«Հակամարտության չլսված ձայները (Never Such Innocence)՝ պատմություններ ամբողջ աշխարհից» խորագրով 2020/21թթ․-ի միջազգային մրցույթում դիլիջանցի փոքրիկը՝ Աննա Անտոնյանը, հաղթող է ճանաչվել «Նկարչություն» կատեգորիայի 9-11 տարեկանների տարիքային խմբում։
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում այսօր տեղի ունեցավ մրցույթին մասնակցած հայ երիտասարդների ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ մրցույթին այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև Հայաստանի արվեստագետ փոքրիկները և մեր երկրից ներկայացվել էր 111 ստեղծագործություն։
99 մասնակից երկրների մասնակցությամբ մրցույթին Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի աշակերտուհի Աննա Անտոնյանը հաղթող է ճանաչվել 9-11 տարեկանների տարիքային խմբում։
Կարդացեք նաև
«Հակամարտության չլսված ձայներ» 2020/21թթ. մրցույթն իրականացվել է «Never Such Innocence»-ի կողմից, որը Միացյալ Թագավորությունում հիմնված և գործող բարեգործական հիմնադրամ է և նպատակ ունի լսելի դարձնել աշխարհասփյուռ երեխաների ու երիտասարդների ձայները հակամարտությունների թեմայի շուրջ ՝ արվեստի տարբեր ճյուղերի միջոցով։
Հովհաննիսյանի խոսքով այս տարի հայ մասնակիցների համար մրցույթը հասանելի դարձավ «Scholae Mundi» հիմնադրամի, Դիլիջանի համայնքային կենտրոնի և «Never Such Innocence» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ։
IDeA հիմնադրամների համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը ցուցահանդեսի իր բացման խոսքում նշեց Դիլիջանում արվեստի զարգացման կարևորության և քաղաքը նորից արվեստի կենտրոն դարձնելու տեսլականի մասին․
«Այս փոքրիկ աղջնակի հաղթանակը նման մրցույթում ապացույցն է նրան, որ այս փոքրիկ քաղաքը թույլ է տալիս հավատալ, որ մոտ ժամանակներում Դիլիջանը կարող է նորից լինել արվեստի կենտրոն, քանի որ այս քաղաքը բազմաթիվ աշխարհահռչակ արվեստագետների է ընդունել։
Այսօր էլ բոլորս տեսնում ենք, թե ինչպես է Դիլիջանը վերածնվում և դառնում մշակույթի կենտրոն, սակայն շատ կարևոր է, որ դա իրագործելու համար ոչ միայն դրսից եկած անհատները աշխատանք կատարեն, այլ առաջին հերթին տեղացիները հավատան և փոխեն իրենց քաղաքը»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ