Այս պահին կորոնավիրուսի Դելտա շտամի սեկվենավորված նմուշ չունենք, բայց, իհարկե, Հայաստանում էլ շրջանառվում է այս շտամը։ Այսօր այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նա ասաց, որ այս շտամը Հայաստանում շրջանառվում է, քանի որ ՌԴ-ի եւ Վրաստանի հետ մեր օդային սահմանները բաց են, իսկ այդ երկրներում կորոնավիրուսի Դելտա շտամը մեծամասնություն է կազմում։
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի իրավիճակին, տիկին Ավանեսյանն ասաց, որ նոր դեպքերի մի փոքր աճ է գրանցվում, աճը կտրուկ չէ, աստիճանական է, բայց առաջիկայում, հատկապես աշնան առաջին կեսին, նոր ալիքի վտանգ կա։
Առողջապահական համակարգը դեռ շարունակում է լարված աշխատել, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի բնակչության 40-50%-ը պատվաստվի, եւ բնակչությունն ավելի անվտանգ միջավայրում լինի։ Նա ասաց, որ մի շարք երկրներ քովիդի դեմ պատվաստումների 50%-ն անցել են։
Կարդացեք նաև
Նուբար Աֆեյանի հետ հանդիպման մասին էլ տիկին Ավանեսյանն ասաց՝ արդյունավետ էր, քննարկել են ԱՄՆ-ի կառավարության հետ տարվող բանակցությունները՝ քովիդի դեմ «Մոդեռնա»-ի պատվաստանյութի ձեռք բերման շուրջ․ «Քննարկել ենք նաեւ, թեւ ինչ միացյալ ջանքերի մեկտեղում պետք է լինի, որ մենք ի վերջո ունենանք այդ պատվաստանյութը Հայաստանում։ Այս պահին մասնավոր ընկերությունները հանձն չեն առնում վաճառքի քաղաքականությունը, դա կառավարությունների մենաշնորհն է, եւ մենք լիահույս ենք, որ հաջողություններ կունենանք այս մասով»։
Այս պահին շրջանառության մեջ է դրվել որոշակի սահմանափակումների փաթեթ, այն օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը։
Նախարարի պաշտոնակատարի մեկնաբանմամբ՝ քանի դեռ քովիդով հիվանդացության կամ նոր դեպքերի թվերն այս պահին շատ բարձր չեն, մարդիկ մտածում են՝ լավ, մի քիչ էլ սպասենք, կգնանք հանգստանալու, կվերադառնանք, նոր կպատվաստվենք, մյուս շաբաթ կպատվաստվենք եւ այլն, եւ այսպես չեն պատվաստվում կամ հետաձգում են․ «Մենք մեր առողջության մասին հոգ տանելու մշակույթը չունենք, հոգ տանելու այն ժամանակ, երբ մենք առողջ ենք, կանխարգելիչ գործողությունների մշակույթը չունենք։ Նաեւ հակաքարոզչությունը, սուտ տեղեկատվությունն էլ ազդում է գործընթացի վրա։ Բայց վերջին երեք շաբաթների ընթացքում ունենք պատվաստվել ցանկացողների կտրուկ աճ։ Երեկվա դրությամբ պատվաստվումների թիվը 150 հազարն անցել է։ Հաջորդիվ վիճակագրությունը կունենանք, թե պատվաստվողների մեջ քանիսն են տեղացիներ, քանիսը՝ օտարերկրացիներ»։
Նա ասաց, որ խթանող գործիքներ են ներդրել, օրինակ՝ պատվաստվողները վիճակահանությամբ կունենան թատրոնների, օպերայի եւ մշակույթի այլ կենտրոններ այցելելու տոմսեր․ «Օրինակ՝ Հունաստանում երիտասարդ պատվաստվողներին փոքր դրամական փոխհատուցում են տալիս։ Տարբեր երկրներում տարբեր գործիքներ են կիրառում»։
Անահիտ Ավանեսյանն այսօր շրջայցի էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որն իր խոսքերով ասած՝ ամբողջովին կերպարանափոխվել է։ Բուժկենտրոնը վերանորոգվել է, կահավորվել եւ համալրվել նոր սարքավորումներով։ Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ բուժկենտրոնի ծննդատունն ու պոլիկլինիկան էլ ծրագրված է նույն կերպ վերանորոգել եւ վերազինել։
Կառավարության ներդրումային ծրագրով առաջինը նյարդավիրաբուժական ժամանակակից վիրահատարանն է վերանորոգվել եւ վերազինվել նոր սարքավորումներում, բացվել է կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորման նոր ծառայությունը, դիալեզի բաժանմունքը։
Հիվանդանոցի վերանորոգման եւ սարքավորումներով համալրման այս խոշոր ծրագիրը, ըստ նախարարի պաշտոնակատարի, պետական բյուջեի, միջազգային դոնորների եւ հիվանդանոցի սեփական միջոցների հաշվին է կատարվում։
«2018-2019 թվականներին բուժկենտրոնը կարողացել է այնպես վերափոխել իր վճարովի ծառայությունների եւ այլն մուտքերը, որ նաեւ նման ներդրումների հնարավորություն է ստեղծել»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ