Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության. ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը

Հուլիս 26,2021 15:41

Հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հրապարակեց խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդության վերաբերյալ խորհրդի որոշումը (նախագահող՝ Գագիկ Ջհանգիրյան):

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց. «ԲԴԽ-ն, դռնբաց նիստում քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու մասին մայիսի 12-ի որոշումն ու փաստաթղթերը, որոշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը նաև նշեց. «ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի նախագահի և անդամների կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ ի վերջո՝ մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնում է խորհուրդը: Սակայն օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները խախտված լինելու պատճառով ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»:

Նշենք՝ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031