ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ այսօր՝ հուլիսի 26-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական շփման գծի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Սոթքի ոսկու հանքի ուղղությամբ եւս կրակոցներ են հնչել։ Հիշեցնենք, որ հանքի մի մասը մնացել է նոյեմբերի իննի հայտարարությամբ Ադրբեջանին հանձնված Քարվաճառում՝ հակառակորդի վերահսկողության ներքո։ Aravot.am-ը զրուցել է Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ։
-Տիկին Գրիգորյան, խնդրում եմ տեղեկացնել՝ ի՞նչ է տեղի ունեցել հանքի ուղղությամբ, արդյոք տուժածներ կա՞ն։
-Սահմանի մի մասը, ինչպես հայտնի է, անցնում է Սոթքի հանքավայրի տարածքով։ Այս գիշեր հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել։ Հանքը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը, եւ տարհանվել են հանքի աշխատակիցները, ապահովվել է նրանց անվտանգությունը։ Այդ պահին աշխատում էր 150 մարդ։ Որեւէ մեկը չի տուժել։ Առավոտյան ամեն ինչ հանգիստ էր, եւ հանքը վերսկսել է աշխատանքը բնականոն հունով։
-Սա վերջին շրջանում տեղի ունեցած միա՞կ միջադեպն էր ադրբեջանական կողմից։
Կարդացեք նաև
-Հյուսիսային սահմանը բավականին մեծ է, բայց այն մասը, որ անցնում է հենց Սոթքի տարածքով, միայն այդ մասով կարող եմ արձանագրել։ Հեռավորության վրա կրակոցներ լսվել են, եւ ԶԼՄ-ները քանիցս գրել են այդ մասին՝ Գեղամասար, Կութ ուղղությունների մասին է խոսքը։ Իսկ այն սահմանային գոտում, որն անցնում է հանքի տարածքով, այո, առաջին անգամ էր։
-Հանքը հիմա առհասարակ մասնակի՞ է գործում։
-Ոչ, աշխատում է ողջ ծավալով՝ Հայաստանի հանրապետության տարածքում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ