննարկում էր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Այս մասին միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը, որը քննության համար հիմք էր ներկայացրել այս տարվա մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում պատասխանելով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին հարցին, Դավիթ Գրիգորյանն ասել էր. «Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել՝ որոշակիության հետ կապված»: Իսկ մեղադրանքի վերաորակման հնարավորության մասին հարցին պատասխան էլ դատավորն այդ հարցազրույցում ասել էր՝ դա հնարավոր է միայն քրեական դատավարության 309.1 հոդվածի սահմանված հիմքով:
Այսօրվա նիստում ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հարց ուղղեց՝ ընդունո՞ւմ եք, որ հարցազրույցում խոսքերի հեղինակը դուք եք։
Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը պատասխանեց՝ մենք ընդունում ենք, որ հարցազրույց տվել է, բայց մենք չենք հաստատում, որ վերարտադրությունը բառացի է, ավելին՝ հարցազրույցը սկսվում է պատասխանով․«Մենք բոլորս հասկանում ենք, որ հեռախոսազանգին պատասխանելով, իր նախաձեռնությամբ, պարոն Գրիգորյանը չի սկսում դասախոսություն կարդալ, նշանակում է՝ եղել է հարցադրում, նախաբան, որին ի պատասխան արտահայտվել է Դավիթ Գրիգորյանը, որը տեքստից բացակայում է։ Սա վկայում է, որոշ տեքստն ամբողջական վկայություն չէ, իսկ քանի տոկոսով է բառացիորեն վերարտադրվել պարոն Գրիգորյանի խոսքը, մենք չենք կարող ասել, որովհետեւ որոշակի ժամանակ է անցել, եւ մենք չենք ձայնագրել խոսակցությունը»։
Պարոն Խաչատուրյանը մեկ այլ հարց ուղղեց՝ ձայնագրության վերարտադրման ճշգրտությունը ինչքանո՞վ կարող է փոխել էությունը Դավիթ Գրիգորյանի խոսքի։
Կարդացեք նաև
Ի պատասխան տիկին Սահակյանն ասաց՝ Էությունը վստահ, որ իրավունքի սկզբունքի մեկնաբանության մասին խոսել է, այդ առումով էական փոփոխություններ չեն կարող լինել, որովհետեւ խոսել են, թե ինչ է նշանակում «չկա պատիժ առանց օրենքով նախատեսված լինելու» սկզբունքի մասին, եւ խոսվել է գոյություն չունեցողը վերաորակելու, վերափոխելու ինստիտուտի մասին, իսկ մնացածը՝ նախադասությունները կրճատված են, հաջորդականությունը ճիշտ է պահպանված, հարցադրումը ճշգրիտ է, թե՝ ոչ, դա չենք կարող ասել որովհետեւ նախ մեջբերումն է բացակայում, բովանդակային առումով՝ թեմատիկան պահպանված է։
Արդյոք ընդունում եք, որ դիրքորոշում եք հայտնել անկախ նրանից, թե բառացի է ձեւակերպված հարցազրույցը, թե ոչ, մեկ այլ դատավորի կողմից դեռեւս քննվող գործով, թե՞ կարծում եք՝ քանի որ ՍԴ որոշումից հետո հնարավոր էր միայն մեկ լուծում տալ, հետեւաբար, կարելի էր համարել, որ, ըստ էության, քննությունն ավարտված է։ Այս հարցին էլ պատասխանեց տիկին Սահակյանը։ Նա ասաց՝ հարցադրումը սկզբում այլ է եղել եւ այն չէր կարող հնարավորություն տալ հասկանալու, թե կոնկրետ պատասխանը կազդի ընթացող գործի ելքի վրա, երբ առհասարակ, որ դա կարող է մի քննության ենթակա հարցերի շրջանակին առնչվել․«Իսկ իրավունքի սկզբունքի տեսանկյունից, կան սկզբունքներ, որոնք ունիվերսալ են եւ ցանկացած դատավորի կարող են առնչվել։ Բայց մեր գնահատմամբ դա դեռեւս դատավորի կարծիքը կաշկանդող արտահայտություններ չեն։ Եթե հարցադրումների խրոնոլոգիան նայեք, կնկատեք որ դատավոր Դանիբեկյանի առնչությամբ որեւէ նշում չկա, եւ դա եղել է վերջին հարցադրումը, որտեղ որ արդեն անվանականություն է ձեռք բերել, ինչը հնարավորություն է տվել պարոն Գրիգորյանին հասկանալու, որ այլ ուղղորդում ունի, այդ կետից խուսափել է հարցերին պատասխանել»։
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցին՝ հարցազրույցում տեսական, իրավական դիրքորոշումներն ու գնահատականները ձե՞րն են, թե ոչ, եւ դուք այսօր պաշտապանո՞ւմ եք ձեր այդ արտահայտած տեսական, իրավական դիրքորոշումները, Դավիթ Գրիգորյանը պատասխանեց՝ այո։
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ այսինքն, Դավիթ Գրիգորյանը ենթադրել է, որ լրատվամիջոցը, որի առաքելությունը ընթացիկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանումն է, ուղղակի լրագրողին հետաքրքրել է, թե ուղղակի մեղադրանքի փոփոխությունը ինչպե՞ս կարող է լինել։
Սիրանուշ Սահակյանն ի պատասխան այս հարցի, ասաց՝ քանի որ ՍԴ-ն որոշակի հարցերի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել, դրան հարակից հարցեր են եղել․«Կարող է նույն հաջողությամբ խորհրդարանը ապաքրեականացնել Քրեական օրենսգրքի որեւէ հոդված եւ լրագրողը զանգահարեր պարոն Գրիգորյանին եւ հարցնել՝ պարոն Գրիգորյան, ապաքրեականացված հոդվածի պարագայում կարո՞ղ ենք խոսել պատասխանատվության հնարավորության մասին։ Եւ պարոն Գրիգորյանը պատասխաներ՝ ապաքրեականացումը հավասար է՝ «չկա օրենք, չկա պատասխանատվություն։ Այս պարագայում կարող է ընկալում ձևավորվել, որ պարոն Գրիգորյանը միջամտում է ՀՀ բոլոր այն դատավորների գործունեությանը, որոնք կարող են ապաքրեականացված հոդվածների առնչությամբ գործեր քննել կամ համաներման ակտ լինի ու լրագրողը հետաքրքրվի համաներման ակտի կիրառման առանձնահատկությունների մասին եւ Գրիգորյանն էլ տեսական պատասխանի ու ստացվի, որ դատավորը միջամտում է դատարանների կողմից արդարադատության իրականացմանը։
Սուրեն Գրիգորյանն էլ նշեց՝ ձեր ներկայացրած օրինակները հանրային հետաքրքրություն են ներկայացնում,ՍԴ-ն բազմաթիվ որոշումներ է կայացնում, այսինքն, ՍԴ ցանկացած որոշման մասին կարո՞ղ է զանգ լինել եւ նման հարցերի պատասխանե՞լ։
Այսքանով ավարտվեց այսօրվա նիստը, այն, ինչպես որ նախորդ անգամ էր, հետաձգվեց։ Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ նախորդ նիստը հետաձգվել էր լրատվական կայքից համապատասխան ձայնագրություն ստանալու ակնկալիքով․«մենք ստացել ենք «չպահանջված» նմուշով վերադարձ ծանուցման։ Խորհուրդը որոշել է այս նիստը եւս հետաձգել, որպեսզի կարողանանք պատշաճ ծանուցում իրականացնել կայքին, հուսամ մեր պահանջված ապացույցը կունենանք եւ նաեւ կտրամադրենք կողմերին»։ Այս անգամ լրատվամիջոցին ծանուցումն իրականացվելու է հարկադիր կատարման միջոցով։
Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 5-ն, ժամը 15:00-ին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ