Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ցանկացած գնով լռեցնելու հրահանգ կա․ շարունակում եմ պահանջել բացահայտել Հադրութի հանձնումը»․ Մանախ

Հուլիս 26,2021 17:13

«Այո, համարում եմ քաղաքական հետապնդում, թեեւ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Սակայն քաղաքականությունն է ինձանով զբաղվում՝ սկսելով նման լկտի դրսեւորումներ ստանալ։ Ինձ պարբերաբար բերման են ենթարկում, փակում։ Սա է իրականությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց 2020թ․-ի պատերազմի մասնակից Արթուր Այվազյանը (Մանախ)։

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանն օրերս կալանքից ազատ է արձակվել։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2021թ.հունիսին նա «ֆեյսբուքում» ուղիղ եթերով անդրադառնալով ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և այն անձանց հասցեներին, ովքեր 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարած կուսակցության օգտին՝ այս կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հնչեցնելով նշյալ անձանց եւ անձանց շրջանակի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ։

Այվազյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ իր հանդեպ հետապնդման պատճառն իր կողմից հետպատերազմյան շրջանում խնդիրների բարձրաձայնումն է եւ մասնավորապես այն փաստը, որ լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆիլմում ինքը փաստերով խոսել է Հադրութն ու Շուշին դիտավորյալ թշնամուն հանձնելու մասին։

«Այդ ֆիլմով ընդհանրացվեց այն ամենը, ինչի մասին ես ասում էի ողջ հետպատերազմյան փուլում։ Համաժողովրդական թմբիրի պայմաններում ես չեմ հրաժարվել իմ դիրքորոշումից։ Չեմ բացառում, որ անգամ ֆիզիկական ոչնչացման քայլին գնան, որովհետեւ ինձ ցանկացած գնով լռեցնելու հրահանգ է տված։ Չի ստացվել եւ չի ստացվելու։ Ես քաղաքացի եմ եւ ազատամարտիկ, որը պահանջում է բացահայտել Հադրութի հանձնումը»,-նշեց Արթուր Այվազյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031