Լրահոս
Օրվա լրահոսը

«Գանձերի վրա նստած` զբաղված ենք եղել մշակույթի լավ կամ վատ մենեջմենթով». Դավիթ Մաթեւոսյան

Հուլիս 26,2021 15:56

ՀՀ Ազգային ժողովի վերջերս կայացած ընտրություններում նախընտրական քարոզարշավի 25 մասնակիցներից միայն 10 կուսակցությունների և դաշինքների ծրագրերում հիշատակվել է մշակույթ բառը: Եվ միայն 2-ի մոտ են նշված եղել այդ ծրագրերը կյանքի կոչելու մեխանիզմները: Ինչպե՞ս պահպանել և զարգացնել ազգային մշակույթը:

«Ես ազգային մշակույթը փրկելու ձեւը չգիտեմ, ես գիտեմ կործանելու ձեւը»,-կես կատակ-կես լուրջ «Sputnik Արմենիայի» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:

«Ինչքան շատ ենք նման բառեր օգտագործում` ազգային մշակույթ, ազգային մշակույթ կրող ազգ, պարտավորություն եւ այլն, այդքան հեռու ենք կանգնում կոնկրետ խնդրի լուծումից: Վերջիվերջո, ի՞նչ է ազգային մշակույթը…Ըստ իս, դա առաջին հերթին մարդն է: Ճապոնիայում կա միան մի կոչում` ազգային արժեք, որը տրվում է այն մարդուն, որը ստեղծում է ազգային արժեք: Առանց մարդ, ինքն իրեն որեւէ բան չի ստեղծվում: Այլապես վեպը կգրվեր` անկախ նրանից, թե ով է գրողը, տաճարը կկառուցվեր, երաժշտությունը կգրվեր…Բայց մարդն է ազգային արժեքը…Օրինակ, Հրանտ Մաթեւոսյանն էր ազգային արժեք, որը ստեղծեց ազգային մշակույթ»,-ասաց պարոն Բաբայանը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը հիշեցրեց, որ նախընտրական շրջանում ամեն ինչի մասին խոսվել է, բացի մշակույթից. «Ես չեմ տեսել որեւէ բանավեճ, որտեղ խոսվի այն մասին, թե ինչպես են տեսնում մշակույթը…Ի դեպ, ես հատուկ նայել եմ կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերը»:

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ այլ կերպ է ցանկանում քաղաքական կուսակցությունների ծրագրերում մշակույթի ընդգրկվածությանն անդրադառնալ: Ընդգծեց, որ իրականում պետք էր շնորհակալ լինել, որ մնացած 10 կուսակցությունները ոչ մի բան չգրեին մշակույթի մասին. «Ես քանի անգամ ներկա եմ եղել կամ վկայություն եմ լսել, թե ինչպես է դա գրվում կամ արվում: Դա ֆորմալ, պայմանական մի բան է, ըստ ոլորտների` թռչնակներ դնելով աղյուսակ լրացնելու մոտեցում է»:

Դավիթ Մաթեւոսյանը փաստեց, որ մեր երկրում չի արվում մշակույթը բարձր տեղում դնելու, վերադասելու եւ համապետական ամբողջ քաղաքականությունը դրան ենթարկելու ոչ մի քայլ : Նրա ձեւակերպմամբ, չեն արժեւորվում մշակույթը, չեն գիտակցվում ու հասկացվում կրթությունն ու գիտությունը` արդեն տասնամյակներ շարունակ, այլապես Հայաստանում հաստատված կլիներ այն, այն ինչ վաղուց առկա է շատ երկրներում. «Գոյություն ունի կանոն, որը սահմանվում է այն ժամանակ, երբ երկիրը, քաղաքակրթությունը, միջավայրը հասկանում է, տարորոշում է իր համար, թե այս կամ այն գործիչը, այս կամ այն մշակութային ժամանակաշրջանը ինչ չափորոշիչներով է ձեւավորվել:

Անգամ Ռենեսանսում, որ ամենաբարձր մշակույթի համարումն ունի ամբողջ աշխարհում, գիտակցված ձեւով հասկացվում է, թե որ գործչի, նկարչի, քանդակագործի, գրողի տեղը որտեղ է, որ աստիճանակարգով են դասվում: Մեզ մոտ դա ոչ միայն չկա, այլեւ փորձ էլ չի արվել համակարգելու այդ ամենը: Այո, ճանաչել են, որ կա Նարեկացի` շատ հաճախ դրսի հուշումով, ճանաչել են, որ կա Քուչակ, Մաթեւոսյան, Թումանյան, բայց մնացածը, համակարգը չի եղել: Ուստի ունենք այն, ինչ ունենք: Գանձերի վրա նստած` մինչեւ այսօր զբաղված ենք եղել մշակույթի լավ կամ վատ մենեջմենթով, բայց ոչ երբեք քաղաքականությամբ: Եվ այդ մենեջմենթը մեզ ժառանգվել է Խորհրդային Միության կառավարման համակարգից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031